13:05   02-03-2021
Ստեղծել գյուտի կարճաժամկետ արտոնագիրն արագ և քիչ ծախսերով ստանալու հնարավորություն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Արտոնագրերի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ Արտոնագրերի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը:

«Միևնույն ժամանակ օրենքից դուրս ենք հանում «օգտակար մոդել» հասկացությունը, դրա փոխարեն ներդրվում է «գյուտերի կարճաժամկետ արտոնագիր» պահպանման փաստաթղթի նոր ձևը: Գյուտերի կարճաժամկետ արտոնագիրը թույլ է տալիս առավելագույնը 10 տարի ժամկետով գրանցել գյուտը: Այս մեթոդաբանությունը համահունչ է ԵՄ և այլ երկրներին»,- ասաց Սիմոնյանը:

Loading...