10:03   03-03-2021
Իսրայելի գնահատականներով՝ իր հարյուրավոր քաղաքացիներ կարող են ռազմական հանցագործությունների հետաքննության օբյեկտ դառնալ
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի գնահատականներով՝ իր հարյուրավոր քաղաքացիներ կարող են ռազմական հանցագործությունների հետաքննության օբյեկտ դառնալ Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունը նա մերժում է: Այս մասին Reuters-ին հայտնել է պաշտպանության նախարար Բենի Հանցը:

Անցած ամիս ՄՔԴ-ը որոշել է, որ իրավասություն ունի գրավյալ Արեւմտյան ափի, Գազայի հատվածի եւ արեւելյան Երուսաղեմի նկատմամբ: Որոշումը կարող է հանգեցնել Իսրայելի ու պաղեստինցի զինյալների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ քրեական հետաքննության:

Իսրայելը դատարանի անդամ չէ ու մերժում է նրա իրավասությունը, եւ այս դիրքորոշմանը սատարում է նրա մերձավոր դաշնակից ԱՄՆ-ը: Պաղեստինցիները ողջունել են այս որոշումը՝ որպես իսրայելական հարձակումների զոհերի համար արդարության հնարավորություն:

Հանցն այս որոշումն անվանել է «բացասական իրադարձություն»: «Մենք ունենք մեր սեփական թիմերը, որոնք աշխատում են տարբեր վայրերում, որպեսզի փորձեն ազդել ՄՔԴ-ի վրա»:

Հանցը զինված ուժերի շտաբի պետ է եղել 2014-ին Գազայի հատվածում Իսրայելի ու գրոհայինների միջեւ պատերազմի ժամանակ: ՄՔԴ-ն այս հակամարտությունը ճանաչել է որպես պոտենցիալ խնդիր, որը պահանջում է հետաքննություն:

Reuters-ի այն հարցին, թե քանի իսրայելցու, այդ թվում` իրեն, կարող է ձերբակալություն սպառնալ, Հանցը պատասխանել է. «Կարծում եմ` մի քանի հարյուր, բայց մենք բոլորի մասին հոգ կտանենք»: Հանցը դա անվանել է «գնահատական»՝ հրաժարվելով ասել, թե արդյոք Իսրայելը կազմել է պաշտոնատար անձանց ցուցակը: Նրա խոսքով՝ Իսրայելը իրավաբանական օգնություն կտրամադրի ներգրավված բոլոր իսրայելցիներին եւ անհրաժեշտության դեպքում կզգուշացնի նրանց:

Գրում է News.am -ը:

Loading...