11:08   03-03-2021
Image Description
Խնդրում եմ չշփոթել, սա գլխավոր դատախազի և ՄԻՊ-ի տարեկան զեկույց չէ. ԲԴԽ նախագահը՝ պատգամավորներին
Թողնել մեկնաբանություն

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց, թե ինքը՝ որպես ԲԴԽ նախագահ, ԲԴԽ-ն ու դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին: Վարդազարյանը նշեց, թե ինքն ԱԺ է եկել Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնող թեկնածուներին ներկայացնելու համար:

«Հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ներկայացել եմ ԱԺ: Խնդրում եմ չշփոթել, սա գլխավոր դատախազի և ՄԻՊ-ի տարեկան զեկույց չէ»,- ասաց Վարդազարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ ԲԴԽ նախագահի 2020 թ. նոյեմբերի 15-ի հայտարարության մասին հարցին:

«Ձեր հայտարարության հրապարակման օրը ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի խափանման միջոցի դատական նիստի օրն էր: Նման զուգադիպությունները մեզ թույլ չեն տալիս որպես քաղաքական գործիչների, ընդհանրապես որպես բանական մարդու, չմտածել, որ ձեր կոչը քաղաքական էր: Ուզում եմ հարցնել՝ էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ ձեր հայտարարությունը քաղաքական էր»,- հարցրեց Հովհաննիսյանը:

Վարդազարյանի պատասխանը, սակայն, հարուցեց պատգամավորների դժգոհությունը: «Ես ձեզ կոչ եմ անում չսահմանափակել պատգամավորների հարց տալու իրավունքը»,- հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե Վարդազարյանն իր պատասխանով ըստ էության չհերքեց, որ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական էր:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ ասվում էր. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Loading...