13:43   06-03-2021
Եվս մեկ դեմոկրատ կոնգրեսական հայց է ներկայացրել Թրամփի դեմ Կապիտոլիումի գրոհի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Եվս մեկ դեմոկրատ կոնգրեսական՝ Էրիկ Սուոլուելը, դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա աջակիցների դեմ հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios-ին:

Պարբերականի տվյալներով՝ բացի Թրամփից հայց է ներկայացվել նաեւ նրա փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի, Դոնալդ Թրամփ կրտսերի եւ հանրապետական կոնգրեսական Մորիս Բրուքսի դեմ: Սուոլուելը պնդում է, որ վերջիններս ուժի եւ սպառնալիքի միջոցով գործողություններ են ձեռնարկել, որպեսզի խոչընդոտեն նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակմանը:

Axios-ի հաղորդմամբ՝ հայցում պահանջ է պարունակվում դրամական փոխհատուցում վճարելու մասին, սակայն գումարի չափը չի նշվում:

Փետրվարի կեսերին ամերիկացի կոնգրեսական Բենի Թոմփսոնը նմանատիպ հայց է ներկայացրել, որում նախկին նախագահին եւ նրա փաստաբան Ջուլիանիին մեղադրել է Վաշինգտոնում հունվարի 6-ին անկարգություններ հրահրելու նպատակով ուլտրաաջ կազմակերպությունների հետ  դավադրության մեջ: 

Loading...