«Ես որ գնում եմ Ջավախք և հասնում Կարծախ, մի երազանքով եմ գնում. մտնեմ մեր հին տունը, մի հատ մածուն ուտեմ, պապիս հոտն առնեմ, դուրս գամ: Էդ էնքան է ձգում. ձեռքս էսպես դնում եմ ներսի պատի քարերին, ասում եմ՝ ըհը, ջերմություն է գալիս… Հավատացե՛ք, շատ մեծ ջերմություն և հպարտություն եմ զգում, մեջս ինչ-որ լիցքեր են առաջանում, հետ եմ գալիս և ավելի մեծ հաջողություններ են դիմացս դուրս գալիս…»:
Հայ մեծահամբավ աշուղ Ջիվանին ունեցել է վեց զավակ՝ երկու աղջիկ (Հռիփսիմե, Արաքսի) և չորս արու զավակ (Գարեգին, Պարույր, Գուրգեն, Լևոն): Ջիվանու գերդաստանից սերել են մեծանուն գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, արվեստագետ-երաժշտագետներ: Բոլորին է հայտնի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանի (1872 - 1947) անունը, իսկ Պարույր Լևոնյանը (1883-1934) Հայաստանի առաջին հանրապետության շրջանում հանդիսացել է Ալեքսանդրապոլի վերջին քաղաքագլուխը (1920 թ. հունիս 16 - նոյեմբերի 7):
Մեծ փիլիսոփայի 170-ամյակին (1846-2016) ընդառաջ Ջիվանու գերդաստանի, աշուղի ժառանգների, թոռների և ծոռների ճակատագրերի մասին զրուցում ենք աշուղի Հռիփսիմե դստեր թոռան (Հռիփսիմեի որդու՝ Դիզբեկի տղայի)՝ Ջիվան Հակոբյանի հետ: