20:20   29-03-2021
Հայ եկեղեցու և Սուրբ վարդապետների կարևորագույն առաքելությունը կրթության ազատագրումը, ազատականացումն էր
Թողնել մեկնաբանություն

Կրթությունը հանրային կյանքի առողջության
հիմքն է: Կրթությունը միայն գիտելիքը չէ. բազմաշերտ է, նպատակը՝ առաքինի մարդ դաստիարակելը:
Սա մեր եկեղեցու մտածողությունն է, և եթե սա չէ կրթության առանցքում, այն կարող է նաև
չարիքի վերածվել: Կորյուն վարդապետն իր «Վարք Մաշտոցի» գրքում կրթության մասին մեզ
հրաշալի դատողություններ է ժառանգել. կրթությունը ազատագրության մասին է և ,այո, առաքինի
մարդը ազատ, ազատագրած մարդն է: «Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին…». Կորյունի
այս բնորոշումը՝ աստվածապարգև, բարձրագույն աստիճանն է, որ կարող էր տրվել գրերին.
այլ ազգերում գրի հանդեպ նման վկայություն, վերաբերմունք չկա: Այսպիսով շեշտվում է
գրի, կրթության բարձրագույն արժեք լինելը: Կորյուն վարդապետը Մաշտոցին համեմատում է
Մովսես մարգարեի հետ. պատահական համեմատություն չէ: Մովսես Մարգարեն Իսրայելի ժողովրդին
առաջնորդողն էր, գերությունից ազատագրողը, նյութականից հոգևոր բարձունքներ՝ դեպի Ավետյաց
երկիր տանողը: Հայոց գրերը ազատագրության խորհուրդն ունեին. եթե նախաքրիստոնեական շրջանում
կրթությունը ազնվականների համար էր, ապա քրիստոնեության ընդունումից հետո կրթությունն
անխտիր բոլոր համար էր. Հայ եկեղեցու և Սուրբ վարդապետների կարևորագույն առաքելությունը
կրթության ազատագրումը, ազատականացումն էր: 

Loading...