13:58   07-04-2021
Որոշ հարցերում ունենք ձախողումներ. Բադասյանը դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դատաիրակավական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում կան որոշակի ձախողումներ, սակայն Հայաստանում անկախ դատական իշխանություն, բարեվարք և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու պայքարը չի ավարտվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի խնդիրներին և այդ համատեքստում «Մարտի 1»-ի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա կլինի»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով` քաղաքական նպատակը եղել է թե 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե դատաիրավական բարեփոխումները` անկախ դատական համակարգի ստեղծումը, թե հակակոռուպցիոն բարեփոխումները` զրո հանդորժողականությունը կոռուպցիայի նկատմամբ:

 «Կարծում եմ, առնվազն հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել: Չէի ուզի անդրադառնալ դրան, որովհետև բացարձակ կարևոր չէ, թե ինչ փաստարկներ կբերվեն: Ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար, և կա դժոհություն այս առումով: Կարծում եմ, ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանները ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց, կարծում եմ, հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ինքը պատասխանտու է դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասով, և քննադատության թիրախը այն է, որ դատավորների վեթինգը չի իրականացվել:  Նախարարն ընդգծեց, որ պատրաստ է քաղաքական պատասխանատվություն կրել այդ հարցում:


Loading...