17:41   07-04-2021
Image Description
Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով
Թողնել մեկնաբանություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ Հայաստանում վարչական դատարաններում մի շարք իրավախախտումներով բողոքարկումների գործերը կքննվեն բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:

«Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածների պայմաններում, երբ բողոքարկում կներկայացվի դատարան, քննություն իրականացնել բացառապես գրավոր ընթացակարգով: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ եթե դատարանը անհրաժեշտություն է տեսնում անցնել բանավոր քննության, դրա հնարավորությունն ունի: Կողմերն էլ զրկված չեն միջնորդություն ներկայացնելուց և դատարանին խնդրելուց ընդհանուր կարգով քննությունն իրականացնելուց»,-ասաց Գրիգորյանը:

Նա ներկայացրեց այն հոդվածները, որոնցով առաջարկվում է, որ պարտադիր լինի գրավոր քննություն: Դա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3 հոդվածն է, որը նախատեսում է առանց ամրակապվելու կամ համապատասխան տրանսպորտային միջոցի դեպքում առանց սաղավարտի երթևեկելու կամ ուղևոր տեղափոխելու համար վարչական պատասխանատվություն, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը, նաև ՃԵԿ կանոնների խախտումները, լուսացույցի սահմանված կանոնների խախտմամբ երթևեկելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը և այլն: Այս բոլոր իրավախախտումներով բողոքարկումները  դատարաններում քննվելու են բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով:

Նախագիծը միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն:

Loading...