19:22   07-04-2021
«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում մի քանի օր է՝ պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չեն վրիպել, և շինարարությունն անմիջապես դադարեցվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն է տվել, ինչի արդյունքում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:

«Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշներով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-՝պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Նրա խոսքով՝ վերին հատվածում կառույցի հետքեր կան: Դա է հուշում քարերի շարվածքը: «Եթե ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,-ասում է Միքայել Բադալյանը:

Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում:

Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը:

«Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,-նշում է Միքայել Բադալյանը:

Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները:


Loading...