19:28   07-04-2021
Ակունքում 13 փողոց այսուհետ կրում է Արցախյան պատերազմների հերոսների անունները
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում աչքի ընկած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի եւ Սասուն Մովսիսյանի  անունները։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվեցին Ավետման, Մայրության եւ գեղեցկության տոնի եւ Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների հետ, որը կայացավ Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում։ Անվանակոչության եւ հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունքի գյուղապետ Նիկոլա Խաչատրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, Ակունքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները։

Անվանակոչված յուրաքանչյուր փողոցի մուտքում կտրվեցին ժապավեններ, հնչեցին մեծարանքի ու ոգեկոչման խոսքեր, կատարվեց օրհնության կարգ։  «Ակունքն Արցախյան պատերազմներում ունեցել է իր ակտիվ մասնակցությունը՝ տալով տասնյակից ավելի թանկ կյանքեր, բազմաթիվ վիրավորներ։Հերոսներ են թե՛ նրանք, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը, եւ թե նրանք, ովքեր այսօր մեր կողքին են ու հայրենիքը պաշտպանում են խաղաղ աշխատանքով։ Մենք ոչ մի ակնթարթ չպետք է մոռանանք այդ հերոսներին ու պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց սխրանքները, ոգեկոչենք նրանց անմահ անունները»,-ներկաներին դիմեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը։

Loading...