15:09   10-04-2021
Image Description
Ֆինլանդացի գիտնականներն աշխատում են քթի սփրեյի տեսքով կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու շուրջ
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիայի գիտնականներն աշխատում են մի նախագծի վրա, որով տարեվերջին կստեղծեն կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը՝ քթի սփրեյի տեսքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստանյութի մշակման շուրջ աշխատանքները Ֆինլանդիայի ակադեմիայի ֆինանսավորմամբ սկսվել են դեռևս 2020 թվականի գարնանը: Մասնագետները հայտնում են, որ որոշվել է այն արտադրել հենց սփրեյի տեսքով, քանի որ վիրուսն օրգանիզմ է ընկնում շնչուղիների միջոցով: Պատվաստանյութ մշակող թիմի անդամ, պրոֆեսոր Կալե Սակսելան հայտնել է, որ սփրեյը կպաշտպանի ոչ միայն քթի լորձաթաղանթը, այլև ընդհանուր իմունիտետ կստեղծի ողջ օրգանիզմի համար:

Բացի այդ, Սակսելան նշել է, որ շատերի համար ավելի հեշտ և ոչ տհաճ կլինի պատվաստվելու փոխարեն պարզապես սփրեյն օգտագործելը, որի կողմնակի ազդեցություններ դեռ չեն հայտնաբերվել:

Պրոֆեսորը տեղեկացրել է նաև, որ իրենք պատվաստանյութը կենդանիների վրա փորձարկելու վերջին փուլում են, ինչից հետո պետք է թույլտվություն ստանան կլինիկական առաջին փորձարկումն իրականացնելու համար:

Loading...