12:30   17-04-2021
ՀՀ ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում ապրիլի 16-ին տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են գերատեսչության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները: Ստուգատեսն անցկացրել են նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև տեխնիկայի մարտական վիճակը։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Փիլոյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով նաև թերությունները, որոնց շտկման համար տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ։ ՓԾ տնօրենը գոհունակություն է հայտնել ներկայացված տեխնիկայի մարտական վիճակի առումով։

«Ներկայացվել են նաև փրկարարական հատուկ սարքավորումներ, որոնց շարքում էին անօդաչու թռչող սարքեր, սակրավորների ականորսիչներ, ռոբոտատեխնիկա, վարակազերծման միջոցներ և հատուկ հանդերձանք: Ստուգատեսի ժամանակ փորձարկվել է ազդարարման շչակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստուգատեսի ավարտին մեքենաները փարոսիկներով, ձայնային ազդանշաններով՝ երթով շարահրապարակից մեկնել են ծառայության:

Loading...