12:58   21-04-2021
Դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները. ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն, ով ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ լրատվամիջոցների հարցին ի պատասխան: 

Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:

Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Loading...