14:48   09-05-2021
Image Description
Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները․ Արցախի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է:

«Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:

Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ  ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։

Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին: Խաղաղություն մեր հայրենիքին։  Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»,- նշված է հայտարարության մեջ։

Loading...