15:02   09-05-2021
Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով
Թողնել մեկնաբանություն

Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի  պաշտպանության բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում մատուցվել է ոգեկոչման (հոգեհանգստյան) կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների: Այնուհետև՝ եկեղեցու բակից, Արցախի պաշտոնատար անձանց, զինվորականների ու հարյուրավոր արցախցիների մասնակցությամբ մեկնարկել է խաչերթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:

Loading...