17:12   09-05-2021
Քոչարյանը ներկայացրեց, թե ինչու է ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է որոշել մասնակցել հենց ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ:

Քոչարյանը նախ նշեց, որ երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Ըստ նրա՝ երկիրն ունի կառավարման ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ: «Պետք են ուժեր, պետք են մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ մեծ կառավարման փորձ՝ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ՝ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ՝ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Եվ ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են»,-ասաց Քոչարյանը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու է որոշել մասնակցել ՀՅԴ-ի հետ՝ նշելով, որ ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: «Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախահանգության տարիներին՝ նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որը հիմնադրել և ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նա ասաց. «Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառանալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մենք մնալու՞ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում: Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պայքարի սիմվոլն է»:

Քոչարյանը շեշտեց, որ գործող իշխանությունը պետք է հեռանա՝ նշելով, թե այս իշխանությունը հանդիսանում է պարտության խորհրդանիշը, պարտության դեմքը, ձայնը: Նա գործող իշխանությանը մեղադրեց զոհերի, վիրավորների, անօթևան մնացած հայրենակիցների համար: Քոչարյանը իշխանությանը մեղադրեց տնտեսության անկման համար՝ շեշտելով նաև, որ աճել է աղքատությունը, արտաքին պարտքը: 

Իսկ թե իշխանության գալով՝ իրենք ինչ են մտադիր անել՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում, իսկ հետո անմիջապես պետք է անցնեն հակաճգնաժամային քայլերի: «Պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկը և կանխատեսելիությունը»,-ասաց նա ու վստահեցրեց, որ ժողովուրդն ամիջապես զգալու է փոփոխությունները երկրում:

Նրա խոսքով՝ իրենց հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ: Քոչարյանը խոստացավ՝ առաջնային խնդիր է դառնալու ամեն տարի տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Նա խոստացավ գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն, գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը: 

Loading...