10:04   14-05-2021
Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է AstraZeneca-ի պատվաստանյութից
Թողնել մեկնաբանություն

Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութից վերջինիս հազվագյուտ, սակայն լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով։ The Local լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։ Բացի այդ, երկրի իշխանությունները պահպանում են Johnson & Johnson-ի պատվաստանյութի կասեցումը:

AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը պաշտոնապես դադարեցվել է այն բանից հետո, երբ կառավարության կողմից ստեղծված փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այն պետք է հանվի Նորվեգիայի պատվաստումների ռազմավարությունից:

Նորվեգիան AstraZeneca-ի պատվաստանյութի դեղաչափերը կնվիրաբերի այլ երկրների։

Նորվեգիայի կառավարության ղեկավարը հայտարարել է նաև, որ երկիրը կփոխի պատվաստումների իր ռազմավարությունը, և 18-ից 24 տարեկանների հերթն ավելի շուտ կհասնի։ Նրանց պատվաստանյութ կառաջարկվի այն բանից հետո, երբ 45-ից բարձր տարիքի բոլոր անձինք պատվաստվեն։ 40-ից 44 տարեկաններին պատվաստանյութեր կտրամադրվեն նույն ժամանակահատվածում, ինչ 18-ից 25 տարեկաններին։ 25-ից 39 տարեկանների խմբին վերջինը կառաջարկվի պատվաստանյութ:

Նորվեգիայում զանգվածային պատվաստումների մեկնարկից ի վեր, մինչև մարտի կեսերը կատարվել է AstraZeneca պատվաստանյութի շուրջ 135.000 ներարկում: Արդյունքում, ծանր թրոմբոզի ութ դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ, համեմատաբար երիտասարդ և առողջ մարդկանց մոտ. նրանցից չորսը մահացել են:

Նորվեգիան մարտի 11-ից դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը, մինչ մասնագետներն ուումնասիրում էին դրա կողմնակի ազդեցությունները: Ապրիլի 15-ին Նորվեգիայի առողջապահական գերատեսչությունը խորհուրդ էր տվել հրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից, սակայն կառավարությունը որոշել էր նախ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրեր պատվաստանյութի հետ կապված վտանգները։

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս շարունակել պատվաստանյութի օգտագործումը՝ նշելով, որ դրա օգուտները գերազանցում են վտանգները։


Գրում է 1in.am -ը:

Loading...