17:15   14-05-2021
Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտել է և պատրաստվում է քննությունների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ հայտագրման ընթացքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, որևէ խնդիր չի եղել: 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել:

«Որևէ դժգոհություն չի եղել, մեկ, երկու հոգի են եղել, որ չեն հասցրել, նրանց ուղղորդել ենք երկրորդ փուլ: Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Երկրորդ փուլը մենք նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդծելով, որ երկրորդ փուլն անցկացվելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրորդ փուլից հետո նոր անցկացվում է մրցույթ:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ նա նշեց, որ միասնական քննություններ հանձնողների թիվն այս տարի Հայաստանում 10 հազար 957 է, Արցախում՝ 529-ը՝ ընդհանուր թիվը կազմելով 11 հազար 486: Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1 899 է: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է:

Loading...