18:37   14-05-2021
Երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի  միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։

«Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի հետ, քննարկել Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության ներդրման վերաբերյալ հարցեր և գործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հեռանկարային թեմաներ: Սակայն COVID-19-ի համավարակն ու պատերազմը որոշակիորեն խոչընդոտ հանդիսացան մեր առաջիկա անելիքներին: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերը կյանքի կկոչենք ու երկուստեք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Կողմերն անդրադարձել են գիտակրթական, դեղորայքային քաղաքականության ոլորտներում, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման ուղղությամբ համագործակցությանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նշված և այլ ոլորտներում ընդլայնել համատեղ անելիքները:

Loading...