Սխալ է Շանթ Հարությունյանի գործը համեմատել Ռոբերտ Քոչարյանի, «Սասնա Ծռերի», Անդրեաս Ղուկասյանի և մյուս գործերի հետ: Նրանք ազատության մեջ են, քանի որ իրենց դատավարությունը դեռ ավարտված չէ, այլ պարզապես փոխվել է խափանման միջոցը: Իսկ Շանթ Հարությունյանը պատիժ է կրում՝ անարդար պատիժ: Ինչու՞ թավշյա հեղափոխությունը շրջանցեց Շանթ Հարությունյանին: Ինչու՞ նոր Հայաստանի արդարադատական համակարգը չի վերանայում Շանթի գործը: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Ինեսսա Պետրոսյանն է:
- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Ինեսա Պետրոսյանն է: Ողջո՛ւյն:
- Բարև Ձեզ:
- Վերջին շրջանում Հայաստանում իրավիճակ է փոխվել, և ռադիոլսողների ու հեռուստադիտողների այս հաղորդաշարին ուղղված հարցերը հիմնականում կապված են Շանթ Հարությունյանի հետ: Իմ գործընկեր Սաթեն Միքայելյանը պատմեց, որ 5 տարի առաջ այս տաղավարից Շանթ Հարությունյանը խոսում էր իր անելիքների մասին, իսկ հիմա Դուք եք մեր տաղավարում: Շատ բան է փոխվել այս 5 տարիների ընթացքում, և հիմա բոլորին հետաքրքրում է, թե այս նոր իրավիճակում ինչո՞ւ Շանթ Հարությունյանն ազատության մեջ չէ, և Դուք ի՞նչ ակնկալիքներ, կանխատեսումներ ունեք, ե՞րբ է, վերջապես, արդարադատությունը հաղթելու:
- Ինչպես գիտենք՝ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ից գտնվում է անազատության մեջ: Շանթ Հարությունյանին և ևս 10 հոգու վարույթն իրականացնող մարմինը՝ այն ժամանակ գլխավոր քննչական վարչությունը, մեղադրում էր սկզբում ՔրՕր 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, այնուհետև գործի նախաքննության ընթացքում պարզվեց, որ այնտեղ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող սադրիչներ են եղել՝ քաղաքացիական հագուստով, նրանց մեղադրանքը փոխվեց, և Շանթ Հարությունյանին և մյուսներին, բացառությամբ Վահեի՝ այժմ որպես ամբաստանյալ անցնող, մեղադրանք առաջադրվեց ՔրՕր 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ խուլիգանության կատարում: Շանթ Հարությունյանը ՔրՕր 258 հոդվածի 4-րդ մասով դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նոյեմբերին կլրանա 5 տարին, որ նա գտնվում է անազատության մեջ: Շանթ Հարությունյանի դատական ակտը իմ կողմից բողոքարկվել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան, և Վճռաբեկ դատարանն օրինական ուժի մեջ է թողել 1–ին ատյանի դատարանի այդ դատական ակտը, որն առաջին օրվանից էլ համարել ենք անօրինական, և Շանթ Հարությունյանն ու ընկերները դատապարտվել են զուտ իրենց քաղաքական հայացքների համար, քանի որ չէին հանդուրժում բռնապետությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որի ներքո ապրում էր ամբողջ հայ ժողովուրդը: Այս տարի տեղի ունեցավ հայտնի իրողությունը՝ Թավշա հեղափոխությունը, ընտրվեց ժողովրդական վարչապետ, և դրանից հետո էլի Շանթ Հարությունյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Պետք է նշել, որ նա այդ 11 հոգուց միակն է, որ այս պահի դրությամբ պատիժ է կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ում, և դեռևս 1 տարի և 2ամիս էլ մնում է մինչև պատժի ավարտը: Ինչպես գիտենք, մեր վարչապետն իր ելույթներում բազմիցս նշել է, որ մեր երկրում չպետք է լինի որևէ քաղբանտարկյալ, իսկ Շանթ Հարությանյանի մասով իր քաղաքական տեսակետը նա մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է: Հիմա մի իրողություն ունենք, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ սա է իրավիճակը, և Շանթ Հարությունյանն այդ անօրինական դատավճռի հետ կապված շարունակում է մնալ կալանքի տակ: Հիմա ես այստեղ մեկ հարց եմ բարձրացնում, որ մի քանի անգամ արդեն բարձրաձայնվել է. դատախազությունը պետք է վերաքննիչ բողոք ներկայացնի այդ դատավճռի դեմ, գտնի, որ բացառիկ հանգամանքներ են տեղի ունեցել այն ժամանակ, խաթարվել է արդարադատության բուն էությունը, էական խախտումներ են թույլ տրվել, և դիմի, որպեսզի բեկանվի այդ դատական ակտը, և Շանթ Հարությունյանի և մյուսների մասով կայացվի արդարացման դատական ակտ: Սակայն մինչ օրս, ինձ համար անհասկանալի պատճառներով, դա տեղի չի ունեցել: Շանթ Հարությունյանի համար հստակ է, որ դա պետք է անեն գործող իշխանությունները:
- Մենք տեսանք, որ Ձեր նշած Թավշյա հեղափոխությունից հետո (գուցե համընկնում էր, գուցե դրա հետևում հսկայական փաստաբանական աշխատանք էր տարվել) Անդրիաս Ղուկասյանին, «Սասնա ծռեր»-ի որոշ անդամների ազատ արձակեցին: Ինչո՞ւ որևէ ձևով այդ արդարադատությունը, նոր շունչը կամ դատական համակարգի հին սխալները վերանայելու այս հարցն իրեն չհասավ. որտե՞ղ է վտանգը, Ձեր կարծիքով:
- Այդ հարցին ես հստակ կպատասխանեմ: Ի տարբերություն Ձեր նշած մյուս գործերի, որոնցով ես նույնպես որպես պաշտպան եմ հանդես գալիս (Անդրիաս Ղուկասյանի, «Սասնա ծռեր»-ից շատերի), այդ գործերով դեռևս չկան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, այդ գործերը գտնվում են դատաքննության փուլում, և դատարանները բավարարել են պաշտպանական կողմի միջնորդությունները և փոխել են մեր պաշտպանյալին անօրինական կալանքի տակ պահելու հետ կապված խափանման միջոցները: Նրանց նկատմամբ ընդամենը փոխվել են խափանման միջոցները: Ավելին՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ այդ ապօրինությունները դեռևս շարունակվում են, դատական նիստերն ընթանում են: Ժամ առաջ դատախազը պետք է հրաժարվեր այդ անհիմն, անօրինական մեղադրանքից, բայց նրանք դեռ շարունակում են՝ դատական նիստ է ընթանում, փոխվել են խափանման միջոցները: Շանթ Հարությունյանի պարագայում պատկերն այլ է. ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, այդ գործն այլևս ՀՀ դատարաններից որևէ մեկի վարույթում չի գտնվում: Շանթ Հարությունյանն այս պահին համարվում է պատիժը կրող դատապարտյալ, դա է խնդիրը: Շանթ Հարությունյանը սկզբունքային անձնավորություն է, ասում է, որ պետք է արդարացման դատական ակտից հետո՛ դուրս գա այդտեղից, դա իր համար խնդիր է: Նա չի պատրաստվում որևէ մեկին խնդրել, որ իր նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատում կիրառեն: Շանթ Հարությունյանը և բոլորս էլ գտնում ենք, որ դատարանները փորձել են կամակատար լինել այն ժամանակվա իշխանություններին, և նրանց շնորհիվ անարդար, անօրինական դատավճիռ է կայացվել, որը պետք է բեկանվի, և արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք: Հիմա կա ճանապարհ, դատախազությունը հստակ կարող է օգտվել այդ ճանապարհից: Ժողովրդական վարչապետի ընտրվելուց հետո արդեն երեք ամիս է անցել, և չնայած նրա բազմիցս հնչեցրած հորդորներին, որ չպետք է լինեն քաղբանտարկյալներ, Շանթ Հարությունյանի գործով ոչ մի քայլ առաջխաղացում չունենք:
- Այսինքն՝ այստեղ Դուք գտնում եք բոլոր նախադրյալները, որպեսզի օրինական ճանապարհով Շանթ Հարությունյանն ազատ արձակվի: Իսկ ի՞նչ արձագանք եք ստանում:
- Նաև բազմաթիվ մտավորականներ են բաց նամակներ հղել, այսինքն՝ այս հարցը բարձրաձայնվում է հասարակության բոլոր շերտերի կողմից, բայց որևէ պատասխան չենք ստանում, թե ինչու է հապաղում այս գործընթացը, ինչու դատախազությունը քայլեր չի ձեռնարկում Շանթ Հարությունյանի արդարացման համար: Այսինքն՝ իրենք շարունակում են կարծել, որ Շանթ Հարությունյանը (և մյուսները) քրեական արարք կատարած ա՞նձ է, այսօրվա իրողությունից հետո է՞լ են նրան դիտարկում որպես քրեական օրենսգրքով արգելված արարք, խուլիգանություն կատարած անձ: Բոլորի համար ավելի քան պարզ է, որ Շանթ Հարությունյանը չի կարող լինել այդպիսին, նա իր քաղաքական հայացքների համար է դատապարտված և այժմ էլ քաղբանտարկյալի կարգավիճակ ունի:
- Շատերը ասում էին, թե ինչու պետք է սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչով հանդես եկած մարդը (նույնը և «Սասնա ծռեր»-ի հետ կապված էին ասում) չկրի իր պատիժը, քանի որ կարող է նախադեպ ստեղծվել, և այդ գործընթացն անընդհատ երկրի ներսում լինել. մի՞թե այդ մարդիկ պետք է պատասխան չտան: Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ինչ-որ ձևով բողոքելու, եթե կարծում է, որ տվյալ իշխանությունները ոչ լեգիտիմ են, ապա ինչպե՞ս է ձևակերպվում քաղբանտարկյալը և իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչով հանդես գալը:
- Նախ եկեք տարբերակենք, որ Շանթ Հարությունյանին, նաև «Սասնա ծռեր»-ին նման մեղադրանք առաջադրված չէ ընդհանրապես: Շանթ Հարությունյանը դատապարտվել է ՔրՕր-ի 258 հոդվածի 4-րդ մասով. նրան նախկին իշխանություննեը վարույթ իրականացնող մարմնի ձեռագրով դիտարկել են որպես խուլիգանի: Այստեղ խոսք չի գնում սահմանադրական կարգի տապալման մասին, նման հարցադրում չի բարձրաձայնվել: Նույն «Սասնա ծռեր»-ին մեղադրում են շենք- շինություն գրավելու, պատանդ պահելու մեջ. սա է նրանց մեղադրանքները: Իսկ եթե անդրադառնանք Ձեր նշած մյուս մասին, ապա յուրաքանչյուր քաղաքացի, երբ ապրում է ժողովրդավարական երկրում, ապա իրավունք ունի իր ձայնը բարձրացնել, ազատ մասնակցել հավաքներին, և որևէ մեկը չի կարող քաղաքացիական հասարակությանը զրկել իր այդ իրավունքի իրացումից: Դրանք շատ տարբեր բաներ են: Այսինքն՝ նա կարող է բողոքել այդ իշխանության դեմ, բայց նախկին իշխանությունները նրանց դիտարկում էին որպես քրեորեն ինչ-որ արարքներ կատարած անձանց և նրանց դատապարտում էին ՔրՕր-ի համապատասխան հոդվածներով՝ որպես խուլիգան դիտարկելով: Յուրաքանչյուր հասարակության մեջ կարող են լինել ընդվզումներ, իհարկե. կարող է լինել հասարակության մի շերտ, որն ընդդիմանա գործող իշխանությանը, բերի փաստարկներ և բարձրաձայնի. որևէ մեկը, որևէ օրենք չի կարող արգելել:
- Դուք Բրեյվիկին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք. այս հարցը շատ է քննարկվում մեր քաղաքացիների տարբեր մեկնաբանություններում: Ինչպե՞ս տարբերենք քաղբանտարկյալին և ինչպես՝ քաղաքացուն, ով կարող է բողոքել, զենք-զինամթերք, պայթուցիկ կիրառել: Բրեյվիկն էլ իր հայացքներն ուներ, որ ինքը պարզապես տեռոր չէր անում:
- Եվ արդյունքում եղավ տեռոր, զոհվեցին 60-ից ավել քաղաքացիներ. դա լրիվ այլ տիրույթում է, ես չեմ կարող նրան այդպես համարել: Մեր երկրում ինչքան տեղի են ունեցել այդպիսի դեպքեր՝ ընդվզումներ, քաղաքացիական պայքար, ակցիաներ, բոլորը միշտ էլ ասել են, որ որևէ զոհ չպետք է լինի, և ամեն ինչ եղել է խաղաղ: Եվ եթե դեպքեր են տեղի ունեցել, ապա՝ սադրանքների արդյունքում: Կոնկրետ Շանթ Հարությունյանի պարագայում էլ հատուկ սադրիչներ են ներդրված եղել, որպեսզի սրեին իրավիճակը, և դա տեղի ունենար:
- Այսինքն՝ պետք է մի փոքր նաև հասարակությանը ինֆորմացնենք: Ձեր կարծիքով, ուսումնասիրություններից ելնելով՝ բացի Շանթ Հարությունյանից, քանի՞ քաղբանտարկյալ ունենք:
- Ես չեմ կարող թվաքանակով ասել, բայց տարբեր ժամանակներում եղել են անձինք, ովքեր հստակ իրենց քաղաքական հայացքների համար են դատապարտվել՝ ինչ-որ անհիմն, հորինված մեղադրանքներով: Հենց Անդրիաս Ղուկասյանի հետապնդումը, ինչը նույնիսկ աբսուրդի էր հասնում: Բոլորի համար ավելի քան ակնհայտ էր, որ Անդրիաս Ղուկասյանը որևէ առնչություն չունի, և նրա նկատմամբ այդ մեղադրանքը շինծու էր: Սակայն նա շուրջ երկու տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծայրագույն պայմաններում կալանք էր կրում: Եվ դատարաններն ընդհանրապես մերժում էին պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, նույնիսկ գրավը նրա նկատմամբ անթույլատրելի էր: Հստակ քաղաքական տեռոր էր գնում նրա հանդեպ այն դեպքում, երբ ուղղակի հորինված մեղադրանքներ էին, որոնք մինչև հիմա պահպանված են:
- Իմ տպավորությամբ մարդիկ հակված են քաղբանտարկյալ համարելու ավելի շատ քաղաքական գործիչներին: Երբ մենք տեսանք նույն Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսների ձերբակալումը, շատերը սա էլի համարում էին մի իշխանության քաղաքական կլանի վրեժխնդրությունը մյուսից: Արդյո՞ք այս պարագայում մենք ունենք մեղադրանքների կամ առաջադրվող մեղադրանքների խնդիր, ինչո՞ւ է մարդկանց մոտ տպավորություն, որ երբ մեղավոր մարդը, ով եղել է նախկին քաղաքական գործիչ, իր պատիժն է կրում, ապա նրան կարելի է քաղբանտարկյալ համարել: Միգուցե մեղադրանքները ճիշտ հոդվածներո՞վ չեն առաջադրվում:
- Գիտեք, երբ մարդը դուրս է գալիս քաղաքական պայքարի, իր խոսքն է արտահայտում ի լուր ամբողջ ժողովրդի: Շանթի պարագայում ինքն արժեքների հեղափոխություն էր սկսում, նրան էին միացել բազմաթիվ մարդիկ, անընդհատ հարցազրույց էր տալիս, ու մեկ էլ որպես խուլիգան դատապարտվում է: Հստակ է, որ նրա նկատմամբ այդ մեղադրանքը հորինվեց, «սարքվեց» ուղղակի: Լինում են դեպքեր, որ անբարեխղճությունից ելնելով փորձում են տեղավորել, իբր այդ անձը իր քաղաքական հայացքների համար է դատապարտվել, բայց իրականում ինչ-որ քրեական արարք է կատարած լինում: Դա այլ տիրույթ է: Բայց երբ խոսում ենք Շանթ Հարությունյանի և մյուսների մասին, հաստատապես կարող ենք ամրապնդել, որ նա իր քաղաքական հայացքների համար է դատապարտվել և պատիժ կրում:
- Երբ Ժիրայր Սեֆիլյանը դեռ անազատության մեջ էր, մինչև այս հեղափոխությունը նրա փաստաբանն էր մեր տաղավարում, եթե չեմ սխալվում՝ Մուշեղ Շուշանյանը, և ասեց. «Շուտով Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվելու, երկրում իրավիճակ է փոխվելու, այսպես շարունակվել հնարավոր չէ»: Եվ, բառացիորեն մի քանի օր հետո ( բոլորս ասում էինք. «Ինչ-որ մի բանից տեղյակ էր») տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, և նա այնքան մեծ վստահությամբ էր այդ խոսքերն ասում, որ բոլորը պարզապես չէին հավատում: Հիմա Ձեր փաստաբանական, այսպես ասած՝ կանխատեսումները, ի՞նչ են Ձեզ հուշում:
- Գիտեք, իրականում հասունացել էր այդ պահը, դրա համար էլ իմ գործընկերը երևի այդպիսի կանխատեսում է արել: Արդեն բոլորի համար էլ անհնարին էր դիմանալ այն ամենին, ինչը տեղի էր ունենում, հնարավոր չէր դատարանների հետ աշխատել: «Սասնա ծռեր»-ի գործով մենք ենթարկվում էինք բազմաթիվ ճնշումների, և դա ոչ այլ ինչ էր, քան՝ մեր աշխատանքի խոչընդոտում: Բոլորս գիտեինք, որ պատի ենք դեմ տված, չենք կարող պայքարել մեր պաշտպանյալների իրավունքների համար, որովհետև ստեղծված իրավիճակում այդ իշխանությունների հետ դա հնարավոր չէր կատարել: Հիմա արդեն ավելի վառ լույսերով ենք փորձում նայել ապագային, հույս ունենք, որ դատական համակարգում շատ բարեփոխումներ տեղի կունենան, և, ի վերջո, ամեն ինչ կսկսի օրինականության մեջ աշխատել: Նաև մենք իրականում չենք ունենա քաղբանտարկյալներ, քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք, և ամեն ինչ պետք է լինի արդարության և օրինականության շրջանակներում:
- Նաև այն մարդիկ, ովքեր ազատության մեջ են, պարզապես խափանման միջոցն էր փոխվել, կրկին ակնկալում են, որ պետք է արդարացվեն:
- Դատավարությունները, բնականաբար, նրանց նկատմամբ շարունակվում են, որովհետև քանի դեռ մեղադրանքի կողմը չի հրաժարվել, դատարանները պետ է իրականացնեն իրենց գործառույթը, և արդարադատության իրականացումը պետք է շարունակվի, մինչև կհստակեցվի: Հույս ունենք, որ կապացուցվի մեր պաշտպանյալների արդարությունը:
- Շատերն ասում էին. «Քոչարյանին էլ ազատ արձակեցին, Շանթին՝ ոչ»: Այս համեմատությունը, ելնելով հանգամանքներից, փաստորեն, ոչ այնքան տեղին է:
- Ես Ձեզ արդեն ներկայացրեցի ամբողջը, իսկ Քոչարյանի նկատմամբ ընդամենը փոխվել է իր խափանման միջոցը. Վերաքննիչ քրեական դատարանը գտավ, որ նա անձեռնմխելի է, և փոխեց խափանման միջոցը: Նա շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, դեռևս կան փուլեր, որ պետք է անցնել: Հնարավոր է՝ դատախազությունը բողոքարկի, և հնարավոր է նրան կրկին կալանավորեն: Շանթի պարագան այլ է. նա այս պահին, ցավոք, պատիժ կրող դատապարտյալ է համարվում, այդպես պետք է չլիներ: Հնարավոր է նրա մասով, ասենք, դատախազը ներկայացնի բողոք, միջնորդի, միանգամից խափանման միջոցը փոխեն, մինչև դատավարությունն ավարտվի, և նա արդարացվի: Դա էլ է տարբերակ, բայց քայլ դեռևս չի արվում:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Ինեսա Պետրոսյանն էր: Շնորհակալություն: