15:28   08-08-2018
Մոտ 100 հազար քաղաքացի չի կարողանում հասնել ընտրատեղամաս. հաշմանդամների ընտրական իրավունքն ու ընտրական նոր օրենսգիրքը.«Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսը մինչև այսօր չեն կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը: Ընտրատեղամասերը չունեն համապատասխան գույքային հագեցվածություն, հարմարեցված չեն հաշմանդամներին: Սա ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև օրենսդրական. բացթողում: Ի՞նչ է նախատեսելու այդ մասով ընտրական նոր օրենսգիրքը, արդյո՞ք երկրում իրավիճակի փոփոխությունը կհասնի նաև հաշմանդամների ընտրական իրավունքի իրացման խնդրին:
- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանն  է: Ողջո՛ւյն:
- Բարև Ձեզ:
- Հարգելի ունկնդիրներ այսօր խոսելու ենք հատուկ կարիքներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին և անդրադառնալու ենք նրանց ընտրական իրավունքին: Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձինք ընտրության գնալիս, ինչո՞ւ չի իրացվում նրանց ընտրական իրավունքը:
- Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց քաղաքական իրավունքներն իրացնելիս կարող են հանդիպել ամենատարբեր դժվարությունների, որոնք բնորոշ են հաշմանդամություն ունեցող մարդկանց տարբեր խմբերի, օրինակ, սայլակ օգտագործող կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց և անհատապես: Այսինքն՝ խնդիրներ կան, որոնք զուտ բնորոշ են միայն այդ անհատին, և անհատական լուծման կարիք կա: Ընտրական գործընթացի տարբեր փուլերում հաշմանդամություն ունեցող մարդիկ տարբեր խոչընդոտների են հանդիպում: Նախընտրական փուլում, երբ քարոզչական աշխատանքներ են իրականացնում կուսակցությունները (կուսակցություններ ներգավելու ոչ միայն որպես ընտրող, այլև ակտիվ մասնակից և ընտրվող):Խնդիրներ ունեցող մարդկանց ընտրական իրավունքների հետ, հաշվի առնելով, որ սահմանադրությամբ կա գործունակության ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ մարդը զրկված է իր քաղաքացիական իրավունքներից և չունի նաև ընտրելու և ընտրվելու իրավունք՝ անգործունակ ճանաչվելու դեպքում: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր չեն կարողանում մատչելի տեղեկատվություն ստանալ քարոզարշավի ընթացքում և ընտրություն կատարելիս դժվարությունների են հանդիպում, հաշվի առնելով, որ ծանոթ չեն կուսակցությունների ծրագրերին, չունեն նախընտրելի թեկնածուներ և այլն, սիրում են մեկուսանալ, մասնակցություն չունենալ այդ գործընթացին կամ առհասարակ կարևոր չեն համարում այդ գործընթացները: Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ կապված խնդիրներ ունենք, հաշվի առնելով այն,  որ նրանք խոցելի են այն առումով, որ ընտանիքի անդամները կամ այլ շահագրգիռ կողմեր կարող են նրանց ուղղորդել, խախտել նրանց քվեարկութան գաղտնիության իրավունքը և ճնշումներով կամ այլ միջոցներով քվեներ կորզել: Շատ խնդիրներ կան նաև տրանսպորտի հետ կապված, հաշվի առնելով, որ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար դժվար է ընտրատեղամասեր հասնելը:
- Իսկ օրենսդրությունն ի՞նչ է նախատեսում, քանի որ Հայաստանում խնդիր ունեն բոլորը, նաև՝ առողջ մարդիկ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենսդրությունը նախատեսո՞ւմ է, որ զուտ ընտրական գործընթացին մասնակցելու համար պետք է հատուկ պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ իրավակիրառ պրակտիկայի խնդի՞ր է, թե պարզապես օրենքներն այնպես գրված չեն:
- Հաշվի առնելով, որ Սահմանադրության մեջ ունենք նման խտրական հոդվածներ, որը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունն է գրավել, ինչպես, օրինակ, 2017թ. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցը դիտարկեց և ներկայացրեց իր եզրափակիչ դիտարկումերը, որտեղ նշում էր, որ Սահմանադրության մեջ կա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն և վերականգնելու հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց ընտրելու իրավունքը: ԵԽ-ը նույնպես  նշեց, որ դա չի համապատասխանում ԵԽ Նախարարների կոմիտեի հրամաններին, խնդիր ներկայացվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը բարձր վարկանիշ ունի, և բոլոր ընտրական օրենսգրքերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով: Իհարկե, այն ևս վրիպել էր ուշադրությունից:Միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, կազմակերպությունների կողմից նամակներից հետո արձանագրեց, որ կա համապատասխան խախտում: Ամեն դեպքում, Հայաստանը 2010թ. վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց մինչ օրս օրենսդրական մակարդակը համապատասխանեցված չէ, միայն ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետք է ապահովել ընտրությունների մատչելիությունը՝ շատ հռչակագրային մի հոդված: ԿԸՀ-ի համապատասխան որոշումը մատչելիության նորմերի վերաբերյալ նախկինում շատ լավն էր, ասում էր, օրինակ, որ ընտրատեղամասերի մատչելիությունը պարտադիր է, բոլոր տեղամասերը պետք է կահավորված լինեն խոշորացույցերով և բրայելյան կաղապարներով, սակայն նախորդ ԱԺ ընտրություններից առաջ ԿԸՀ-ն փոխեց իր որոշումը և ձեւակերպումները դարձան ոչ պարտադիր, այսինքն՝ հնարավորության դեպքում մատչելի դարձնել, տրամադրել խոշորացույցեր և այլն: Փաստացի մենք չունենք նաև օրենսդրական հիմքերը, որոնք նախապայմանն են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրությունները մատչելի դարձնելը: Կան նաև շատ այլ խոչընդոտներ, որոնք հնարավոր չէ օրենսդրական մակարդակում լուծել, ինչպես վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, դիտարկել նրանց որպես քաղաքական իրավունքներ կրող մարդկանց:
- Մենք այս պահին ունենք հաշմանդամ, որն զբաղեցնում է նախարարի պաշտոն: Տարբեր ոլորտներում ունենք հաշմանդամներ, որոնք ինչ-որ ձևով իրենց սահմանափակված չեն զգում: Այսինքն՝ արդյոք ինչ-որ բան էլ կախված չէ՞ հաշմանդամություն ունեցող մարդուց:
- Ես իրականում չգիտեմ՝ արդյոք Ձեր նշած նախարարն իրեն համարո՞ւմ է հաշմանդամություն ունեցող մարդ: Ինձ համար կարևոր է, որ մարդն իրեն նույնականացնի հաշմանդամություն ունեցող մարդ, և այդ դեպքում նոր ես կարող եմ նրան դիտարկել որպես այդպիսին:
- Այսինքն՝ հաշմանդամությունը մարդո՞ւ խնդիրն է. մարդ կարող է չունենալ 2 ոտք, բայց իրեն չհամարի հաշմանդամ, կամ ունենա 2 ոտք, բայց իրեն համարի հաշմանդամ:
- Այո, հնարավոր է, բայց կարևոր է նաև առողջական խնդիրներ ունենալու բաղադրիչը: Հենց դա է մարդու իրավունքների հաշմանդամության մոդելը, երբ հաշմանդամություն  ունեցող կամ, առհասարակ, մարդըն իրավունք ունի նայնականանալու կամ չնույնականանալու այդ խմբի անդամ: Մոդելները, աշխարհի մոտեցումները ցույց են տալիս, որ երբ ասում ենք, որ աշխարհում բնակվող 1 մլրդ մարդ ունի հաշմանդամություն, դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ պետության կամ ԲՍՓ մարմնի (ինչպես մեզ մոտ է) կողմից ճանաչված են որպես հաշմանդամություն ունեցող մարդ: Դա ենթադրում է, որ այդ մարդիկ ունեն առողջական խնդիրներ, բախվում են միջավայրային արգելքների և նույնականանում են որպես հաշմանդամություն ունեցող մարդ: Վիճակագրությունն աշխարհում հավաքվում է մարդահամարի ժամանակ, և մարդկանց հարցնում են. «ունե՞ք արդյոք հաշմանդամություն, թե՝ ոչ», ոչ թե պաշտոնական, սոցիալական ծառայություններից օգտվելու համգամանքով են մարդուն համարում հաշմանդամություն ունեցող: Դրա համար կարևոր է նաև այն, թե մարդն իրեն համարո՞ւմ է հաշմանդամություն ունեցող մարդ, թե՝ ոչ: Իսկ քաղաքական մասնակցության առումով իրականում շատ ողջունելի է, որ մենք ունենք հաշմանդամություն ունեցող պաշտոնյաներ, ովքեր կարողացել են հաղթահարել այդ դժվարությունները և իրենց մասնագիտական որակների շնորհիվ են հասել այդտեղ: Բայց իրականում խոչընդոտներ կան բոլոր փուլերում. կուսակցությունները պատրաստ չեն, նրանց գրասենյակները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, և այդ մարդիկ դարձել են կուսակցական հաջող գործիչներ միայն այն պատճառով, որ իրենք կարողացել են անել դա: Մյուսները  գուցե չկարողանան այդ խնդիրները հաղթահարել տարբեր պատճառներով, ուստի կա նաև այդ խթանման անհրաժեշտությունը, որ կուսակցությունները թեկուզ հայտարարեն, որ իրենք բաց են և ողջունում են հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ: Այսինքն՝ կառուցողական գործողությունը պետք է լինի նաև կուսակցությունների կողմից:
- Քանի՞ հաշմանդամ ունենք Հայաստանի Հանրապետությունում:
- Պաշտոնական վիճակագրությամբ այս պահին ունենք 190.000 հաշմանդամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ավելի քան 15%:
- Եվ այս թվի ո՞ր հատվածն է, որ Ձեր նշած խնդիրների պատճառով չի կարողանում հասնել ընտրատեղամաս, այսինքն՝ քանի՞ ընտրող է պետությունը կորցնում:
- Իրականում Հայաստանում վիճակագրական ծառայությունները չեն տրամադրում ապախոշորացված տվյալներ: Օրինակ՝ Ամերիկայում ընտրություններից հետո մարդիկ իմանում են, թե քանի կին, քանի տղամարդ է մասնակցել ընտրություններին, նույնիսկ ռասսայական, էթնիկ պատկանելիությամբ վիճակագրություն է հավաքվում: Հայաստանում, ցավոք, չունենք նման վիճակագրություն, և իրականում շատ դժվար է ինչ-որ մի բան պնդել, եթե վիճակագրություն չունես: Համաշխարհային չափանիշներո՞վ ընդունված հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբի միայն 7 տոկոսն է սայլակ օգտագործում: Կարծում եմ՝ ավելի քան 100,000 մարդ դժվարություններ են ունենում ընտրություներին մասնակցության հետ կապված: Չպետք է մոռանանք նաև այն մարդկանց, ովքեր ժամանակավոր հիվանդություններ ունեն կամ անկողնային հիվանդներ են և ընտրություններին մասնակցելու ոչ մի հնարավորություն չունեն: Եթե աշխարհում կա էլեկտրոնային քվեարկության կամ շրջիկ արկղերի գաղափարը, ապա, ցավոք, Հայաստանում դրանք չկան:
- Երկրում իրավիճակ է փոխվել, և քանի որ արդեն նաև նոր ընտրությունների ենք նախապատրաստվում, այս հարցերն ինչ-որ օղակներում արդեն քննարկվում են, և դրանով զբաղվում են ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հետ առնչություն չունեցող մարդիկ, այլ այն մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե կոնկրետ ինչ դժվարությունների են հանդիպում նրանք այս ոլորտում: Արդյոք Ձեզ «պատվիրվե՞լ» է այս հարցով զբաղվել:
- Մինչև ընտրական հարցերով կառավարության աշխատանքային խմբի ձևավորվելը փակ քննարկում է տեղի ունեցել ՀԿ-ների, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքներով զբաղվող կազմակերպությունների հետ: Այդ ժամանակվանից արդեն սկսել են քննարկել և տարբերակներ մտածել: Հետո արդեն կառավարությունում հանրային ավելի լայն շրջանակների հետ քննարկում տեղի ունեցավ, որին բոլոր կազմակերպությունները հրավիրված էին և հնարավորություն ունեին ներկայացնել իրենց առաջարկություները: Դեռևս այդ երկու հանդիպումներն են տեղի ունեցել կազմակերպությունների հետ, բայց, բնականաբար, խնդիրներ կան, որոնց այս պահին լուծում չկա. ընտրատեղամասերում մատչելիության ապահովումը (ավելի քան 70-80%-ն անմատչելի են): Թե այս կարճ ժամանակահատվածում ինչ գործողություններ պետք է իրականացնեն ՏԻՄ-երը, գոնե այս հարցի պատասխանները ՀԿ-ները չունեն: Քննարկումների արդյունքում շատ արդյունավետ լուծումներ գտնեցին, օրինակ, այն ՀԿ-ները, որոնք չեն զբաղվում հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով, մտահոգված էին, որ օգնականի ինստիտուտը շահագործվում է Հայաստանում՞. նախորդ ընտրություններում շուրջ 70.000 մարդ քվեարկել էր օգնողի օգնությամբ: Ստացվում է, որ ԱԺ շուրջ 5 պատգամավոր ընտրվել էր հենց այդ ձայների շնորհիվ: Բնականաբար, հասկանում ենք, որ թիվը մեծ է, 70.000 մարդ օգնության կարիք դժվար ունենար, հաշվի առնելով, որ առկա էր բրայելյան կաղապար, խոշորացույց և այլն: Հիմա, երբ իրավիճակը փոխվել, մարդիկ շահագործումը բացառելու տարբերակեր էին փնտրում: Տարբերակներից մեկը, որը լրատվամիջոցներում ևս քննարկվեց, այն էր, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր քվեարկության ժամանակ օգնողի անհրաժեշտություն կունենային, պետք է պոլիկլինիկայից թուղթ ներկայացնեին ընտրատեղամաս: Այդ տարբերակը, մեր կարծիքով, աբսուրդային էր, հավելյալ խոչընդոտ էր առաջացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, թեև մտածում էին, որ ընտանեկան բժիշկը կայցելի տուն և այդ տեղեկանքը կգրի: Բայց այդ առումով ևս տարբեր խնդիրներ կան: Դա հաշմանդամության բժշկական մոտեցումն է, երբ մենք կարծում ենք, որ դա պայմանավորված է միայն նրա առողջությամբ: Բժիշկները, բնականաբար, կարող են ինչ-որ ախտորոշում տալ և ասել, թե ինչ հիվանդություն ունի մարդը, բայց չեն կարող գնահատել, թե մարդն ինչ սոցիալական դժվարություններ ունի իր ընտրական իրավունքն իրացնելիս: Բժշկի պարտավորությունը չէ ասել, թե այս մարդու տրանսպորտը հարմար է, հարմար չէ, կամ արձանագրել դա: Բնականաբար, սոցիալական աշխատողի կամ այլ մասնագետի խնդիր կա: Փաստորեն, մենք ահռելի ծախսեր էինք իրականացնելու և հավելյալ դժվարություներ առաջացնելու, որովհետև հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր առանց այդ էլ մոտիվացված չեն, որովհետև առհասարակ մեկուսացված են, խտրականության են հանդիպում, շատերն աղքատության մեջ են ապրում, բնականաբար,  այդ թուղթը ստանալու համար չէին դիմի պոլիկլինիկա: Եվ փաստացի որոշում կայացվեց, որ այդ տարբերակն այլևս չի քննարկվելու, և ընտրողի իրավունք կունենան բոլորը: Օրինակ, մենք առաջարկում էինք, որպեսզի ընտրելուց առաջ տեղամասի նախագահը տեղեկացներ քվեարկողին և օգնողին, որ քվեարկության գաղտնիության խախտումը քրեական պատասխանատվություն է ենթադրում իրենից: Այսինքն՝ նախագահը կպարտավորվեր ասել, որ, ասենք, 4-5 տարի քրեական պատասխանատվության կենթարկվեք, եթե երրորդ մարդուն բացահայտեք, թե ում է քվեարկել տվյալ անձը կամ չքվեարկեք այնպես, ինչպես այդ մարդը կուզի, եթե հանգամանքների բերումով պարզվի, որ դուք քվեարկել եք այդ մարդու կամքին հակառակ: Դա, կարծում եմ, հավելյալ երաշխիք է, որ  մարդիկ խախտումներից կխուսափեն, այսինքն՝ քրեական պատասխանատվություն գաղտնիության իրավունքի խախտման համար: Բայց այս պահին կառավարությունում, կարծեմ, քննարկում են նաև հարցը, որ կարողանան օգնել միայն այն մարդիկ, և այն էլ մեկ անգամ, ովքեր գրանցված են այդ ընտրատեղամասում: Կառավարությունը մտածում է հավելյալ երաշխիքներ ստեղծել, թեև չեմ բացառում, որ այդ պահանջները ևս կարող են բացառել, որովհետև մարդը կարող է ունենալ անձնական օգնական, ով գրանցված չէ տեղամասում, կամ տանը կա երկու հաշմանդամ, և երրորդ մարդը երկուսին էլ պետք է օգնի:
- Հասկանալի է, ընտրական իրավունքի իրացումը շատ ավելի խորքային է, պետք է սկսել ընդհանուր հաշմանդամների խնդիրների լուծումներից, որի հետևանքը կդառնա նաև նրանց ինտեգրումը սոցիալական տարբեր հարցերին, այդ թվում՝ ընտրություններին: Այսինքն՝ վերջից չի կարելի սկսել, բայց պետությունը պետք է աշխատի այս ընտրություններին գոնե թեքահարթակների, 90 սմ չափերով դռների խնդիրը լուծել:
- Դա իրականում պարտավորություն է, ինքը կկարողանա, թե չի կարողանա՝ դա իր պատասխանատվության շրջանակներում է և ինքն այդ պատասխանատվությունը ստանձնել է սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով, ուստի պետք է անի հնարավոր ամեն բան՝ մատչելիությունը և քվեարկելու իրավունքն ապահովելու համար: Հասկանալի է, որ խելամիտ շրջանակներ պետք է պահանջեն, հաշվի առնելով, որ կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ ամեն բան հարմարեցնել, և մատչելիությունն ինքնին ուտոպիա է, այսինքն՝ չկա մի միջավայր, որն ամբողջովին մատչելի է բոլորին: Այդ դեպքում գոնե պետք է անել ամեն ինչ, որ հնարավորինս մատչելի լինեն ընտրությունները կարճ ժամանակամիջոցում, և չլինեն խմբեր, որոնք առհասարակ դուրս կմնան այս գործընթացից:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանն էր: Շնորհակալություն:
 

Loading...