11:45   10-06-2021
Image Description
ՀՀ ապրանք ներկրելու և արտահանելու դեպքում թույլտվական փաստաթղթերը կտրվեն առավել կարճ ժամկետում
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ, ՀՀ ապրանք ներկրելու և արտահանելու դեպքում թույլտվական փաստաթղթերը կտրվեն առավել կարճ ժամկետում, նաև՝ հնարավորություն է ստեղծվում դրանք տրամադրել էլեկտրոնային եղանակով: Կառավարության որոշման նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

«Ներկայումս համապատասխան թույլատվական փաստաթուղթ ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները, կախված գործող օրենսդրությունից, լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` փոստով կամ առձեռն, ինչպես նաև նշված տնտեսվարող սուբյեկտները լիազոր մարմնի պահանջով տրամադրում են նաև լրացուցիչ՝ առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով): Նշված գործընթացն էլեկտրոնային դարձնելու նպատակով, մասնավորապես «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով, իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլտվական փաստաթղթերը ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով»,- տեղեկացրեց Մաշադյանը: Ըստ նրա՝ որոշման ընդունման դեպքում մաքսային գործառնությունները կիրականացվեն առավել արդյունավետ: Նախագծով նախատեսվում է նաև կրճատել մի շարք թույլտվական փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները:

«Համակարգն իրապես միտված է մաքսային թույլտվողական ընթացակարգերում պարզեցումներ իրականացնելուն»,- արձագանքեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը շատ կարևոր է, և այդպես արդիականացվում են մի շարք գործընթացներ:

Նշենք, որ հայտը կարող է լրացվել և ներկայացվել swis.trade.gov.am կայքում հասանելի «Միասնական հայտ» համակարգում՝ նույնականացման քարտի հիման վրա:

Loading...