13:58   10-06-2021
Բոլոր առկա պատվաստանյութերը լուծում են մեր խնդիրը. Անահիտ Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի նոր խմբաքանակի ձեռքբերմանը: Ըստ նրա՝ հիմա բանակցություններ են ընթանում չինական պատվաստանյութի ևս մեկ խմբաքանակ նվեր ստանալու համար: «Սպուտնիկի-V»-ի և «Աստրա-Զենեկայի» մասով ասեմ, որ հետագայում խմբաքանակներ կստանանք»,- նշեց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է մյուս պատվաստանյութերին, նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց. «Աշնանն ակնկալում ենք ամերիկյան «Նովովաքս» ընկերության պատվաստանյութեր, արդեն ունենք պայմանավորվածություն, նաև պայմանավորվածություն ունենք «Ջոնսոնի» հետ, իսկ «Ֆայզերի» մասով առաջարկը կամբողջացվի շուտով, և լրացուցիչ կտեղեկացնենք»:

Ավանեսյանն ասաց, որ «Մոդերնա» ընկերության պատվաստանյութ ձեռք բերելու համար ընթանում են բանակցություններ, բայց դեռ չկա քննարկվելիք պայմանագիր:

«Սա առողջապահական խնդիր է, և կարևոր է գիտակցել՝ կա պատվաստանյութ, որը լուծում է խնդիրը, և այդքան էլ կարևոր չէ, թե որ պատվաստանյութն է: Կարևորը՝ բոլոր առկա պատվաստանյութերը լուծում են մեր խնդիրը»,- ասաց Ավանեսյանը: 

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ պատվաստվել է ավելի քան 50 հազար հոգի: «Օրական միջին ցուցանիշը 1800-1900 է: Օրական տեմպի համար դա բավական մեծ է»,- ասաց նա:

Loading...