Հայաստանում տեղի ունեցող գործընթացները 37 թվականի հետ համեմատողները հավանաբար միայն լսել են 37 թվականի մասին, սակայն լավ չեն ուսումնասիրել այդ շրջանի մանրամասները: Այդ թվականներիմ հայտնի тройка-ները մեկ օրում հազարավոր մարդկանց էին դատում: Մեր դատական համակարգը այդ տարիների համակարգի հետ համեմատության եզրեր չունի: Սակայն վերջին շրջանի հայտնի կալանավորումները մեզ հնարավորություն են տալու հասկանալ, թե որքանով են մեր դատարաններն իրապես անկախ: Կամայական վճիռների, դատարանների անկախության երաշխիքների մասին զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
- Այսօր խոսելու ենք դատաիրավական համակարգի ուժի մենաշնորհի, կամայական վճիռների մասին: Արդյոք կարո՞ղ է գոյություն ունենալ մի սահմանադրություն և օրենսդրական իրավական այնպիսի համակարգ, որտեղ դատարանի որոշումները, վճիռները, գործընթացներն այս համակարգում չեն որակվի որպես կամայական վճիռներ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, մյուսների հանդեպ դատարանի կայացրած որոշումները շատերը որակում են որպես կամայական, քաղաքական վճիռներ, շատերն անգամ Քոչարյանին քաղբանտարկյալը համարեցին: Արդյոք կարո՞ղ է գոյություն ունենալ իրավական այնպիսի համակարգ, որտեղ դատարանի կատարած գործողությունները հասարակության կողմից չի որակվի որպես կամայական:
- Դա դաստիարակության և աշխարհընկալման խնդիր է: Ես բազմիցս ասել եմ՝ մենք գալիս ենք խորհրդային անցյալից և քայլում ենք այդ բեռը դեռևս մեր ուսերին: Մեր պատկերացումներում դատարանները միշտ էլ եղել են իշխանությունների կամակատարներ: Մենք քայլելով եկել, հասել ենք մինչև 90-ականների սկիզբ, սահման ենք հատել՝ Հայաստանը հռչակվել է անկախ հանրապետություն, դեմոկրատական երևույթներ են ի հայտ եկել, դատարանները հայտարարվել են անկախ, բայց այդ անկախություններն իրականում չեն եղել: Այս ընթացքում, հատկապես 2000-ական թթ., դատարանները միշտ էլ գործել են իշխանությունների ենթակայության տակ, դատավորների ականջը ուղղված է եղել հեռախոսին՝ թե ով կզանգի, ինչ կասի, ինչ հանձնարարություն կտա: Այդ համատեքստում կարող ենք ասել, որ մենք սովոր չենք անկախ դատարանների, չեն տեսել:
- Իսկ դատարանները սովո՞ր են անկախ լինելու:
- Ոչ, նրանք էլ սովոր չեն անկախ լինելուն, որովհետև դատարանները նույնպես մենք ենք: Այս պատկերացումներով մենք ապրել ենք այսքան տարիների ընթացքում և դեռ շարունակում ենք ապրել: Այսօրվա մեր իշխանությունները հայտարարում են, որ դատարաններն իրոք անկախ են, իրենք ոչ մի ճնշում չեն գործադրելու դատարանների վրա, չի լինելու որևէ զանգ կամ հանձնարարություն: Տա Աստված, որ լինի այդպես: Բայց քանի որ դատավորները նույնպես մեզ հետ միասին նույն բեռը շալակած անցյալից քայլելով գալիս են, իրենք դեռ չեն կարող պատկերացնել իրենց անկախությունը կամ լիարժեք օգտվել դրանից, դեռ ժամանակ էլ չի անցել: Մի խոսքով՝ մենք պետք է սովորենք դատարանների անկախությանը, դա կընկալենք որպես բնական երևույթ, ճիշտ այնպես, ինչպես, ասենք, շնչում ենք թթվածինը, կամ անձրև է գալիս: Երբ մենք դա կընկալենք շատ հասարակ, պարզ, աքսիոմատիկ երևույթ, այդ ժամանակ բոլորս (կամ մեծամասնությունը) կկարողանանք ընկալել դատարանի որոշումը կամ վճիռը տրամաբանական, որպես վճիռ, որը պետք է ընդունվի և որի նկատմամբ պետք է հավատ տածվի: Այսօր, քանի դեռ մենք չունենք այն դատարանները և մարդը, քաղաքացին, ով դատարանների նկատմամբ կունենա այդ հավատը, բնական է, որ միշտ էլ կասկածի տակ է առնվելու դատարանի որոշումը, կլինի դա մարտի 1-ի գործով, Ռ. Քոչարյանի կամ մեկ ուրիշի նկատմամբ կայացրած վճիռ: Որովհետև միշտ էլ կգտնվի մարդ, ընկեր, բարեկամ, հարազատ, ով կասի, որ սա քաղաքական հետապնդում է, պատվեր, զանգ վերևից և այլն: Որովհետև մենք դրան ենք սովոր, այլ կարգի դատարան մենք չենք տեսել, այլ կարգի դատարանների մասին մենք լսել ենք: Մեզ պետք է, որ այդ մեր լսած դատարանը դառնա մեր իրականությունը:
- Բայց կա՞ն այդպիսի դատարաններ:
- Այո, եվրոպական, ժողովրդավարական երկրներում վստահ եմ, որ կան նման դատարաններ: Իհարկե, բացարձակացնել ոչինչ պետք չէ, բայց կան հասարակություններ, որոնք սովոր են մի քանի հարյուրամյակ արդեն այդ կարգի դատարաններ և դատավորներ ունենալուն: Նրանց համար իրենց դատավորներն իրոք կույր են, նրանց դատարանները փակ աչքերով ավելի շատ կայացնում են արդար վճիռներ, հակառակ պարագայում այդ դատավորները շատ շուտ ի հայտ են գալիս: Վստահ եմ, որ կան այդպիսի դատարաններ, մենք ուղղակի պետք է սովորենք և դրանցից օրինակ վերցնենք:
- Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այն մարդիկ, ովքեր այսօր կալանավորվել են, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը և իրենց առաջադրված հոդվածով չդատվեն:
- Դատարանի իմաստը հենց դրանում է կայանում. դատարանում մարդը պետք է կարողանա արդարանալ, ապացուցել իր անմեղությունը (եթե անմեղ է), իսկ մեղադրող կողմն էլ պետք է կարողանա ապացուցել, որ մեղադրյալի աթոռին գտնվող մարդը մեղավոր է: Նրանք պետք է ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ, օգտվեն օրենքի շրջանակներում իրենց տրված բոլոր իրավունքներից՝ իրենց ճշմարտությունն ապացուցելու համար, իսկ դատավորը կամ դատարանը, լսելով երկու կողմերին, պետք է կարողանա երկու կողմերից անկախ իր վճիռը կայացնել: Ես հույս ունեմ, որ մի պահից սկսած (ասենք, թող այդ մի պահը լինի այս նոր հեղափոխության օրը) Հայաստանի Հանրապետության նոր դատարանները նոր իրավիճակում կկարողանան կամ կփորձեն իրենց բարձրության վրա գտնվել և կայացնել իրենց վճիռները: Եթե մեղադրյալը դատարանում չի կարողանում լիարժեք պաշտպանվել և այդ մասին հայտարարում է, արդեն կասկածի տակ է առնվում դատարանի վճիռը, և դատավորի կողմնակալ կամ անկողմնակալ լինելը: Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը և ցանկացած մեկը պետք է կարողանան այնքան լիարժեք և համապարփակ իրականացնել իրենց պաշտպանությունը, որ բողոքի, կասկածի տեղ չմնա: Հենց դա է արդարադատության իմաստը, դրանում է կայանում արդարադատությունը: Հակառակ դեպքում, ինչպես մարտի 1-ի կամ բազմաթիվ այլ քաղաքական գործերով տեսել ենք (մեր աչքի առաջ է եղել), երբ մեղադրյալին չեն լսում, պատվիրված է՝ նրան պետք է դատեն, և դատում են: Այնքան շատ են դեպքերը, որ մեր ռադիոլսողն ու ռադիոդիտողն անպայման իր օրինակներն ունի, մեզնից յուրաքանչյուրն առանց երկար մտածելու կարող է թվարկել մի 10-15 անուն: Նորից կրկնեմ. պատվիրված դատավարություններն այնքան շատ են եղել մեր կյանքում, որ նույնիսկ ես եմ կաշկանդվում պատասխանել, թե հույս ունեմ, որ, օրինակ, Մանվել Գրիգորյանը կկարողանա լիարժեք պաշտպանվել, և նրա պաշտպանները դատավարությունից բողոք չեն ունենա: Ես կուզենայի, որ այդպես լիներ, բայց չգիտեմ՝ կլինի՞, թե՝ ոչ: Գոնե օրվա իշխանությունները հայտարարում են, որ այդպես է լինելու, որ իրենք այդ ուղղությամբ են գնում:
- Շատերը դատաիրավական համակարգում տեղի ունեցող այս գործընթացները, կալանավորումները և առկա մթնոլորտը համեմատում են 37 թվի հետ: Դուք, որպես իրավապաշտպան, արդարադատության մարտիկ, ով խորհրդային բանտերում էլ տարիներ է անցկացրել, նման զգացողություն ունե՞ք, վախի մթնոլորտն զգո՞ւմ եք, թե պարզապես արդարություն է հաստատվում, որ որոշ մարդկանց սրտով չէ:
- Բոլոր նրանք, ովքեր խոսում են 37 թվից, ցավով եմ ասում (չեմ ուզում որևէ մեկին նեղացնել կամ վիրավորել), նրանք չեն հասկանում 37 թվի իմաստը, որովհետև 37 թիվը, ըստ էության, արդեն տերմին է դարձել, դա հասկացություն է, որը պետք է ճիշտ օգտագործել: 37 թիվը համատարած բռնությունների շրջան էր, հայտնի նաև «Մեծ տեռոր» հասկացողությամբ: Դա պետական ծրագիր էր՝ մշակված իշխանությունների կողմից, որի թիրախում ոչ միայն դավաճանը, անհուսալի տարրը, հանցագործն էր, այլ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Եվ մարդկանց դատապարտում էին Եռյակները՝ «Տրոյկաները», առանց դատավճռի, մեղադրանքի: Հավաքվում էին, մեր տերմիններով ասեմ, որ հասկանալի լինի՝ հանրապետության դատախազը, Ազգային Անվտանգության (НКВД) ղեկավարը և Կոմունիստական Կուսակցության 1-ին քարտուղարը: Այս երեքով մեկ օրվա ընթացքում կարող էին լսել մի քանի հազար գործ, յուրաքանչյուր գործին տրամադրելով 2-3 րոպե: Ազգային Անվտանգության (НКВД) ղեկավարը լսում էր ծառայողի զեկույցը, քրգործը հարուցում էր Ազգային Անվտանգության (НКВД) ծառայողը, առանց դատախազի սանկցիայի, դատարանի որոշման ձերբակալում էր, հարցաքննում, ամենածանր հանցագործությունների դեպքում, որոնք ենթակա էին գնդակահարության, ծախսում էին 7-10 օր, խմբակային գործերի ժամանակ՝ 15 օր. պարզում էին, որ մարդը մեղավոր է և բերում էին «Տրոյկա»-ի դատին: Զեկուցում էր ԿԳԲ-ի աշխատակիցը (Ազգային Անվտանգության ծառայողը), լսում էին թվարկածս երեք անձինք, և НКВД-ի ղեկավարը գրում էր ռուսերեն «Р» (Ռ) տառը, որը նշանակում էր «расстрелять» (գնդակահարել), մյուս երկուսը ստորագրում էին դրա տակ: Դատավճռի փոխարեն հրապարակվում էր փոքրիկ թերթիկ. այսինչ մարդուն գնդակահարել, այսինչ մարդուն դատապարտել 15 (20, 7, 8) տարվա ազտազրկման: Եռյակներն արդարացնելու իրավունք չունեին. յուրաքանչյուր գործ, որ հասնում էր Եռյակին, կամ պետք է գնդակահարվեր, կամ՝ դատապարտվեր: Ես շատ կարճ փորձեցի բացատրել, թե ինչ է նշանակում 37թ.: Եվ մեր այսօրվա իրականությունը փորձել նմանացնել 37 թվին՝ համատարած տեռորի ժամանակահատվածին, միամտություն է, կամ տերմինը սխալ է օգտագործվում, որի արդյունքում ամեն ինչ խեղաթյուրվում է: Դրա փոխարեն կարելի է ասել, որ ես չեմ հավատում այս արդարադատությանը, Ռոբերտ Քոչարյանին չպետք է ձերբակալեին և այլն:
- Բոլոր գործերին ԱԱԾ-ի այսչափ ներգրավվածությունը որքանո՞վ եք համարում նորմալ այն առումով, որ երբ նախկին իշխանություններն էին, կրկին բոլորս բողոքում էինք, որ ԱԱԾ-ն, թողած ազգային հարցերը, այդ թվում՝ կրոնական տարբեր կազմակերպությունների գործողություններ, մշակույթի ոչնչացում, ավելի շատ զբաղված էր իշխանությունների անվտանգությամբ, քան ազգի հարցերով: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է, որ այսօր ԱԱԾ-ը այսչափ ներգրավված է բոլոր հարցերին. ոչ ոք դատարաններից որևէ ակնկալիք չունի, անգամ դեմոտիվատորները, որևէ դատախազի, դատավորի կամ ինչ-որ մեկի նկար չտեսանք, որ արդարադատության սիմվոլ լինի, միայն ԱԱԾ պետի նկարներն են, ամեն ինչ ԱԱԾ-ով է հղում արվում: Ճի՞շտ է դա:
- Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել այնպիսի կազմակերպված հանցագործություններ, որոնց հետաքննությամբ պետք է զբաղվեն համապատասխան կառույցները. և՛ դատախազությունը, և՛ քննչական ծառայությունը, և՛ ոստիկանությունը, և ԱԱԾ-ն: Քանի որ մենք խոսում ենք առանձին վերցրած ԱԱԾ-ի մասին, ապա պետք է մի շատ կարևոր հանգամանք փաստենք. արդյո՞ք դա Ազգային անվտանգության ծառայություն է, թե՞ դեռ ԿԳԲ (КГБ) է: Մինչև վերջերս ԱԱԾ-ի մասին խոսելիս ես առանց խղճի խայթի և առանց մտածելու, որ կարող է սխալվում եմ, ասել եմ, որ դա նույն ЧК-ն է կամ КГБ-ն: Այսօր էլ ես այնտեղ չեմ տեսնում վերափոխված ինչ-որ մոտեցումներ. նույն սովետական պատկերացումներով աշխատող կառույցն է: Ես միշտ եմ մտածել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ԱԱԾ, որը պետք է զբաղվի հետախուզությամբ, հակահետախուզությամբ, պետության շահերով և իրավունք չունենա միջամտելու երկրի ներսում ծավալված խնդիրներին: Երբ նման կառույցին տրվում է երկրի ներսում գործողություններ կատարելու իրավունք, այդ կառույցը դառնում է «մոնստր»՝ իր բոլոր հնարավորություններն օգտագործող հզոր մի կառույց, և տարվում է հենց դրանով, որովհետև դա շատ ավելի լավ է, հետաքրքիր, քեզ ավելի ճանաչում են, վախենում: Դու դառնում ես «մոնստր», և երկրորդական պլան է մղվում հետախուզություն, հակահետախուզություն հասկացությունները: Սա, նորից կրկնեմ, գալիս է խորհրդային ժամանակներից, երբ ԿԳԲ-ն ամենազոր կառույց էր, զբաղվում էր ամեն ինչով՝ և ներսով, և դրսով, և արտաքին հետախուզությամբ, և բանակով, բոլորը վախենում էին այդ կառույցից: Ադ կառույցը բոլորի համար մի աներևակայելի, աներևույթ մարմին էր, որն ամենուր է, լսում է, տեսնում: Հիմա մեր այսօրվա ԱԱԾ-ին նման մեծ լիազորություններ շնորհելը վտանգավոր է մի քանի տեսակետից. նախ, մարդիկ դրանից ոգևորվում են՝ որը լավ բանի չի հանգեցնում, և երկրորդ ու ամենակարևորը կադրերն են: Այդ մարդիկ գալիս են անցյալից՝ խորհրդային ԿԳԲ-ից, նրանց համար խորհրդային ԿԳԲ-ն և ՉեԿա-ն պատմություն են՝ իրենց սեփական պատմությունը. արդյո՞ք այդ պատմությունն ունեցող մարդիկ կարող են համարվել ԱԱԾ: Ես վստահ չեմ (այդ մասին բազմիցս գրել եմ, խոսել) և չեմ էլ կարծում, որ այս մայիսին տեղի ունեցած մեր հեղափոխությունից հետո մի ակնթարթում այդ կառույցը դարձավ բոլորովին այլ կառույց: Ես կուզենայի, որ այդպես լիներ, բայց այդ կառույցը պետք է վերաձևվի, վերափոխվի, զրկվի հսկայական լիազորություններից և դառնա մի կառույց, որը պետք է զբաղվի միայն ՀՀ պետական անվտանգությամբ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում. գոյություն ունի ԿՀՎ, որն զբաղվում է երկրի անվտանգության խնդիրներով և այլ կառույց՝ ներքին խնդիրներով զբաղվելու համար: Մենք ունենք այդ կառույցները՝ քննչական ծառայություն, դատախազություն, ոստիկանություն, որոնք նույն հաջողությամբ կկատարեին այն գործը, որն այսօր անում է ԱԱԾ-ն: Բոլորովին էլ պետք չէ ոգևորվել ԱԱԾ-ով, նրա պետով, հայտարարել, որ միայն նրանք են աշխատում. ուղղակի, չգիտեմ ինչու, նրանց են հանձնարարել այդ գործը: Եթե ես լինեի հանձնարարողը, հաստատ այդ գործը նրանց չէի հանձնարարի, այլ մի այլ կառույցի, որը կաներ այդ գործը գուցե և ավելի լավ:
- Ամփոփենք. արդարադատական համակարգը կարիք ունի օրենսդրական փոփոխություների: Ո՞րն է լինելու առաջին քայլը:
- Առաջին քայլը պետք է լինի քաղաքական կամքի դրսևորումը, մի բան, որ այսօր կա, կարծում եմ: Երբ օրվա իշխանությունն իր առաջ խնդիր չի դնում պատվերներ իջեցնել դատարանին, ԱԱԾ-ին կամ դատախազությանը, այլ հանձնարարում է նրանց օրենքի դաշտում աշխատել և գտնել, բացահայտել, պարզել (և եթե դաշտում չունի յուրայիններ, որոնց պետք է պաշտպանել, այլ բոլորին հայտարարում է օրենքի առաջ հավասար), այդ դեպքում արդեն ինչ կարգի օրենքներ պետք է ունենանք և որ օրենքը երբ պետք է գրենք, ընդունենք և կիրառենք, դառնում է արդեն երկրորդական: Առաջինը քաղաքական կամքն է, որովհետև բոլոր իշխանություններն էլ ասում են, որ դատարանները մեզանում անկախ են (և՛ Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ Ռ. Քոչարյանի, և Ս. Սարգսյանի), չկա աշխարհում երևի որևէ իշխանություն, որ ասի՝ բոլոր դատավորներն իմ կամակատարներն են: Բոլորն էլ ասում են, որ դատարանն անկախ է, բայց մարդիկ տեսնում են անկախության չափը: Հիմա մենք հնարավորություն ունենք և շատ շուտով ճչացող գործերով (մարտի 1-ի գործը կամ այլ գործեր, որոնք իրենց մեջ քաղաքական երանգներ են պարունակում) կտեսնենք, թե ինչքան են անկախ այսօրվա դատարաններն ու դատավորները: Դեռ ժամանակ ունենք տեսնելու և գնահատելու, որ մեր այսօրվա իշխանությունները ոչ միայն ունեն այդ քաղաքական կամքը, այլև կիրառում են դա առօրյա կյանքում:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էր: Շնորհակալություն: