15:00   14-06-2021
Գործարարության համար այսօր ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր ղեկավարման տարիների ընթացքում Հայաստանում գործարարության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը մասիսցիների հետ հանդիպումը սկսեց մի պատմությամբ՝ Լոռիում մի կրպակի սեփականատեր շնորհակալություն է հայտնել իրեն, կառավարությանը: «Եվ հարցրեցի՝ ինչի համար: Նա ասաց, որ նախկինում պետական ինչքան մարմին կար` գալիս էր իր «փայը» տանելու այդ փոքր կրպակից: Ասում էր՝ հիմա որևէ մեկն այդպիսի հարցով չի մոտենում իրենց: Սա ակնհայտ իրողություն է: Այսօր Հայաստանում, եթե որևէ գործարար կասի, որ նախկինում երբևէ գործարարության համար ավելի լավ պայմանաներ են եղել՝ նկատի ունենալով պետական մարմինների հետ հարաբերությունները, այնքան էլ ճիշտ չի ասի: Որովհետև այսօր գործարարության համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները: Այսօր գործարարությամբ զբաղվող մարդը միայն մեկ խնդիր ունի՝ իր հարկերը վճարում է և դառնում է  անձեռնմխելի»,- ասաց Փաշինյանը:

Նա, սակայն չբացառեց առանձին որոշակի երևույթների գոյությունը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին ՊԵԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների ձերբակալման դեպքեր են եղել՝ գործարարների նկատմամբ ինչ-որ լծակներ գործադրելու համար: Բայց նա շեշտեց՝ իրականությունն այն է, որ այդ երևույթն, ըստ էության, վերացված է Հայաստանից: «Կան մնացորդային երևույթներ, որոնց դեմ մենք պետք է պայքարենք: Այսօր գործարարի գործը հարկ վճարելն է, վճարեց, դառնում է անձեռնխմելի: Եվ այսօր ՀՀ բոլոր փոքր, միջին գործարարները սա չեն կարող չարձանագրել»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու իր՝ ավելի վաղ արած արտահայտությունը՝ նշելով, որ այսօր քրեական գործեր կան, որոնք այդ մասին վկայում են: Նրա խոսքով՝ շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել՝ հավելելով, որ նրանցից մեկը մահացել է:

Loading...