16:57   14-06-2021
Չինաստանը քննադատել է Մեծ յոթնյակի ղեկավարների համատեղ հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը Մեծ յոթնյակի երկրներին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիայի» մեջ այն բանից հետո, երբ G7-ի գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունում Պեկինին կոչ էին արել «հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»։ Մեծ յոթնյակի եռօրյա բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունում ընդգծվում էին Չինաստանում ույղուրների խոշտանգումները, Հոնկոնգում ժողովրդավարության դեմ պայքարող ակտիվիստների հետապնդումները։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատունը Մեծ յոթնյակին անհիմն մեղադրարել է։

«Վերջ տվեք Չինաստանին զրպարտելուն, Չինաստանի ներքին գործերին միջամտելուն և Չինաստանի շահերը վնասելուն»,- հայտնել է դեսպանատան խոսնակը։

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում նաև խաղաղության և կայունության կոչ էին անում Թայվանի նեղուցում։

BBC-ն հավելում է, որ, ամենայն հավանականությամբ, Չինաստանին ավելի խիստ ուղերձ կհղեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր Բրյուսելում։

«Մենք գիտենք, որ Չինաստանը չի կիսում մեր արժեքները։ Մենք պետք է միասին արձագանքենք դրան՝ որպես դաշինք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Loading...