15:05   25-07-2018
Դիմացողը հաղթող է. արդարադատությունը վերականգնվում է 13 տարի անց.«Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

Հիշու՞մ եք Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանին, ով արդեն 13 տարի պայքարում է իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Տասներեք տարի առաջ Սեդրակ Բաղդասարյանը ոչ միայն սեփականությունն է կորցրել, այլև ինժեներ մեխանիկի սիրած մասնագիտությունն ու աշխատանքը: Բուզանդի փողոցի նախկին բնակիչն ասում է, որ գրեթե ամեն ինչի հետ կյանքում կարելի է համակերպվել, բացի անարդարությունից: 13 տարի անց, 2018 թվականին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որ կատարված ունեզրկումն անօրինական է եղել:Բուզանդ փողոցի նախկին բնակիչը վճռական է՝ հասնելու է ոչ միայն փոխհատուցման, այլև պայքարելու է օրենսդրական բարեփոխումների համար, որոնք ապագայում կկանխեն քաղաքացու նկատմամբ նմանօրինակ ապօրինությունները: 
- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: 106,5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Բուզանդի փողոցի նախկին բնակիչ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն է: Ողջո՛ւյն:
- Բարև Ձեզ:
- Արդեն տասներեք տարի է պայքարում եք հանուն Ձեր խախտված իրավունքի, գույքի անձեռնմխելիության: Այսօր բոլորը պայքարում են իրենց իրավունքների համար: Բայց ինչպե՞ս ստացվեց, որ բռնության մենաշնորհի և արդարադատության բացարձակ բացակայության պայմաններում Դուք այդ համարձակությունն ու հետևողականությունն ունեք, որ 13 տարի պայքարում եք նույն նպատակի համար, ի՞նչն էր Ձեզ հուսադրում, որ հաղթելու եք:
- Հետաքրքիր հարց տվեցիք, բայց նախ երկու օրինակ բերեմ: Ես երբեք չէի պատկերացնում, որ կոմունիստներին կարելի է հաղթել: Երբ դա իրականություն դարձավ, և Հայաստանն անկախացավ, ցավոք, այս 28  տարիների ընթացքում մտքովս չէր էլ անցնում, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա անել այն, ինչ արվեց: Հիմա պատասխանեմ Ձեր հարցին: Նախ, մարդ պետք է հավատա իր ուժերին, երկրորդ, իմ այդ պայքարում ինձ օգնեցին և՛ իմ ընտանիքի անդամները՝ ի դեմս իմ տիկնոջ, և՛ ես հանդիպեցի բավականին գրագետ, ինքնասիրություն ունեցող մարդկանց (մինչդեռ կային մարդիկ, որոնք մտածում էին, որ երկու կոպեկ կտան, ոչինչ, թող տանից հանեն): 13 տարի բերանով ասելը հեշտ է թվում, բայց այդ տարիներին (հիմա էլ) վարձով եմ ապրել, բայց շնորհիվ երկրի երկրորդ նախագահի իմ երեխաների մանկությունը գողացվեց: Մի նախագահ, ով ընտրվում է ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը (ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չուներ 10 տարվա գրանցում, բայց ընտրվեց նախագահ): Ազգովի փակեցինք մեր աչքերը, իսկ նրան թվաց, թե սա «բոյախանի կարասն է»՝ ինչ ուզի, կանի: Այսօր խնդիր է առաջացել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Այսպիսի հետաքրքիր հարց է ծագում. արդյոք նա, լինելով Սահմանադրության երաշխավորողը, իրավունք ունե՞ր խախտել այն ու զորք մտցնել: Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն դրա համար պետք է պատասխան տա, հարց եմ տալիս. «Լինելով Արդարադատության խորհրդի նախագահ, բոլոր դատավորներին Դուք էիք նշանակում, Դուք խախտեցիք ՀՀ այն ժամանակ գործող Սահմանադրության 28-րդ հոդվածը, արհամարհեցիք Սահմանադրական դատարանի 1988թ.  ՍԴ – 92 որոշումը, միտումնավոր այդ բոլոր հանցագործություններն արեցիք, որպեսզի տիրանաք Երևանի կենտրոնին և բնակիչների սեփականությանը: Եթե մի մարդ օրենք է խախտում, դատական համակարգը նրան պատասխանատվության է ենթարկում: Երբ մարդը բանկից վարկ է վերցնում, բայց չի կարողանում մարել, դիմում են դատարան և մարդու գույքը բռնագրավում են: Մենք ի՞նչ էինք արել, որ մեր սեփականությունը խլեցին:
- Պետական «գերագահ», ոչ թե գերակա շահ՝ այդպես էր այդ օրերին ասում պրն. Գինոսյանը:
- Ես այլ կերպ եմ ասում՝ Ռոբերտ Քոչարյանի և Երվանդ Զախարյանի, նաև՝ Դավիթ Հարությունյանի շահերն ապահովելու համար, էլ չեմ ասում մնացածների մասին:
- Հիմա խոսենք բուն խնդրից. բացի Ձեզանից, տասնյակ, հարյուրավոր ընտանիքներ մնացին դրսում և ոչ միայն Բուզանդի փողոցում: Եվ եթե բոլորը համախմբված պայքարեին, Ձեր նշած մի քանի կոպեկի դիմաց չհամաձայնեին, այս 13 տարիները Դուք կանցկացնեի՞ք, թե՝ոչ:
- Գիտե՞ք ինչ կա՝ մենք ինքներս ենք որոշում, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել: Եթե մենք ուզում ենք ապրել ստրկատիրական համակարգում, ապա պետք է ամեն ինչին համակերպվենք: Դուք հաղորդման սկզբում նշեցիք՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ. ես պայքարել եմ ոչ միայն իմ անձնական շահի համար, մեր կազմակերպությունը շատերին է օգնել, խորհրդատվություն առաջարկել:
- Ի՞նչ մասնագիտություն ունեք:
- Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, ավարտել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտը: Ամեն ինչ կախված է քաղաքացիների իրավունքներից. ես չեմ մեղադրում այն քաղաքացիներին, ովքեր հնազանդվեցին, քիչ պայքարեցին: Այդ բոլորը հասկանալու համար պետք է պատկերացնենք, թե ինչ համակարգում ենք ապրում: Բոլոր զարգացած երկրներում, երբ գործը մտնում է դատարան, քաղաքացին չպետք է գնա և ասի. «Սահմանադրությամբ դուք իրավունք չունեք». դատարանը պաշտպանում է քաղաքացուն: Եթե ես հանցանք եմ գործել, ապա ինձ համապատասխան հոդվածով դատում են, իսկ իմ սեփականությունը ո՞ր հոդվածի հիման վրա են ինձնից խլել՝ հայտնի չէ: Մեր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները թող ևս մեկ անգամ YouTube-ում փնտրեն և ուշադրությամբ դիտեն Արգելված ֆիլմ «Օտարում» 2-ը  (դրված է երկու ֆիլմ, մեկը 38 րոպե տևողությամբ է, մյուսը՝ 14), որտեղ պարզ երևում է, թե ինչպես էին գալիս, ահաբեկում, անգամ բռունցքով խփել էին երեխայի գլխին: Այդ կադրերը կան, կորած չեն: Եվ ինչ-որ տեղ դա է պատճառը, որ մարդիկ վախենում էին, ստիպված էին լինում համաձայնել: Նշեմ նաև, որ այնտեղ կային նաև այնպիսի մարդիկ, ովքեր  սեփականություն չունեին, եկել, լիազորներին փող էին տվել, գրանցվել, այսինքն՝ պետք է նայել խնդրի երկու կողմն էլ: Բայց ստացվում էր, որ ագահ ենք, այս խեղճ պետությանն ուզում ենք թալանել: Այս «խեղճ» պետության արտաքին պարտքը 1 միլիարդից դարձավ 7 միլիարդ. կներեք, բայց ո՞վ լափեց այդ փողը: Վարչապետը շատ հստակ ասեց: Քաղաքացին սեփականության, բնակարանի և, ընդհանրապես, քաղաքում, կենտրոնում ապրելու իրավունք ունի, բայց չես հասկանում ինչու, դա պետական կարիքի անվան տակ չընկավ:
      - Հիմա ո՞ր փուլում է Ձեր գործը, և ի՞նչ հույսեր ունեք:
      - Շատ հետաքրքիր փուլում է, պատմեմ հնարավորինս կարճ: Երբ մենք համառությամբ գնացինք, հասանք ԵԴ, ՀՀ կառավարությունը հասկացավ, որ ինքը պարտվելու է: Այդ ժամանակ փոխանակ ինձ՝ Հայաստանի քաղաքացուս, կանչեն, ասեն (թող չասեն՝ հարգելիս). «Մենք ուզում ենք Ձեզ հետ հաշտություն կնքել» (վերջ ի վերջո նաև իմ հարկերի հաշվին են այս իշխանավորները, կոռումպացվածները, չինովնիկները փող աշխատել), ԵԴ-ից եկավ մի թուղթ, որով տեղյակ էին պահում, որ պետությունն ուզում է ինձ հետ հաշտություն կնքել: Ես ասեցի՝ խնդիր չեմ տեսնում: Ինձ առաջարկեցին 140 քմ տարածքով բնակարան և 7 մլն 200,000 դրամ գումար՝  մինչև 2005-2010 թվականը: Ինչո՞ւ 2010 թ., երբ առաջարկը եղել է 2008թ., և առաջարկում էին այն շենքից, որի կառուցումն ավարտվելու էր 2010թ. և գտնվում էր նույն փողոցում, իմ տանից 50 մ հեռավորության վրա: Միայն անխելք մարդը կհրաժարվեր նման առաջարկից, և ես համաձայնեցի: Միայն անհասկանալի էր, որ եթե դեռ շենքի փոսն էլ չեն փորել, ինչպես են 2 տարում 14 հարկ կառուցելու: Ասում եմ. «Եթե տալիս եք, տվեք իմ տան տեղը, ես ոչ քառակուսի եմ պահանջում, ոչ ուրիշ բան»: Պետությունը դա էր առաջարկում: Անցավ 2 տարի: Այդ ժամանակ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, հայտնի Գևորգ Կոստանյանը նամակ է գրում, որ Սեդրակ Բաղդասարյանը հրաժարվում է այդ առաջարկից: Կրկնում եմ՝ ինձ չեն կանչել, չեն բանակցել, բայց ՄԻԵԴ հայտնում են, որ հրաժարվել եմ: Կանոնակարգ գոյություն ունի.  պետությունը, օգտվելով իր իրավունքից, ՄԻԵԴ-ում հայտարարություն է արել, խոստացել, որ ինձ կտրմադրեն բնակարան (այս անգամ արդեն 117 քմ տարածքով) և խնդրել է իմ գործը հանել վարույթից: Ընդ որում Գ. Կոստանյանը նամակում գրել է, որ իչենց է տրամադրում բնակարանի սեփականության վկայականը: ՄԻԵԴ-ը մտածելով, որ կառավարությունը նման բան չի կարող անել (խաբել), 2011թ. նոյեմբեր ամսին որոշում է կայացնում՝ իմ գործը վարույթից հանել. «Պետությունը ստանձնել է Ձեզ տալ բնակարան, մենք Ձեր գործը վարույթից հանում ենք, համարում ենք այս հարցը լուծված: Խնդրում ենք կապվել պրն. Կոստանյանի հետ:»: Ես 2012թ. նամակ գրեցի պրն. Կոստանյանին, բայց առ այսօր, ինչպես ասում են, «աչքս ջուր է կտրում», թե պրն. Կոստանյանը երբ կպատասխանի: 4 օր անց ինձ հրավիրում են Արդարադատության նախարարություն, որի նախարարն այն ժամանակ Հրայր Թովմասյանն էր: Նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանն ինձ ասում է. «Մենք պատրաստ ենք Ձեզ այդ բնակարանը տալ, բայց մտածեցինք, որոշեցինք, որ Դուք պետք է վերադարձնեք 2005թ. դատարանով Ձեզ վճարված 20,000  դոլարը»: Ես զարմացա և ասեցի. «Բայց չէ՞ որ ԵԴ որոշման և ՀՀ կառավարության առաջարկի մեջ մի տառ անգամ գրված չէ, որ պետք է փող տամ»: Պատասխանում է. «Ճիշտ եք ասում, բայց մենք ենթադրում էինք, որ Դուք պետք է փող տաք»: Փառք Աստծո, որ ուրիշ բան չի ենթադրել: Ես չհասկացա, թե այդ «մենք»-ը ով էր՝ ինքն ու Հրայր Թովմասյանը միասի՞ն, թե՞ մի քիչ ավելի բարձրանանք՝ Սերժ Սարգսյանը: Ինչևէ, ես ասեցի. «Խնդիր չկա, դուք ինձ պաշտոնական գրություն տվեք, որ ես իմանամ որ հաշվեհամարին փոխանցեմ»: Առ այսօր չեմ ստացել: Զարմանալին այն է, որ այդ փողը պետբյուջեից չի գնացել: Այսինքն՝ Ռուբեն Մելիքյանն ինձանից կաշառք էր ուզում: Եվ դա ոչ միայն իմ գործով էր, նաև իմ հարևան 2 ըտանիքի՝ Ղարիբյանների և Ղասաբյանների: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը խաբում է ԵԴ-ին՝ ստանձնեց պարտավորություն և չտվեց:  Ասեմ ավելին, այդ բնակարանները, որ մեր երեք ընտանիքներից յուրաքանչյուրին առաջարկվում էր (համաձայն Գ. Կոստանյանի նամակի՝ սեփականության վկայականն ուղարկվել էր), ուրիշի սեփականությունն էին: Հիմա, մի կողմից՝ կառավարությունը  խաբում է ԵԴ-ին, մյուս կողմից՝ Արդարադատության նախարարությունը կաշառք է ուզում ԵԴ որոշումը կատարելու համար: Եվ այդ որոշումն առ այսօր չի կատարվել: Օգտվելով նրանից, որ ԵԴ ճանաչեց իմ իրավունքի խախտումը, ես  նոր հանգամանքներով մտա Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բեկանեց մինչ այդ եղած բոլոր որոշումները և գործն ուղարկեց 1-ին ատյանի դատարան՝ վերաքննության: 2018թ. մայիսին 1-ին  առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց՝ մերժել ԾԻԳ-ի հայցը: Ուզում եմ կառավարության մոտեցումն ասել. քաղաքապետարանը հայցադիմումը դատարան էր ներկայացրել հետևյալ բովանդակությամբ. «Պարտադրել (երևի պետք է ծեծեին) Սեդրակ Բաղդասարյանին կնքել պայմանագիրն այսինչ գումարի չափով, և նրան ու տարածքն զբաղեցնող այլ անձանց (խոսքը գնում է ընտանիքիս և երեխաներիս մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության համար իմ կինն ու երեխաները տարածք զբաղեցնող անձ են) վտարել Բուզանդի տվյալ հասցեից»: Ո՞ւր վտարել, լավ է չեն գրել՝ Դեր Զոր: Հիմա այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Ես պահանջում եմ՝ վերադարձրեք իմ սեփականությունը. եթե չկա իմ նկատմամբ որևէ իրավական վճիռ, որոշում, ապա բարի եղեք վերադարձնել ինձնից բռնի ուժով խլած իմ բնակարանը,: Այս բոլորը ես դիմումով ներկայացրել եմ վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ պետ պրն. Վանեցյանին: Ուզում եմ երկու բառ ասել իրավունքի սեփականության հետ կապված, որը շատ կարևոր հանգամանք է, որովհետև, ցավոք, մինչև օրս մեր երկրի իշխանավորները ոչինչ չարեցին քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, այլ իրական փաստեր, ինչպես Դուք բերեցիք Կոնդի բնակիչների օրինակը: 2006թ. Սահմանադրական դատարանը կառավարության բոլոր որոշումները ճանաչեց հակասահմանադրական, և օրենք ընդունվեց սեփականության օտարման վերաբերյալ: Բայց այդ գործընթացը չարվեց նրա համար, որ քաղաքացու իրավունքը պաշտպանվի, ես սա հստակ եմ ասում: Քանի որ մինչ այդ բոլոր գործընթացները, որ կառավարությունը կատարել էր Հյուսիսային, Գլխավոր պողոտայի բնակիչների նկատմամբ, արվել է առանց օրենքի առկայության: Եվ դա մեզ հնարավորություն տվեց դիմել ԵԴ: Հիմա Դուք կասեք. «Իսկ ինչո՞ւ Հյուսիսային պողոտայի բնակիչները համաձայնեցին, ստորագրեցին»: Դա մի քիչ այլ հարց է. ճիշտ է, գույքը քիչ էին գնահատում, բայց այն ժամանակ անշարժ գույքի գինն էլ բավականին ցածր էր, մարդկանց ձեռքը փող չկար, և շատ-շատերին ես հասկանում եմ: 90 տոկոսը չէր էլ ուզում պայքարել, որովհետև մտածում էր. «Մեկ է՝ դատարանն էլ է իրենց ձեռքը, ամեն ինչն էլ»: Եվ հետագայում ԵԴ դիմողների քանակը և նրանց այդ հնարավորությունը կանխելու  համար պետությունն ընդունեց այդ օրենքը, այն չի պաշտպանում քաղաքացիներին: 2006թ. քանդեցին Կոնդի բնակիչների տները, եթե չեմ սխալվում՝ 35 բնակիչներ  իրենց ձեռքին ունեն պայմանագրեր, իսկ շենքը նոր-նոր նշմարվում է: Կրկնում եմ՝ 2006թ.: Նույնը և Ֆիրդուսի փողոցի տարածքում: Եթե մեզ վտարում էին «պետական կարիքների համար», հիմա վտարում են, որովհետև տարածքը ճանաչվել է «բացառիկ գերակա հանրային շահ»: Բայց այդպես էլ չհասկացանք՝ որն է պետական կարիքը, որը՝ հանրային գերակա շահը:
- Փաստորեն Ձեր հույսն այս պահին մեր արդարադատության հաստատման վրա է:
- Այդ գործընթացի հետ կապված էլի խնդիրներ եղան, ոչնչացվեցին պատմամշակութային հուշարձաններ, և այդ կծիկն իր հետևից բերեց հանցագործությունների մի մեծ շղթա: Հիմա պետք է վերականգնվի քաղաքացիների նկատմամբ կատարված անարդարությունը: Ես ողջունում եմ այն, ինչ այսօր կատարվում է. մարդիկ կատարել են տնտեսական հանցագործություն, հիմա վերականգնում են  վնասը, և թող գնան, շարունակեն իրենց բիզնեսը: Սա նորմալ է, խնդիրն այն չէ, որ Պողոսին տանենք, նստացնենք: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը՝ Հովհաննես Հովսեփյանը, նորակառույց շենքում ունի 5 բնակարան: Հարց է ծագում՝ կոռուպցիայի դեմ պայքարող, համեստ աշխատավարձով ապրող մարդուն որտեղի՞ց այդքան բնակարան: Ռոբերտ Քոչարյանը, որը չուներ սեփականություն, այսօր դղյակ է ստացել՝ բավական չէ, մի հատ էլ գրասենյակ են տվել: Ես չեմ հասկանում՝ այդ գրասենյակն ինչո՞ւ են տվել նրան, պետբյուջեից էլ փող են տալիս գրասենյակը պահելու համար: Այդտեղ կարող էին Բաքվից փախածներին բերել, տեղավորել. ընդ որում նրանք այդտեղ ապրում էին, հանեցին, գցեցին փողոց, նույնիսկ մի քանիսը մահացան: Այսինքն, այստեղ մոտեցումը պետք է լինի ոչ թե  վհուկներին փնտրելը, այլ արդարությունը վերականգնելը: Բացի այդ, մենք (մեր կազմակերպությունը և Ֆիրդուսի, Տերյան (23,25 շենքը) փողոցների բնակիչները) դիմել ենք վարչապետին, առաջարկել ենք, որպեսզի օրենքը վերամշակվի: Մեր բոլոր օրենքները պաշտպանել են չինովնիկների, իշխող կուսակցության (ՀՀԿ-ի, դրանից առաջ՝ ՀՀՇ-ի) շահերը, բայց ոչ մի օրենք չի պաշտպանել քաղաքացու շահերը: Ես դատարանում չպետք է ասեի. «Գիտեք, դուք խախտում եք ՀՀ Սահմանադրությունը»: Իսկ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ պրն. Մկրտումյանը նայում էր աչքերիս և ասում. «Դուք ուրիշ փաստարկներ ունե՞ք, թե՝ ոչ»:
- Վերջին հարցը. մինչև այս ոտնահարված սեփականության իրավունքի վերականգնման համար պայքարելը Ձեր մասնագիտությամբ զբաղվե՞լ եք: Իսկ այսօր ավելի շատ իրավական խնդիրներով ե՞ք զբաղվում, թե՞ մասնագիտությամբ:
             - Վատը նա էր, որ ես նախ և առաջ կորցրեցի աշխատանքս, քանի որ պայքարում էի  (իմ տարածքը վերցրել է ԿԳԲ-ի պետի տեղակալը), անգամ 7-րդ դասարանում սովորող երեխայիս հետևից էին գնացել ինչ-որ սև մեքենայով: Ինձ իր մոտ կանչեց մեր թաղային լիազորը և զգուշացրեց, որ երեխայիս փախցնեմ: 2006թ. ինձ և ընտանիքիս անդամներին գրանցումից հանեցին, որի պատճառով չկարողացանք գործի ընդունվել, ընտրություներին մասնակցել: Ես դրա մասին բազմիցս գրել եմ, ահազանգել, դիմել ՄԻՊ-ին, ԵԱՀԿ-ի դեսպանին: Շատերը զարմացած հարցնում են. «Պրն. Բաղդասարյան, Դուք կարո՞ղ է իրավաբան եք»: Ես իրավաբան չեմ, ուղղակի խորհրդային ժամանակ ծնված, բավականին լավ կրթություն ստացած, իմ իրավունքները, արժանապատվությունը, ընտանիքս հարգող մարդ եմ և պայքարում եմ իմ իրավունքների համար: Իսկ մնացածը գրագետ մարդը կկարդա՝ կհասկանա: Հիմա ես պահանջում եմ իմ ընտանիքի զբաղեցրած տարածքը: Իմ սեփականությունը՝ հողամասով տունը, որը կառուցել է իմ պապիկը, ինձ համար անգին է. ի՞նչ է նշանակում, որ մեկը պետք է գա և գնահատի իմ տունը, ո՞վ է թույլ տվել: Եթե ես համաձայն չեմ, ի՞նչ իրավունք ունես, ի՞նչ պետական կարիք... Իմ տան տեղը կառուցել են ռեստորանային համալիր-հյուրանոց՝ «Կովկասի գերուհին», դա՞ է պետական կարիքը:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Բուզանդի փողոցի նախկին բնակիչ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էր: Շնորհակալություն:
 
 

Loading...