11:35   22-06-2021
Ռուսաստանն ակնկալում է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով. Զախարովա
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի արված մեկնաբանության մեջ:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով», - նշվում է մեկնաբանության մեջ:

Զախարովան շեշտել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, եւ չկան մեծ խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները նմանատիպ գնահատականներ են տվել», - հավելել է նա:

Գրում է News.am -ը:


Loading...