16:14   22-06-2021
Պատվաստումների կատարողականը նվազել է
Թողնել մեկնաբանություն

Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 65 հազար 719 մարդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրանցից 53 հազարը ստացել է առաջին դեղաչափը, ավելի քան 12 հազարը ստացել է երկրորդ դեղաչափը:

«Փաստորեն, ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել: Դա նշանակում է, որ պատվաստումների հարցով տարածաշրջանում Հայաստանը հետին տեղում է: Սա շատ վատ ցուցանիշ է, եթե այս տեմպերով գնանք, ապա կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, սահմանափակումները հանելու նպատակի իրագործման ժամկետը կերկարաձգվի, տարիներ կտևի»,-ասաց Գայանե Սահակյանը:

Ներկայում օրական կատարվում է մոտ 1 500 դեղաչափ պատվաստում, իսկ նախկինում կատարվում էր օրական 2 000 դեղաչափ պատվաստում: Դա նշանակում է, որ երկրում պատվաստումների կատարողականը նվազել է: Մասնագետի խոսքով, միգուցե այս պասիվությունը պայմանավորված է երկրում համաճարակային կայուն իրավիճակով: Երբ ամիսներ առաջ կորոնավիրուսով վարակվելու դեպքերն օրական հազարի էին հասնում, այդ ժամանակ քաղաքացիները ահաբեկված շտապում էին պատվաստվելու: Հիմա կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն մասնագետները կանխատեսում են առաջիկայում դեպքերի ավելացում՝ հաշվի առնելով, որ վիրուսի վերարտադրողական ցուցանիշն աճել է:

Loading...