15:29   11-07-2018
«Ինձ հետապնդեցին Facebook-ում գրառման համար ու դատապարտեցին առանց ապացույցների». Ներսես Պողոսյան. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատապարտված և օրերառաջ ազատ արձակված Ներսես Պողոսյանը պնդում է՝ «Ինձ հետապնդել են քաղաքացիական ակտիվության, ֆեյսբուք սոցցանցում ոստիկանների մասին գրառման համար, դատապարտել են առանց ապացույցների»: Ներսես Պողոսյանը նախատեսված ժամկետից 13 օր ավելի է կրել պատիժը, բայց նշում է, որ չի գնալու արդարացման վճռի հետևից, քանի դեռ դատաիրավական համակարգը լիովին չի փոխվել, քանի դեռ դատավորները դատում են առանց ապացույցների ու առանց օրենքի ուժի: Ներսես Պողոսյանի գործի մանրամասների մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այսօրվա թողարկումը:
- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատապարտված, այսօր արդեն ազատ արձակված Ներսես Պողոսյանին: Բարեւ ձեզ:
- Բարեւ Ձեզ:
- Նախ շնորհավորում եմ ազատ արձակվելու համար: Ասեմ, որ Ձեր գործը պակաս հանրային չէր, քան Ժիրայր Սեֆիլյանինը կամ Գեւորգ Սաֆարյանինը: Այս երկու տարվա ընթացքում Ձեր մասին շատ կարդացինք: Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Ձեզ կալանավորել են Ֆեյսբուքում ստատուս գրելու համար: Ինչի՞ համար էին Ձեզ կալանավորել  իրականում եւ ինչի՞ համար՝ փաստաթղթերով:
- Նախ շնորհակալ եմ ժողովրդից,  որովհետեւ այդ ազատությունը եղավ ժողովրդի կամքի ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմի շնորհիվ: Նրանք այն ուժը եղան, որ մինչեւ վերջ գնացին, եւ, կոպիտ ասած, ժողովրդի վիզը ծուռ չթողեցին: Ես ոչ մեկին չեմ փնովում, բայց  այս 20 տարիների ընթացքում շատ լիդերներ կային (շատ օրինակներ կարող եմ բերել), որ կեսից գնացին կամ տուն, կամ Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու եւ այլն: Իրենց որոշումն է եղել: Նիկոլ Փաշինյանը միշտ ասում էր. «Եթե ես դուրս գամ իշխանափոխության, գնալու եմ մինչեւ վերջ, երբ իմանամ, որ հաստատ անելու եմ»: Երբ ինքը սկսեց քայլել, ես կալանավայրից արդեն հավատում էի, որ ինքն այդ հաղթանակը տանելու է: Ժողովուրդն էլ սկսեց հավատալ ու կանգնեց նրա կողքին. եթե ժողովուրդը չկանգներ՝ միանշանակ չէր լինելու: Հիմա անցնեմ իմ կալանավորմանը. ճիշտ են ասում, որ պատճառն իմ ֆեյսբուքյան ստատուսն է եղել: Մի անգամ ես տեսա, թե Բաղրամյան 26-ի դիմաց ոստիկաններն ինչպես էին քաշքշում զոհված զինվորների մայրերին, շատ ծանր տարա եւ ֆեյսբուքում հայհոյախառն խոսքեր գրեցի: Նա այն զինվորի մայրն է, ով սահմանին կանգնած պաշտպանել է նախկին իշխանության երեխաների անդորրը: Հայ տղամարդը չի կարող ծնողին (ցանկացած հայ աղջկա, կնոջ) նման կերպ վերաբերվել, դա մեր գենի մեջ է»: Գրեցի, վիճեցինք: Գիշերը զանգ եղավ, հետո այդ զանգը կորավ, իսկ մի քանի օրից ինձ կալանավորեցին: Ես ասել էի. «Որ գաք՝ զոհեր եք տալու»: Իրենց երեւակայությամբ մտածեցին. «Քանի որ ասել է, հարմար է, վրան «զենք գրենք»՝ թող գնա (քանի որ ուրիշ բան չէին կարող, ասածիս մեջ միայն այդ էր)»: Դրա հիման վրա ինձ կալանավորեցին: Եկան, տունը խուզարկեցին, բնական է, որ ոչինչ չհայտնաբերեցին, բայց թղթերի մեջ գրեցին, որ զենք է հայտնաբերվել: Իմ առաջին հացադուլը դրա համար է եղել: Կոմիտեից գործը գնացել էր ՀՔԾ, հարցնում եմ. «Ո՞ւր է խուզարկության թուղթը, այնտեղ նաեւ ընթերականեր են եղել»,  ասում են. «Քննչական կոմիտեն  (Մակինյանը) այդպես  է գրել»: Քննիչին ասեցի. «Գնա ղեկավարիդ  ասա՝ Արգենտինայում դիակ կա, հանցագործին գտել ենք, Նուբարաշենում նստած է՝ Ներսեսը: Դա էլ «կարեք վրաս»: Ասեցի. «Ասեք, որ դատապարտում եք զինվորների մայրերի հետ նման կերպ վարվող ոստիկաններին, նրանց այդ հրամանը տվող ղեկավարներին հայհոյելու համար: Էլի եմ հայհոյում ու միշտ կհայհոյեմ: Ինձ դատեք այդ մեղադրականով, եւ ես կընդունեմ իմ մեղքը»: Բայց գրել էին 2 ինքնաձիգ, 10 շենք՝ կինոյի սցենար: Ասեցի. «Գոնե զենքերի քանակն ավելացրեք, որ սցենարին համապատասխանի»: Ասում են՝ խումբ, բայց այդ մարդկանց մինչեւ դատը չեմ ճանաչել, իսկ Ժիրայր Սեֆիլյանին որպես ազգային հերոս եմ իմացել: Ճանաչել եմ միայն Հովոյին (որը, ինչպես հետո պարզվեց, իրենց մարդն է եղել՝ եղբոր հետ), մեկ անգամ եղբորն եմ տեսել ու Գալուստին: Գալուստից հաստատ ցուցմունքը կորզել էին. ես չեմ տեսել, թե նա ինչ է գրել ու ստորագրել, բայց դատարանում կանգնեց ու պարզ ասեց, թե ինչպես է եղել: Ինչքան տեղյակ եմ՝ դատարանում ասածն է հիմք ընդունվում: Ես գիտեի, որ արդար դատ չի լինելու, որովհետեւ մեր դատական համակարգը խայտառակ վիճակում է գտնվում, եւ չգիտեմ՝ փոփոխություն կլինի՞, թե՝ ոչ, որովհետեւ պետք է մտածելակերպ փոխվի:
- Իրավապաշտպաններն ասում են, որ Ձեր եւ մյուսների գործերում իրավական կազուսները շատ աբսուրդային են: Ըստ Ձեզ, կալանավորումից մինչեւ ազատ արձակելը Ձեր ո՞ր իրավունքն է ամենաշատը խախտվել:
- Առաջինն այն էր, որ չկիրառվեց ստորագրությունը որպես խափանման  միջոց: Իրենք շատ լավ գիտեին, որ ես փախնող տեսակ չեմ, կյանքում ոչ մի բանից չեմ փախել: Ստորագրություն չկիրառեցին նույնիսկ այն ժամանակ, երբ մայրս վթարի ենթարկվեց: Ես նրանց ասում էի, որ իմ հանդեպ անձնական թշնամանք են տածում, իսկ եթե՝ ոչ, ապա թուրքի քաղաքականություն, ինչպես 1915թ., երբ տան տղամարդկանց տարան եւ ընտանիքը թողեցին  անտեր: Նույն վիճակն էր. մայրս հիվանդանոցում պառկած, լուր չունեմ, երեք փոքր երեխաներս տանը, եւ ստորագրություն չեն կիրառում այն դեպքում, երբ «Ելք» դաշինքը եւ ԱԺ 9 պատգամավորներ երաշխավորել էին:
- Ի՞նչ եղավ այդ երաշխավորության ճակատագիրը:
- Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց, չէր կարող չմերժել: Աբսուրդ է՝ սպանություն չէր,  իսկ այդ 2 ինքնաձիգի համար (եթե նույնիսկ  իսկապես լիներ) հոդվածը նախատեսում էր 0-3 տարի: 9 պատգամավոր երաշխավորում է, եւ իրենք մերժում են, այսինքն՝ իրենց համար ամեն ինչ մեկ էր. իրենք մեկ հրամանատար ունեին (ինչպես իրենց կուսակցությունից մեկն ասաց. «Սերժ Սարգսյանը մեր պապան ա»), եւ նա ինչպես ասեր՝ այնպես էլ պետք է անեին:
- Դուք ասում էիք, որ գործի ընթացքում Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին քննիչները սպառնացել են:
- Այո, Մակինյանը քննչական կոմիտեում ասեց. «Նայի, տղա ունես, եղբայր»: Ես պատասխանեցի. «Օրենքի դուռը չեմ վազելու, եթե հանկարծ ընտանիքիս անդամներից մեկի գլխից մի մազ պակասեց, ընտանիքիդ բոլոր անդամներին հերթով կտոր-կտոր կուղարկեմ քեզ նվեր: Ոնց կբարեւեք՝ այնպես էլ պատասխան կստանաք: Ընտանիքիցս հեռու մնացեք, խնդիրը ես եմ՝ ինձ հետ էլ արեք»:     
-Դուք 2 անգամ բավական երկար ժամանակով հացադուլ էիք հայտարարել՝ ի՞նչ պահանջով եւ ի՞նչ արդյունքի հասաք:
- Այո, 2 անգամ երկար ժամանակով: Պահանջը եղել է խափանման միջոցի փոփոխումը, որն այդպես էլ չեղավ: Հետո այդ հացադուլներից մեկի ժամանակ (10 ամիս անց) վերջապես բարեհաճեցին ասել, որ սխալմունք է եղել, այսինքն՝ խուզարկել են, 2 թերթ գրել, որ տանը զենք են հայտնաբերել: Հետո պարզվեց, որ սխալմունք է եղել. չգիտեմ, թե որտեղից հայտնվեց այդ անհետացած թուղթը: Ոչ զենք եմ ունեցել, ոչ հեռախոսային լսումներ կան, միայն ցույց է տալիս, որ դեկտեմբերի 1-ին եղել եմ Աթոյան փողոցում: Ասում եմ. «Աթոյան փողոցը լայն հասկացություն է:  Ցուցմունքում գրված է, որ Աթոյան փողոցում եղել ենք բոլորս միասին, իսկ հեռախոսային վերծանումների մեջ երեւում է, որ ես մինչեւ 11:40 եղել եմ Աթոյան փողոցում, հետո՝ Ավանում: Այսինքն՝ կամ ցուցմունքն է սուտ, կամ հեռախոսային վերծանումը, չի կարող երկուսն էլ ճիշտ լինի: Հիմա դուք ո՞րն եք հիմք ընդունել»: Ու էլի շատ հարցեր, որոնց պատասխանն այդպես էլ չստացա, ու «շատ սիրուն» դատեցին: Ես չէի ուզում դատը հետաձգվեր, որովհետեւ մեր վճիռն ամենասկզբից եղել է. երբ կալանավորեցին, արդեն գիտեին, թե ում քանի տարով պետք էր ազատազրկել: Ասում էի. «Թող այս շոուն շուտ վերջանա, մեզ դատեն ու փակ ռեժիմից տեղափոխեն բաց ռեժիմի բանտ»:
- Ի վերջո ծանոթացա՞ք Ժիրայր Սեֆիլյանի հետ, եւ նա ի՞նչ էր մտածում Ձեր գործի վերաբերյալ:
- Ի վերջո ծանոթացա դատերի ժամանակ: Ինչպես ես, Սեֆիլյանը նույնպես  կարծում էր, որ բոլորիս գործը սարքած է, դա ոչ այլ ինչ էր, քան՝ քաղաքական հետապնդում:
- Դուք մտածում եք, որ Ձեզ, այնուամենայնիվ, քաղաքական հայացքների համա՞ր  էին կալանավորել:
- Միանշանակ:
- Դուք քաղաքական ակտիվիստ եք:
- Ես ակտիվիստ չեմ եղել, բայց միշտ, երբ տեսել եմ, որ ոստիկանական համակարգը ժողովրդիս վրա ձեռք է բարձրացնում, այնտեղ կանգնած եմ եղել: 2003թ. սկսած (դեռ ավելի վաղ՝ 1996-ից) ես միշտ մասնակցել եմ հավաքներին եւ ժողովրդի կողքին եմ եղել, ոչ թե լիդերի:
- Կան դեպքեր, օրինակ, Անդրիաս Ղուկասյանինը, դասական օրինակ է, թե ինչպես կարելի է մարդուն ոչ մի բանի համար դատապարտել եւ զրկել ազատությունից: Մեզ հյուր էր Կարո Եղնուկյանի փաստաբանը եւ ասում էր, որ չեն կարողանում պաշտպանել (ի դեպ, Կարո Եղնուկյանն ինքն էլ իրավաբան է) նրան, որովհետեւ չգիտեն, թե ինչի համար են մեղադրում իր պաշտպանյալին: Նույն այդ աբսուրդային գործերի շարքում էր եւ Ձեր մեղադրանքը. Դուք այդպես էլ չհասկացա՞ք օրինականությունն ու մեղադրանքը:
- Ոչ, չեմ հասկացել, ուղղակի իրենց խանգարում էինք, մեզ տեղափոխեցին բանտ: Իրենց մտածելով՝ ազատությունից զրկեցին, բայց չէին հասկանում, որ կենդանուն կարելի է պահել վանդակի մեջ, ու նա ազատությունից զրկված լինի: Մեզ, կոնկրետ՝ ինձ, բանտ տեղափոխելով ազատությունից չեն զրկել. իրենց քննիչներին տեսնելով, ինչպես դրսում եղած ժամանակ, ներսում էլ նույնն եմ ասել, դատերի ժամանակ դատախազներին էլ ասել եմ՝ ինչ պետք էր: Իրենք չէին հասկանում, որ դրանով չեն կարող ինձ ազատությունից զրկել, ճնշել: Եթե ես հիմա դուրս եմ եկել, դա չի նշանակում, որ եթե վաղը տեսնեմ, որ մի ոստիկան մի հայ աղջկա խփելու է կամ մի մոր  քաշքշի, կասեմ. «Վայ, ինձ դատելու են, գլուխս վերցնեմ, գնամ»: Չէ:
- Ի վերջո Ձեզ ազատ արձակեցին, բայց, ըստ էության, Ձեզ սահմանված պատիժը մինչեւ վերջ կրեցիք:
- Առաջին ատյանի դատարանը դատապարտեց 3.5 տարվա ազատազրկման, Վերաքննիչը փոխեց 2 տարի, բայց ես 2 տարի 13 օր արդեն նստած եմ եղել:
- Սովորաբար նման շինծու գործերով (ինչպես Ձեր դեպքում էր) մարդիկ գնում են արդարացման անգամ ազատ արձակվելուց հետո: Ձեր պլաններում դա կա՞:
- ԵԴ միանշանակ չեմ դիմելու: Իսկ մեր դատական համակարգին նայելով դեռ հույս չունեմ, որ Վճռաբեկ դատարանին դիմելով արդարացումը կլինի, քանի որ նշանակություն չունի՝ գործը քաղաքական է, թե՝ քրեական, մեր դատարանները չեն հասկացել, որ վիճակ է փոխվել: Բազում օրինակներ գիտեմ, որ քրեական գործերով մարդիկ նստած են, դատավորներն էլ գիտեն, որ նրանք անմեղ են, բայց 1-ին ատյանի դատարանի որոշումից հետո նրանք դեռ անորոշության մեջ են՝ արդարացնեն, չարդարացնեն, ինչ կլինի իրենց հետ: Երբ նկատեմ, որ իրենց մոտ մտածելակերպի փոփոխություն կա, նոր կդիմեմ Վճռաբեկ: Իսկ հիմա չեմ հավատում, որ արդարացման վճիռը լինելու է: Եթե անգամ մարդը մի բան արել է, բայց փաստ չունեն եւ առանց փաստի դատում են, դա նշանակում է, որ ուրիշի փոխարեն են դատում, դատում են ներքին համոզմունքով: Մեր Քրեական օրենսգրքից, համակարգից պետք է դուրս գա ներքին համոզմունքով դատելը, որի արդյունքում սխալվելով, մարդկանց ընտանիքների, ճակատագրերի հետ է խաղում:
- Այսօր կալանավայրերում կա՞ն մարդիկ, որոնց անձամբ ճանաչում եք ու մտածում, որ շատ ավելի աբսուրդային գործեր են, քան Ձերը, նույն քաղաքական հայացքների համար:
- Իրենք հանրային հնչեղություն չունեն, բայց որ աբսուրդային գործեր են՝ բազում են: Այդ գործերի մեջ խորանալով տեսնում ես, որ հիմքում քաղաքական հայացքներն են. չեն ենթարկվել Վովա Գասպարյանի եւ նախկին իշխանության հրամաններին, եւ հայտնվել են կալանավայրում: Բազում են նման գործերը: Եթե մարդը մի քիչ աշխույժ է, մտածում են՝ տանենք, որովհետեւ մեզ խանգարում է. մեզ համար չի աշխատում, չի օգնում միտինգները ցրելու գործում: Իսկական հայ տեսակը իրենց ձեռք չէր տալիս: Ասում են՝ քրեական հեղինակություն է, հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, եւ դրանով փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, եւ դրանով քաղաքակիրթ ձեւով իրենց գործն անում են, որ այդ մարդիկ մնան բանտում: Նույն ձեւով, ինչպես եւ մենք: Ես ասում եմ. «Նրանք բոլորն այդ քաղաքական թիմի զոհերն են եղել»: Եթե լրագրողները գնան դատերին՝ լիքը նյութ կունենան: Թող գնան, տեսնեն ինչ է կատարվում. տաքսու վարորդին կարող են գողության համար դատել, քանի որ այդտեղով անցել է:
- Պատրաստվո՞ւմ եք զբաղվել քաղաքական գործունեությամբ, քանի որ այդ հայացքների համար եք դատվել:
- Չեմ զբաղվել, բայց հիմա միանշանակ զբաղվելու եմ:  Ուղղակի հասկացա, որ պետք է լինես քաղաքականության մեջ, որ ժամանակին կարողանաս դեմն առնել:
- Առաջինն ինչը՞ կփոխեիք դատաիրավական համակարգում, որովհետեւ դա շատ մեծ մեխանիզմ է:
- Առաջինը, որ կփոխվեի, դա ներքին համոզմունքով մարդկանց դատելն է, որն ամենասխալ բանն է: Ես ուրիշ պետություն չգիտեմ, որտեղ ներքին համոզմունքով մարդ են դատում: Աբսուրդ է:
- Հուսանք, որ մեր դատաիրավական համակարգն արագ  կարձագանքի երկրում տիրող փոփոխություններին, հաղորդակից կլինի այն ամենին, ինչ կա, ինչքան էլ փաստենք, որ այն շատ մեծ համակարգ է,  ու, թերեւս, ոչ ճկուն այսպիսի փոփոխությունների: Բայց, այդուհանդերձ, երկրից մի մասը դուրս մնալ չի կարող. եթե երկրում իրավիճակ է փոխվել, ապա դա էլ պետք է փոխվի: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար:
- Ձեզ նույնպես շնորհակալություն:
- Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատապարտված Ներսես Պողոսյանն էր՝ արդեն ազատության մեջ: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Loading...