14:37   27-06-2018
Դատավորների համար կալանք կիրառելը դարձել է կարծրատիպ, որից ազատվելը բարդ է լինելու. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

Կալանավորումը Հայաստանում դիտարկվում է որպես առաջնային միջոց, որը կարող է ինչ-որ պահի փոխարինվել խափանման այլ միջոցով, մինչդեռ պետք է լիներ բոլորովին հակառակը: 2018թ. հունվարի 8-ի դրությամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 37.4 տոկոսը կալանավորված անձինք են: Այս թիվը չափազանց բարձր է: Անձնական ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, դատարանների սիրելի գործիքը: Անազատության մեջ գտնվող մարդիկ հաճախ ի վիճակի չեն լինում ապացուցել իրենց անմեղությունը: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականին 140 արդարացված անձանցից միայն 19-ն են եղել կալանքի տակ պահվող. այսինքն արդարացվում են հիմնականում այն անձինք, որոնց հանդեպ կիրառվել է խափանման այլ՝ ազատության մեջ գտնվել ենթադրող միջոց: Թեմայի մասին մանրամասն՝ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Արաքս Մելքոնյանի հետ:
- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Իսկ այսօր իմ հյուրը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Արաքս Մելքոնյանն է: Բարեւ Ձեզ:
- Բարեւ Ձեզ:
- Մենք խոսելու ենք մի շատ կարեւոր խնդրի մասին, որն ամենաշատ խախտվող իրավունքների թոփ եռյակում է: Այս տաղավարում ինչքան փաստաբաններ, իրավապաշտպաններ եւ այդ ոլորտի հյուրեր եղել են, ասել են, որ մեր դատաիրավական համակարգի ամենակարեւոր խնդիրներից մեկը դա բոլորի նկատմամբ համատարած կալանքը որպես խափանման միջոց կիրառելն է (եթե ճիշտ եմ հիշում՝ 95-98 %). այս թիվն իսկապես մտահոգիչ է: Մեջբերեմ ՄԻՊ-ի զեկույցից վերցրած Ձեր գրառումը, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց 37.4 տոկոսը կալանավորվածներ են, այսինքն՝  տեսականորեն մարդիկ, որոնց մեղքը դեռ ապացուցված չէ: Իսկապե՞ս սա այն ամենակարեւոր խնդիրն է (կամ խնդիրներից մեկը), որ կա դատաիրավական համակարգում:
- Մեր երկրում քրեական արդարադատության հիմնական խնդիրներից է կալանքը որպես խափանման միջոց կիրառելը: Ներկայումս միջնորդությունների մի քիչ նվազեցման միտում է նկատվում:  Օրինակ՝ 2017թ., եթե չեմ սխալվում, 2365 միջնորդություններից 2220-ը՝ 94 տոկոսը, դատարանները բավարարել են: Նույն միտումն է (95 տոկոս) նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու միջնորդությունների դեպքում. անձը մնում է կալանքի մեջ տեւականորեն: Սա խնդրահարույց է եւ պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից՝  քանակական եւ որակական: Նախնական կալանքի ընթացքում կալանավորված անձինք հիմնականում գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պայմաններն իրականում խնդրահարույց են. այս մասին խոսում են դիտորդություն իրականացնող բոլոր կազմակերպությունները (մեր ՔԿՀ-ների դիտորդական խումբը, ՄԻՊ-ը, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն): ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի դիտարկմամբ մարդուն նախնական կալանքի մեջ պահելն անմարդկային վերաբերմունք է, նամանավանդ պայմանները՝ գերբնակեցում, հիգիենայի բացակայություն, առողջապահական խնդիրներ, նույն խցում ծխող եւ չծխող անձինք: Դա ազդում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վրա, որովհետեւ անձինք, գտնվելով փակ տարածքներում, իրենց պաշտպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու ավելի քիչ հնարավորություն են ունենում, եւ նրանց ապավենը լինում է միայն պաշտպանը: Իսկ եթե կալանավորված անձն ունի հանրային պաշտպան, ապա վերջիններս (հենց իրենք են նշում) այնքան ծանրաբեռնված են լինում, որ հազվադեպ են հանդիպում իրենց պաշտպանյալների հետ: Շատ կարեւոր միտում է նաեւ արձանագրվում, որ հնարավոր է, որ անձինք  այդ պայմաններում չգտնվելու պատճառով, այսպես ասած՝ անհրաժեշտությունից դրդված, ընդունեն իրենց մեղքը եւ արագացված դատաքննության միջնորդություն ներկայացնեն: Ներկայացնեմ վիճակագրություն. 2017թ. 104 արդարացված անձանցից 19-ն են եղել կալանքի մեջ. սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդարացվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր եղել են ստորագրությամբ ազատ արձակված կամ խափանման միջոցն օգտագործվել է ազատությունը: Սա խնդրահարույց է, եւ նույնիսկ ԵԴ-ն է հանդես եկել Հայասատանի Հանրապետության դեմ գործերով: Նորից ներկայացնեմ վիճակագրությունը. 2017թ. դրությամբ առաջին տեղում արդար դատաքննության իրավունքի խախտումներն են՝ 34 վճիռ, եւ 29 վճիռ՝ ազատության իրավունքի հետ կապված: Նրանք ներառում են նաեւ այլ դեպքեր, բայց մեծամասամբ կալանավորումն է, եւ ԵԴ արդեն իսկ հայտնել է Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով. դա 2016թ. վճիռ էր, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման չհիմնավորված, ստերեոտիպային եւ ստանդարտ որոշումները խնդրահարույց են: Սա շարունակական, համակարգային խնդիր է եւ իրավունքի խախտում է ենթադրում:
- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս պարագայում մենք ունենք ոչ թե օրենսդրական խնդիր, այլ պարզապես վատ պրակտիկա:
- Կալանքի կիրառման տեսանկյունից մեր օրենսդրությունը բավականին լավն է, որովհետեւ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, երբ կան ողջամիտ կասկածներ, որ անձը կարող էր կատարած լինել հանցագործությունը: Երբ մենք նայում ենք դատարանի որոշումները, «ողջամիտ կասկած»-ը հասկանալու համար անհրաժեշտ են փաստեր եւ տվյալներ, որոնք օբյեկտիվ դիտորդը (օրինակ՝ երրորդ անձինք, մենք), ով շահագրգռված չէ գործով, որոշումը կարդալուց կարող է եզրակացնել, որ անձը հնարավոր է կատարած լիներ այս հանցագործությունը: Բայց երբ մենք կարդում ենք որոոշումները, դատարանն ընդամենը մեկ նախադասությամբ կարող է անդրադառնալ «ողջամիտ կասկածին», որ վարույթն իրականացնող մարմնի, քննիչի ներկայացրած նյութերը հիմնավորում են, որ անձը, հնարավոր է, կատարած լինի այդ հանցագործությունը: Թե ինչ նյութեր, հանգամանքներ, ապացույցներ են առկա, որոնք դատարանին թույլ են տալիս հաստատված համարել այդ հիմնավոր կասկածը, շատ խնդրահարույց է, որովհետեւ ամենակարեւոր նախապայմանը ողջամիտ կասկածի հիմնավորումն է. եթե ողջամիտ կասկած չկա, անձը չի կարող կալանավորվել: Հաջորդն արդեն հիմքերն են: Մեր օրենսդրությունը նախատեսում է հստակ հիմքեր, որոնց առկայության դեպքում անձը կարող է կալանավորվել. դա փախուստի փորձն է (փախուստի հնարավորությունը), քննությանը խոչընդոտելը, քրեական պատասխանատվությունից խուսափելը: Խոչընդոտելը լինում է մի քանի տեսակ, օրինակ՝ հնարավորություններ, նախատեսումներ, քրեական դատավարության օրենսգիրք, ինչ-որ փաստաթղթեր, որոնք կարող են ազդել վկաների, տուժողների կամ գործով անցնող այլ անձանց վրա, չներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով: Բայց հիմքերը հիմնավորելու համար նույնպես պետք են հստակ, բավարար եւ վերաբերելի հիմնավորումներ ներկայացնել դատարանի կողմից: Այսինքն, երբ ներկայացվում է միջնորդություն, որ անձը, ասենք, կարող է փախուստի դիմել, անհրաժեշտ է ոչ թե տեսնել, ուսումնասիրել, թե անձն ինչ հանցագործության համար է պատասխանատվության ենթարկվում, այլ ինչ հանգամանքներ կան անձի փախուստի հնարավորությունը գնահատելու համար. դա անձնական, ընտանեկան կապերն են, աշխատանքի առկայությունը, զբաղվածությունը, հնարավոր հիվանդությունը, ինչը մեր դատարանների կողմից, որպես այդպիսին, չի ուսումնասիրվում: Այսինքն՝ անհատականացված, անձնավորված որոշումներ մենք չենք տեսնում: Մեր կազմակերպության շրջանակներում մենք իրականացրել ենք 2016թ. հուլիսյան գործերով կալանքի կիրառման հետազոտություն եւ խնդրահարույց է հենց դա. կալանավորումը հիմնավորվում է այն հիմքով, որ անձը մեղադրվում է ծանր հանցագործության համար, այսինքն՝ հանցագործության ծանրությունը եւ սպասվող պատիժը՝ որպես այդպիսին, դրվում է հիմքում, ինչն արդեն իսկ ազատության իրավունքի խախտում է: Միայն այս հանգամանքը բավարար չէ, եւ անհրաժեշտ է անձի այլ հանգամանքները եւս գնահատել: Նույնը եւ այն հիմքը, որ անձը կարող է խոչընդոտել քննությանը, ազդել վկաների վրա, փաստաթղթեր կեղծել, նոր հանցանք կատարել: Այստեղ արդեն պետք են գործում առկա փաստական տվյալներ, որոնցով կհիմնավորվի, որ անձը, հնարավոր է, հետագայում ազդեցություն ունենա, որովհետեւ սրանք ապագայում միտված ենթադրություններ են, որոնք պետք է հիմնավորվեն փաստական հանգամանքներով, այսինքն՝ ենթադրություններով, վարույթ իրականացնող մարմնի  կամ դատարանի հավատամքով չի կարող դա լինել: Դրա համար պետք են փաստեր, որոնք, ցավոք, մեր դատարանների որոշումներում չենք տեսնում: Օրինակ, կարող ենք ստանալ դատարանի 20 էջանոց որոշում, որտեղ ուղղակի ամբողջությամբ արտատպվում է վարույթն իրականացնող մարմնի 3 էջանոց միջնորդությունը, հետո մի քանի էջ ներպետական օրենսդրությունը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ մի քանի էջ, ԵԴ որոշումներ, այդ թվում նաեւ Հայաստանին ուղղված, եւ վերջում՝ 1 (առավելագույնը) էջի սահմաններում այն, որ ներկայացված նյութերում կա ողջամիտ կասկած: Եւս մի պարբերություն, որ անձը հնարավոր է, որ խուսափի պատասխանատվությունից, հաշվի առնելով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որի համար պատիժ է նախատեսված, օրինակ, 8 տարի ազատազրկում: Սա արդեն իսկ դատարանին հիմք է տալիս, որ անձը կարող է խուսափել, խոչընդոտել, ազդեցություն ունենալ եւ այլն, ինչն անօրինական է եւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, ինչը մենք տեսնում ենք Հայաստանի դեմ ԵԴ որոշումներում:
- Նախորդ իշխանության ժամանակ սովորաբար այն ձեւակերպումը կար, որ դրանք ուղղակի վերեւից իջեցված հրահանգներ, քաղաքական որոշումներ են, հատկապես զանգվածային անկարգություններում մեղադրվող մարդկանց մասով (անգամ դասագրքային օրինակներ ունենք): Հիմա, էլի վերեւից իջեցված խոսք է, որ կառավարությունը չի միջամտելու դատարանների աշխատանքին: Սա մեծ եւ այդ վատ պրակտիկան մինչեւ ոսկորը ներծծված համակարգ է: Վարչապետի խոսքին հաջորդեց մի քանի մեզ հայտնի քաղբանտարկյալների, «Սասնա ծռեր»-ից մի մասի խափանման միջոցի փոփոխությունը: Արդյո՞ք այսպես, զուտ բանավոր խոսքով կարող ենք հուսալ, որ դատարանները, դատավորները կվերանայեն եւ կփոխեն իրենց գործելաոճը, թե՞ այդ համակարգն այնքան մեծ ու վատն է, որ նրա առողջացման համար շատ ավելի լուրջ միջոցներ են պետք:
- Նախ անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության իրական անկախությունը ոչ  միայն արտաքին, այլ նաեւ ներքին ազդեցություններից: Մենք գիտենք, եւ դա նույնիսկ ՄԻՊ-ն է արձանագրել, որ կան ոչ միայն արտաքին ազդեցություններ, այսինքն՝ նախագահականից իջեցված հրամաններ, այլ նաեւ ներքին խնդիրներ՝ Վճռաբեկ դատարանի դատավորների ազդեցությունը 1-ին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավորների վրա, հետեւաբար անկախության ապահովումը շատ կարեւոր է: Հնարավոր է հիշեք. 2012թ.  դեպք եղավ, որ դատավորին պաշտոնից զրկեցին, քանի որ նա, իբր անհիմն կերպով, կալանավորումը փոխարինել էր գրավով: Սա ինքնին ազդակ էր հանդիսացել նաեւ դատարանների համար, որ նման հանգամանքները խնդրահարույց են դիտվում: Հիմա այդ դատավորի գործը ԵԴ-ում է, եւ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Չնայած խնդիրը կապված է դատավորին պաշտոնից ազատելու հետ, բայց քանի որ պատճառը կալանավորումը գրավով փոխարինելն էր, նաեւ այդ պրակտիկայի հիմքը դրվեց: Սա միանշանակ  նախազգուշացում էր, եւ այստեղից էլ եկավ այն պրակտիկան, որ մենք արդեն ունեցանք գրավի կիրառումների շատ փոքր քանակ: 2017թ. գրավի միջնորդությունների ընդամենը 15.9 տոկոսն է բավարարվել, ինչը բավականին փոքր թիվ է, եւ այստեղ նաեւ հիմնավորումներն են խնդրահարույց. դատարանը, հնարավոր է, միայն կալանավորման հիմնավորումներով ասի, որ անձը չի կարող ազատվել, որովհետեւ կալանքի հիմքեր կան: Մինչդեռ դա բավարար չէ, դրա համար պետք են այլ հիմնավորումներ:
- Ասենք՝ Կարո Եղնուկյանի գործը. նախկինում գրավ էր առաջարկված շատ ավելի մեծ գումար, իսկ իշխանափոխությունից հետո ազատվեց ավելի փոքր գումարի դիմաց:
- Այստեղ խնդիր է այն, որ մեզ մոտ կալանավորումը չի դիտարկվում որպես վերջնական միջոց, այլ դիտարկվում է որպես առաջնային խափանման միջոց, միայն հետո է հնարավոր այլ կերպ անձի վարքագիծը պատշաճ ապահովել քննության ընթացքում: Բայց պետք է հակառակը լիներ. դատարանը եւ վարույթ իրականացնող մարմինը նույնպես պետք է առաջնորդվեին ազատության կանխավարկածով, այսինքն՝  ինչ խափանման միջոցներով մենք կարող ենք ապահովել անձի պատշաճ վարքագիծը, եթե դրանք հնարավոր չեն, նոր նախատեսեին կալանավորումը: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին եւ փոխկապակցված անձանց, ապա Եւրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ կալանավորված անձը ողջամիտ ժամկետում պետք է ունենա քննություն կամ ազատ արձակվի: Բայց արդեն երկու տարի է նրանց գործերը վարույթում են, եւ այստեղ ողջամիտ է նրանց ազատ արձակելն այն իմաստով, որ քննության ընթացքում հնարավոր է արդեն հարցաքննվել են անհրաժեշտ վկաները, եւ եթե դադարել են այդ հիմքերը, ողջամտորեն հնարավոր է, որ անձինք ազատ արձակվեին: Բայց այն հանգամանքը, որ դա իշխանափոխությունից հետո է կատարվում,  ինքնին արդեն խնդրահարույց է: Օրինակ, Անդրիաս Ղուկասյանը իշխանափոխությունից հետո հենց առաջին դատական նիստին ազատ արձակվեց այն դեպքում, երբ խափանման միջոցի կիրառման հիմքերը դատախազի միջնորդություններով, հիմնավորումներով  չէին դադարել: Ի՞նչ փոխվեց դատարանում, որ ազատ արձակվեց:
- Այստեղ պարադոքս է ստացվում, այսինքն՝ անգամ ազատ արձակելը ոչ օրինական են անում:
- Չէի ասի՝ ոչ օրինական, որովհետեւ դարձյալ պետք է ելնենք անձի ազատության կանխավարկածից. ի՞նչ հիմքեր կան, որ անձը կխոչընդոտի, չի ներկայանա դատաքննությանը: Պլանավորումը կիրառվում է, որպեսզի անձը ներկա լինի դատաքննությանը. եթե այլ միջոցներով հնարավոր չէ  ապահովել, նոր միայն վարույթն իրականացնող մարմինը եւ դատարանը պետք է քննարկեն դա: Եթե հնարավոր է ապահովել անձի ներկայությունը դատաքննությանը արդեն դատական քննության ընթացքում, կալանքի կիրառումն անօրինական է: Հետեւաբար, դրա հիմնավորումը կրում է վարույթն իրականացնող մարմինը եւ դատարանը:
- Ինչպե՞ս ապահովել դատական համակարգի անկախությունը, այն զուտ հրաման կատարող մարմին է դարձել: Այս համակարգը տարիներ ի վեր սովոր է այսպես աշխատել, նրանք սովոր չեն գործն անել այնպես, ինչպես օրենքով է սահմանված: Իհարկե, ես վստահ եմ, որ կան իրենց գործին նվիրյալ դատավորներ:
- Այո, կան նվիրյալ եւ բանիմաց դատավորներ: Հիմա մեր երկրում իրավիճակը մի քիչ խառնաշփոթային է. մենք ունենք մեծամասնություն պառլամենտում եւ այլ կառավարություն, բայց ենթադրում էին, որ պետք է լիներ պառլամենտ եւ կառավարություն՝ միակուսակցական, բայց այստեղ միակ զսպող մեխանիզմը դատական իշխանությունն էր: Եւ եթե մենք չունենանք դատական իշխանություն, չենք ունենա ո՛չ իրավունքի գերակայություն, ո՛չ ժողովրդավարություն, ոչ էլ այլ զարգացում, որովհետեւ մարդու իրավունքներ էլ  չենք ունենա. մարդու իրավունքների եւ նշածս երեք հանգամանքների միակ երաշխիքը դա անկախ, պրոֆեսիոնալ, բանիմաց դատական համակարգն է եւ առանձին դատավորները:
- Նախորդ անգամ դատավորները նշանակվում էին նախագահի հրամանով, իսկ հիմա ինչպե՞ս պետք է լինի:
-  Հիմա նշանակումն իրականացվելու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից. ում ներկայացնեն՝ այդպես է լինելու: Այստեղ նույնպես արդեն իսկ խնդիր ունենք, որովհետեւ մեր կազմակերպությունն արձանագրել էր, որ նախկին Արդարադատության խորհրդի կողմից հավանություն ստացած եւ նախկին նախագահի կողմից այդ ցուցակով հաստատված  դատավորները դեռեւս չէին նշանակվել: Մենք սրա մասին բարձրաձայնել ենք, նույնիսկ հրապարակում ունենք: Հենց այստեղ էլ կա այդ խնդիրը՝ ներքին անկախության ապահովումը, որովհետեւ եթե արդեն 2-3 ամիս Դատական խորհուրդն աշխատում է, եւ մենք իր աշխատանքում տեսնում ենք խնդիրներ, որ հաստատված ցուցակով դատավորները չեն նշանակվում, սա արդեն իսկ խնդրահարույց էր. նորից էին վերանայել, հաստատված դատավորների հետ հարցազրույց իրականացրել, ցուցակը խառնվել էր: Դատավորների նշանակումը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է իրենց  անկախության երաշխիքների ապահովումը. դա ե՛ւ պատասխանատվության միջոցների, ե՛ւ դատարանի ֆինանսական անկախության, ե՛ւ աշխատավարձերի օրինական ապահովումն է, որոնք դատարանին չեն կաշկանդի: Դա  նաեւ ներքին անկախության ապահովումն է. դատավորը պետք է վստահ լինի, որ ինքն իր որոշման համար պատասխանատվության չի ենթարկվելու, միայն օրինական որոշումներ պետք է կայացվեն, իր որոշումը պետք է բեկանվի միայն օրենքով նախատեսված կարգով, մենք չենք կարող դատարանին օրենքի մեկնաբանության համար պատասխանատվության ենթարկել: Շատ կարեւոր հանգամանքներ են դատական իշխանության վրա արտաքին ազդեցությունը՝ իշխանության այլ ճյուղերից եւ  հանգամանքներից, եւ դատավորների ներքին անկախությունը: Հատկապես խոցելի են առաջին ատյանի դատարանի դատավորները, ովքեր մտավախություն ունեն նույն  կալանքի կիրառման առնչությամբ: Պրակտիկայում շատ է խոսվում, որ եթե դատավորը չի կիրառում կալանքը, նա մտավախություն ունի, որ իրեն կմեղադրեն կամ, հնարավոր է, այլ աչքով նայեն, իբր կաշառք է վերցրել: Մտավախություն ունեն, որ դա կարող է բեկանվել, եւ իրենք խնդիրներ ունենան դրա հետ կապված, կամ, ինչպես 2012թ.՝  նախազգուշացում էր բոլորի համար: Սա խնդրահարույց է լինելու:
- Շնորհակալություն հրավերն ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր հյուրընկալել էի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Արաքս Մելքոնյանին:

Loading...