«Սասնա ծռերի» գործողության շարժառիթը երբևէ քննարկման առարկա չի դարձել ո՛չ դատարանում, ո՛չ դատախազությունում, ո՛չ էլ որևէ պատկան մարմնում: Նրանց գործողության շարժառիթը քննարկման առարկա դարձրել են կա՛մ իրենք, կա՛մ էլ փաստաբանները: Հաղորդաշարի այսօրվա հյուրը՝ «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը, վստահ է , որ գործը պետք է վերաքննվի՝ հենց շարժառիթների լույսի ներքո, ինչն ամբողջությամբ կփոխի գործի տրամաբանությունը:
- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Արայիկ Պապիկյանն է: Ողջո՛ւյն:
- Ողջույն:
- Շնորհակալություն այս ուշ ժամին մեր ռադիոկայան հասնելու համար: Առաջին հարցս վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Դուք, որպես փաստաբան, ո՞ր տարբերակն եք նախընտրում. անմիջապես, առանց օրինական ինչ-որ ճանապարհների քաղբանտարկյալների ազատ արձակո՞ւմը, թե՞, այնուամենայնիվ, մի փոքր ուշ, բայց գործող օրենսդրության մեխանիզմների հիման վրա, քանի որ շատ է դիսկուրսը, բոլորն ասում են՝ պետք է միանգամից, առանց որեւէ քննարկումների ազատ արձակել:
- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, հաճելի է մասնակցել Ձեր հաղորդմանը: Միանգամից ասեմ՝ որպես փաստաբան, իրավաբան, բնականաբար, ոչ թե գերադասում, այլ ինքս եմ այդպես ցանկանում (եւ գտնում եմ, որ դա ճիշտ է) իրավական լուծումները պետք է գործեն: օրենքով սահմանված գործիքակազմը, որը մենք ունենք: Բարեբախտաբար, մեր օրենսդրությունը բավականին լայն հնարավորություններ ունի այդ առումով, եւ մենք ինքներս էլ, ես ինքս էլ, որպես բազմաթիվ քաղբանտարկյալների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան, գերադասում, նախընտրում եւ կարծում եմ, որ այդպես ճիշտ է՝ պետք է օգտագործենք օրենքով նախատեսված բոլոր գործիքները: Քաղբանտարկյալ, ապստամբ հասկացությունները իրավաբանական սահմանումներ չեն, հետեւաբար, եթե մենք փորձենք այդ սահմանումները դիտարկել բացառապես միայն գործող օրենքների շրջանակներում, փակուղային վիճակ կունենանք: Որովհետեւ մի հասկացություն, որն օրենքով սահմանված չէ, բնականաբար, օրենքով սահմանված կարգով լուծելը շատ դժվար է: Այստեղ միջազգային պրակտիկան, համաշխարհային փորձը, նաեւ միջազգային բուն իրավունքը մեզ հուշում են, որ չպետք է սահմանափակվենք միայն ձեւական գործընթացներով, որը կոչում ենք օրենք: Այստեղ առավելապես պետք է գործադրվեն իրավաքաղաքական լուծումները: Բարեբախտաբար այսօր զարթոնքի, հեղափոխական Հայաստանում մենք նաեւ այդ գործիքակազմն ունենք: Քաղաքական իշխանությունը, վարչապետը հստակ հայտարարությամբ հանդես են եկել, որ, այո, Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Խնդիրը մնում է, որպեսզի ունենալով քաղաքական առնվազն արձանագրված փաստ, գործեր, որոնք օրենքով պետք է լուծվեն, այդ օրենքները պետք է կիրառվեն եւ գործածվեն առավելագույնս լայն սպեկտրով, եւ նրանց հնարավոր գործածման ձեւերը, որոնք կան, ուղղակի պետք է գործածենք: Ընդ որում Հայաստանի դեպքում ե՛ւ դատարանները, ե՛ւ դատախազությունը նոր հեծանիվ հորինելու կարիք էլ չունեն: Այս փուլում քաղբանտարկյալների գործերով փաստաբանները մինչ օրս, որպես կանոն, դատարաններին կամ այն մարմնին, ում վարույթում գտնվում է գործը, ընդամենը որպես իրավական, օրինական ճանապարհով լուծում առաջարկում են այդ անձանց նկատմամաբ կալանքը փոխել, օրինակ, բանտերում գտնվող տասնյակ քաղբանտարկյալների նկատմամբ գործընթացը շարունակվի, բայց նրանք կալանքի ներկայանան ոչ բանտերից: Մենք ունենք գործիքակազմը, եւ սա ամենանախընտրելի տարբերակն է:
- Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկայի՞ խնդիր է, թե՞ հենց օրենսդրական լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: Ես շատ եմ լսել, որ մեր օրենսդրական դաշտն այնքան վատը չէ:
- Ես համամիտ եմ իմ գործընկերների կամ մասնագետների մեկնաբանությունների հետ. այնպես չէ, որ մեր օրենսդրությունը սարսափելի է կամ վատն է: Ասեմ ավելին՝ օրենսդրությունն ունի գործիքակազմը, պարզապես կիրառման խնդիր ունենք: Դա էլ զարմանալի չէ: Երբեւէ Հայաստանում համաժողովրդական հեղափոխություն չի եղել, եւ երբեք չի ստեղծվել այսպիսի իրավիճակ. սա, թերեւս, բացառիկ դեպք է, չեք գտնի որեւէ երկիր, որտեղ քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ իրենք ունեն քաղբանտարկյալներ: Եւ այս բացառիկ իրավիճակը բացառիկ իրավիճակներ է ստեղծել դատարանների համար. նրանց համար անսովոր է, երբ պետության քաղաքական իշխանությունը հանդես է գալիս այն հայտարարությամբ, որ իր երկրում կա քաղբանտարկյալ: Ասեմ ավելին. վարչապետն իր խոսքում նշեց նաեւ, որ քաղբանտարկյալը դա խարան է Հայաստանի Հանրապետության համար (այսինքն՝ մենք սա ունենք): Հիմա մնում է, որ դատարանները սկսեն կիրառել այդ գործիքակազմը եւ հաշվի առնեն այն հանգամանքը, որ քաղաքական իշխանությունն արդեն համարձակ, արդարացի եւ ճիշտ փաստ է արձանագրել, մնում է այդ ընթացակարգերն ամրագրել օրենքով: Գտնում եմ, որ դատավորները ոչ թե պետք է խիզախություն, համարձակություն դրսեւորեն, այլ իրենց իրական դերը կատարեն՝ արդարադատություն իրականացնեն: Խնդիրն ընդամենը «կամ» արտահայտության մեջ է. պարտադիր չէ նոր օրենքներ հորինել, նոր մեխանիզմներ. բարեբախտաբար, մենք դրանք ունենք:
- Դպրոցների պարագայում իշխանափոխությունը ցույց տվեց, որ ուսուցչուհիները դուրս են գալիս փողոց, հանձնում իրենց հանրապետական շքանշանները, որոշ տեղերում մարդիկ հետ են պահանջում ընտրակաշառքները, առաջին օրերից լրատվամիջոցները վերջապես լուսաբանումները սկսեցին այն տեղերից, որտեղ երբեք չէինք տեսնի ընդդիմադիրներին, այսինքն, այսպես ասած, լիցքաթափվեցին, ազատությունը վերադարձավ: Դատավորների պարագայո՞ւմ ինչպես է: Իրենք դպրոցների տնօրենների կարգավիճակո՞ւմ են, թե՝ ուսուցիչների, այսինքն՝ դատավորները շունչ քաշե՞լ են, հասկացե՞լ են, որ արդեն ունեն անկախություն, թե այնքան կոռումպացված են եղել, ինչպես տնօրենը, որը հիմա ավելի շուտ դուրս կգա համակարգից, քան կփոխվի: Իսկ ուսուցչուհիները, պարզվեց, ամբողջ կյանքում էլ այլ կերպ են մտածել: Դատավորների պարագայո՞ւմ ինչպես է:
- Ես կարծում եմ, որ մենք ունենք դատավորների, պայմանականորեն ասեմ, երկու խումբ: Երիտասարդ եւ միջին տարիքի դատավորների մեջ անհերքելիորեն կան հրաշալի անձինք, իրենց գործի բանիմաց մասնագետներ, ովքեր տիրապետում, հասկանում եւ կարող են կրել այն բարձր կոչումը, որը մենք՝ շարքային քաղաքացիներս, կոչում ենք դատավոր: Այսինքն՝ դա շատ բարձր կոչում է, եւ շատերն ունակ եւ ի զորու են: Ցավոք սրտի, նախկինում իրենք աշխատում էին մի համակարգում, որը մեխանիզմ էր, եւ նրանցից յուրաքանչյուրը համարվում էր այդ մեխանիզմի մի դետալը, մասնիկը, եւ այն մասնիկը, որը այդ համակարգի ներսում չէր աշխատում, չէր կարող մնալ համակարգում: Ցանկացած մեխանիզմի մեջ ինքը դառնում էր օտար մարմին եւ դուրս էր նետվում: Երիտասարդ ու միջին սերնդի դատավորներից շատերը կարող են նոր, դեռեւս կառուցվող, սաղմնային փուլում գտնվող այս նոր Հայաստանում այդ մեխանիզմի մասնիկը դառնալ: Նույնը չեմ կարող ասել ավագ սերնդի բազմաթիվ դատավորների մասին, նույնիսկ կարող եմ անվանական թվարկել նրանցից շատերին, թերեւս, կարծում եմ, դրա կարիքը չկա, եւ իրավաբանական հանրության մեջ բոլորը քաջ ճանաչում են նրանց: Նրանց պարագայում, կարծում եմ, որ այդ նոր համակարգում որպես գործող դետալներ, մասնիկներ իրենք իմ պատկերացումների մեջ չեն տեղավորվում եւ, ամենայն հավանականությամբ, իրենք չեն կարող այդ իրողությունում աշխատել: Եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների պաշտոնավարման իրավական երաշխիքներ կան, ապա այդ դատավորները, կարծում եմ, ուղղակի համարձակորեն, խիզախորեն, սեփական դիմումների համաձայն պիտի վայր դնեն դատավորի վկայականը: Նրանք կարող են թոշակի անցնել, այլ աշխատանք կատարել, բայց արդարադատության համակարգում աշխատելու իրենց ժամանակն արդեն ավարտվել է 2018թ. ապրիլի 23-ին: Բավականին շատ թվով լավ դատավորներ ուղղակի պետք է, եթե թույլ կտաք այս ոչ գրագետ բառն օգտագործեմ, «ֆորմատ» լինեն եւ «ռեստարտից» հետո նոր իրողությամբ իրականացնեն իսկական արդարադատություն: Մեզանից յուրաքանչյուրը դրա կարոտն ունի, մենք երկու տասնամյակից ավել դա չենք ունեցել, իրենք էլ չեն ունեցել: Իրենք այն համակարգի մասնիկներն են եղել, ովքեր սպասարկել են այդ համակարգի աշխատանքը: Մենք հիմա նոր իրողության մեջ ենք: Երբ վարչապետը հայտարարեց, որ դատարաններում ստեղծվել է կաթվածահար վիճակ՝ զանգի, հրահանգի, միջամտության, ցուցում տալու ինստիտուտը, յուրաքանչյուրս (հատկապես շարքային քաղաքացիներն ու քաղաքական իշխանությունները) իմացել ենք, բայց երբեք, որպես կանոն, իշխանությունն ինքը չի բարձրաձայնել: Հիմա բարձրաձայնել ենք, եւ քանի որ վարչապետը դատավորի աշխատանքին միջամտելու իրավունք չունի (դա սահմանադրական նորմ է), բայց մենք՝ որպես հանրության ներկայացուցիչներ, եւ քաղաքական իշխանությունը մեր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրել ենք. մենք մեր չափով ենք ճնշում գործադրել, հայտարարությունն էլ քաղաքական իշխանության ճնշման ձեւն է: Եւ այն անձինք, ովքեր մնացել են միջանկյալ վիճակում, պետք է գիտակցեն, որ եթե հանրությունն ինքը սկսել է իր ճնշումը (նկատի ունեմ, որ դա կլինի քաղաքացիական անհնազանդության կամ տարբեր ակցիաների ձեւով), եւ քաղաքական իշխանության հայտարարությունը եւ կամքը կա դրա վերաբերյալ, ապա իրենք պետք է կողմնորոշվեն. կամ անկախ, օբյեկտիվ, անաչառ աշխատանքի իրականացում (այսինքն՝ այն, ինչ պահանջվում է իրենցից) կամ, եթե չեն կարողանում համակերպվել այդ իրավիճակի հետ, իրենք պետք է սեփական կամքով թողնեն այդ աշխատանքի կատարումը եւ տեղը զիջեն այն անձանց, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր դատավոր դատական ակտ կայացնելիս նախ հայտարարում է՝ հանուն Հայաստանի Հանրապետության: «Հանուն Հայաստանի Հանրապետությունը» մեզնից յուրաքանչյուրն է, եւ մեզ համար ամենավիրավորականն այն է, որ այդ բառերն արտաբերող անձն իր կայացրած ակտով չի արտացոլում այն, ինչ պետք է Հայաստանի Հանրապետությանն ու մեզ:
- Շատ շնորհակալություն, վերադառնանք բուն քաղբանտարկյալներին: Մեր հասարակությունը շունչը պահած հետեւում է, թե երբ պետք է լսի մեր քաղբանտարկյալների ազատ արձակման մասին լուրերը: Արդեն շրջանառվում են Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ «Սասնա ծռեր»-ի մի քանի անդամների ազատ արձակման հարցը: Օրենքի տեսանկյունից ինչ-որ տարբերակում դիտարկո՞ւմ եք «Սասնա ծռեր»-ի այն անդամների ազատման համար, որոնց մեղադրանքում կա սպանություն, եւ, առհասարակ, արդարադատության տեսանկյունից նայելով ինչպե՞ս կցանկանայիք, որ այս հարցը լուծվեր արդար Հայաստանում:
- Հարցը շատ դիպուկ է: Իրոք, այս օրերին ամենաքննարկվողներից է, թերեւս, «Սասնա ծռեր»-ի հարցը: Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի եւ շատ այլ քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ կարծես թե հանրությունը գտնում է, որ այստեղ քննարկման առարկա չկա, որովհետեւ անգամ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ կայացրած դատավճռի հրապարակման հաջորդ իսկ օրը ՀՀ բոլոր հեղինակավոր իրավապաշտպան կառույցները միաբերան հանդես եկան հայտարարությամբ՝ դա համարելով քաղաքական հաշվեհարդար քաղբանտարկյալի նկատմամբ: Այդ հայտարարութան տակ ստորագրեցին նաեւ բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ: Սա անհերքելի, հանրային, հստակ կարծիք է, որը չի կարող վիճարկվել: Իսկ «Սասնա ծռեր»-ի դեպքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Խմբի անդամների գործողություններին որակումներ տալու ժամանակ մենք տեղափոխվում ենք այլ օրենքի դաշտ, որտեղ ապստամբի եւ քաղբանտարկյալի վերաբերյալ սահմանում չունենք, իրավաբանական կատեգորիա, որպես այդպիսին, չկա: Հենց այստեղ առաջանում է առաջին շփոթմունքը. այն հասկացությունները, որ ավելի բարձր են, քան օրենքն է, օրենքի դաշտ տեղափոխելուց մենք տեղափոխվում ենք այն հարթություն, որը շահեկան էր, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակվա իշխանությանը կամ այսօրվա դատախազի մեկնաբանություններին: Այսօրվա պայմաններում ոչ ոք չի կարող հստակ նշել՝ «Սասնա ծռեր»-ը հանցանք գործե՞լ են, թե՝ ոչ, թեեւ մեղադրող կողմն այդպես է պնդում: «Սասնա ծռեր»-ի գործողության շարժառիթը երբեւէ քննարկման առարկա չի դարձել ո՛չ դատարանում, ո՛չ դատախազությունում, ո՛չ էլ որեւէ պատկան մարմնի կողմից: Նրանց գործողության շարժառիթը քննարկման առարկա դարձրել են կամ իրենք, կամ փաստաբանները, սակայն դատարանը եւ դատախազությունը չի ուզում ականջալուր լինել: Նրանց առաջադրվել են մեղադրանքներ, որոնք որեւէ փաստական հիմքերով ապացուցված չեն, չկա դատական ակտ: Նրանցից երկուսի դեպքում շահարկման առիթ են դարձրել այն, որ նրանց մեղսագրում են նաեւ սպանություն, սակայն դա դեռեւս ապացուցված չէ. հանրության գոնե գիտակից զանգվածը կասկածներ ունի այդ մեղադրանքների շուրջ, գոնե կասկածներ, ավելին դեռ չեմ ասում: Հետեւաբար, նրանց գործողության բուն շարժառիթը դեռ չենք դիտարկել, իսկ քրեական իրավունքում եթե արարքի շարժառիթը բացահայտված չէ, հետեւաբար առաջադրված մեղադրանքներում հանցանք փնտրելը վկայում է ուղղորդված քաղաքական պատվերի մասին: Ուզում եմ հիշեցնել, երբ «Սասնա ծռեր»-ի անդամները հայտնվեցին իրավապահների հսկողության տակ, նրանց գործողության վերաբերյալ ընդամենը մեկ օր անց՝ օգոստոսի 1-ին, հանրապետության այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականում հայտարարություն տարածեց (ընդ որում դա մեծ հանդիպում էր, որին մասնակցում էին բազմաթիվ անձինք) եւ հետեւյալ միտքն արտահայտեց. «Այդ գործողության հետեւանքով իրավապահների հսկողության տակ հայտնված «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ մենք անձնական վրեժխնդրություն թույլ չենք տալու»: Դրանով ինքը հուշում էր, որ մենք միշտ անձնական վրեժխնդրության հարթությունում ենք լուծել, բայց հիմա որոշել ենք անձնական վրեժխնդրություն թույլ չտալ: Ընդամենը 4 օր անց նրանց բոլորին մեղադրանքներ էր առաջադրվել, եւ այն մարմինը, ով այդ մեղադրանքներն առաջադրել էր, հանդես եկավ հայտարարությամբ, որ հետագայում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը պետք է անհատականացվի: Մինչ օրս դա չի կատարվել, նրանց առաջադրվել է կոլեկտիվ մեղադրանք: Նախ, «Սասնա ծռեր»-ին առաջադրվող մեղադրանքը հրահանգված էր այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ վրեժխնդրության մակարդակով, երկրորդը. այդ գործը քննող հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 5-ի իր հայտարարությունից մինչ օրս անհատականացված մեղադրանք չի առաջադրել: Եւ երրորդ հանգամանքը՝ արարքի շարժառիթը, որին կանդրադառնամ քիչ հետո: Երեք կարեւորագույն, առանցքային հանգամանք կար, որոնք, քրեական իրավունքի տեսակետից նայելու դեպքում (իսկ մենք պարտավոր ենք դատարանում դա դիտարկել) այս հարցերի պատասխանը դատարանը չունի, հանրության որեւէ անդամ չունի, ոչ ոք չունի: Եւ նման պայմաններում նրանց վերագրել հանցանքներ, ցուցաբերել տարբեր, խիստ մոտավոր վերաբերմունք, թույլ եմ տալիս ինձ ոչ իրավաբանի լեզվով ասել՝ 3 ոստիկանների մահվան դեպքից առնվազն երկուսը մոտավորապես վիճակահանության սկզբունքով առաջադրված մեղադրանք է: Այս փաստը շահարկում են այն անձինք, ովքեր դրա բարոյական իրավունքը չունեն, որովհետեւ այդ անձանց ընտանիքներին են վնաս հասցնում, եւ հատկապես, շահարկում է այն անձը, ով պարտավոր էր բացահայտել մարտի 1-ի 10 անձանց սպանությունը: Այդ անձը չի քննել ապրիլյան իրադարձությունների հարյուրից ավելի զոհերի դեպքերը: Օրինակներ կարող եմ շատ թվարկել. այդ մարմինը՝ դատախազությունը, քննչական մարմինը կամ այլ շահագրգիռ անձը, նախկին բազմաթիվ հանցագործություններ, սպանություններ չի բացահայտել, քննարկման առարկա չի դարձրել, որը հանրությանն անընդհատ մոլորեցնում եւ շահարկում է այդ երեք դեպքերը, որոնցով վիճակահանորեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երկուսին մեղադրանք են առաջադրել, եւ այդ մարդիկ ակամայից իրավիճակի գերին են դարձել: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Խմբավորման անդամներից շատ-շատերը, եթե ոչ բոլորը, դեպքին նախորդող 3-4 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան գործողություններ են իրականացրել՝ երթեր, ցույցեր, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ լրագրողների հետ, կլոր սեղաններ, բազմաբնույթ հանդիպումներ, որոնք օրենքով արգելված չեն եղել: Եւ այդ 3-4 տարիների ընթացքում՝ 2013-2016 թթ., նրանց նկատմամբ իրականացվել է ավելի քան 110 հանցագործություն՝ բռնություն, դանակահարություն, սպառնալիք, հարձակումներ, խոշտանգում, գույքի հրկիզում: Որեւէ դեպքում նրանցից ոչ ոք չի հակադարձել, դիմադրություն ցույց չի տվել, ինքնապաշտպանություն չի եղել: Եթե դիտեք Բերձորում տեղի ունեցած այդ սարսափելի խոշտանգումներն իրականացնողների եւ զոհերի պատասխանը, կհասկանաք ինչի մասին է խոսքը՝ ոչ ոք չի փորձել ինքնապաշտպանվել: Նրանք միշտ փորձել են օրինական ճանապարհով լուծումներ գտնել: Ապրիլյան պայմանավորված այդ պատերազմից հետո առաջինը Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնեց հողերը դավաճանաբար հանձնելու մասին, որից օրեր անց նա հայտնվեց բանտում. բացահայտեց փաստը եւ հայտնվեց բանտում: Երբ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են բանակի կազմում, բանակի աջակցությամբ, իրենց ուժերով (ոչ 18-ամյա պատանիների կյանքի գնով) միջոցներ ձեռնարկել թշնամուն հանձնված տարածքները հետ վերադարձնելու շուրջ, նրանց նկատմամբ հերթական հետապնդումներն սկսվեցին: Երբ պարզ դարձավ, որ նախատեսվում է կարճ ժամանակաընթացքում նաեւ հերթական պայմանավորված պատերազմը, որն անխուսափելի զոհեր էր ենթադրում (արդեն ոչ թե 104 անձի մասին էր խոսքը, այլ շատ ավելի) եւ նաեւ 5 շրջան պիտի հանձնվեր, այլեւս պետությանն սպառնացող վտանգը կանխելու համար տվյալ պահին գործող իշխանության դեմ ապստամբելու ճանապարհն էր մնացել, որը կանխեց այդ գործընթացը:
- Այսինքն՝ Դուք գտնում եք, որ «Սասնա ծռեր»-ի գործը պետք է վերաքննի արդար դատարանը, եւ դրա հիման վրա արդեն կորոշվի, թե այս մարդը, իրոք, սպանություն գործել է, թե՝ ոչ, կա՞ն ապացույցներ: Դուք գտնում եք, որ արդար դատարանի ֆունկցիան է այդ հարցը որոշելը. վստահո՞ւմ եք այդ դատարանի արդար լինելուն այս նոր կառավարության, նոր իշխանությունների օրոք: Կվստահե՞ք արդյոք:
- Ես ինքս կվստահեմ: Ձեր հարցի ընթացքում ես հիշեցի պրն. Չուգասզյանի՝ հայկական Բաստիլի ազատագրման վերաբերյալ առաջ քաշած իր երեք պահանջներից երրորդի՝ հաշտեցման հանձնաժողովների արդարադատության անցումային փուլի մասին: Մենք հանդիպում էինք ունեցել քաղաքական իշխանության հետ, նրանց դիրքորոշումը գիտեինք, եւ նրանք եւս այդպիսի ցանկություն ունեին: Այսինքն՝ այսօրվա իշխանությունը պատրաստ է: Պրն. Չուգասզյանի հայտարարած այդ անցումային արդարադատության հանձաժողովն այս անցումային փուլում պետք է լուծում լինի: Ես վստահում, հավատում եմ, եւ կարեւոր չէ, թե ովքեր կներգրավվեն այնտեղ: Ես վստահ եմ, որ այնտեղ ներգրավվելու են մասնագետներ, ազնիվ եւ շիտակ մարդիկ: Թե ովքեր կլինեն, դա արդեն թող որոշեի, ասենք, կառավարութունը, վարչապետը, հանրությունը: Ես վստահում եւ հավատում եմ, որ նրանք ի զորու են ե՛ւ մասնագիտական առումով, ե՛ւ ազնվությամբ արդար քննություն իրականացնել: Թեւ ինքն առերեւույթ դատարան չէ, բայց իր մասնագիտական աշխատանքը, հետեւությունը կամ եզրակացությունը կարող է ուղենիշ լինել այն դատավորի համար, ով իր ներքին համոզմունքը ձեւավորելու համար կարող է արդար քննել «Սասնա ծռեր»-ի գործը: Եթե կպարզվի, որ ոստիկաններից մեկի մահվան պատճառը եղել է ուղղակի հատուկ դիտավորություն, այսինքն՝ սահմանազանցել են ապստամբելու իրավունքը, ապա մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ մինչ այդ պետք է պարզվի, թե ով է մեղավորը, ով է այդ մահվան հանգեցնող գնդակն արձակել, եթե դա եղել է դիտավորությամբ: Այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք օբյեկտիվ քննությամբ, որովհետեւ դրանով մենք կարող ենք մեր հասարակության մեջ տարածել այն սերն ու համերաշխությունը, որի կարգախոսի ներքո մենք հեղափոխություն արեցինք: Եւ եթե մենք դա չստեղծենք մեր հանրության մեջ եւ շարունակենք շահարկման թեմա դարձնել, դրանով նաեւ խախտելով ամենատարրական էթիկան՝ մահացածների ընտանիքների անդամներին պարբերաբար դրա մասին հիշեցնելով, շահարկելով այդ փաստը, կամ մյուս կողմից ուղղակի նշենք, որ մենք այս պահին անհապաղ ուզում ենք ազատ արձակում, թեեւ բարոյական առումով դա ճիշտ է, բայց իրավական առումով լուծումը մենք ունենք եւ այդ լուծումն ենք ուզում: Ես գտնում եմ, որ մենք կարող ենք դա ունենալ: Այդ գործը շարունակում է քննել այն դատավորը, որը 2017թ. ընդունել է իր վարույթ եւ այն կարծրատիպերով շարունակել է աշխատել: Այդ գործը մեղադրանքի առումով պաշտպանում է այն նույն դատախազը, ով 2016թ. ամռանից հսկողություն է իրականացրել: Հիմա մենք, որպես հանրության անդամներ, որպես շահագրգիռ ու պահանջատեր այն Հայաստանի Հանրապետության, որի անունից պետք է վճիռը լինի, ակնկալում ենք, որ նրանք, ովքեր մի երկու տարի այս կարծրատիպերով եկել են, հիմա այլ կարծրատիպո՞վ պետք է գործին նայեն. մենք հրաշքի՞ ենք ուզում հավատալ: Ցավոք սրտի, անցած երկու շաբաթները ցույց տվեցին, որ մենք դա չունեցանք: Մենք գրեթե մեկ ամիս է ապրում ենք նոր Հայաստանում, մայիսի 23-ին լրանում է մեկ ամիսը, որ մենք ունենք մեր ընտրած վարչապետին: Այլ հարց է, թե ԱԺ-ում ինքը երբ է ընթացակարգային լեգիտիմացում ստացել, բայց մենք գիտենք, որ մեր ընթացակարգային լեգիտիմացումը իրավունքի ուժով մենք ապրիլի 23-ից ունենք: Դա անժխտելի, անհերքելի փաստ է: Մեր այս մեկ ամսվա նվաճումը քաղբանտարկյալների առումով շատ կարեւոր, բայց արդյունքի առումով շատ փոքր է. մենք ունենք ընդամենը երկու անձանց՝ Անդրիաս Ղուկասյանի եւ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցի փոփոխություն: Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դեռեւս փոփոխություն չունենք: Մեկ ամսվա արդյունքը շատ քիչ է տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող երկրի համար: Եւ սա ցույց է տալիս, որ դատական իշխանությունն ու դատախազությունը, կիսահումորով ասեմ, կարծես դեռեւս չեն ընկալել, որ մեզ մոտ բան է փոխվել, այսինքն, հեղափոխություն է եղել՝ զարթոնքի, սիրո ու համերաշխության, եւ այն, որ մեզնից յուրաքանչյուրը (խոսքը Հայաստանի հայերի մասին չէ, այլ՝ համայն հայության) քայլ ենք արել, դատական իշխանությունն ու դատախազությունը կարծեք թե օրացույցի ապրիլի 22-ից 23-ի էջը դեռ չեն շրջել: Եւ այստեղ մեծ անելիք ունեն այդ իշխանությունները, որպեսզի մենք, ի վերջո, ազատվենք «քաղբանտարկյալ» հասկացության խարանից:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Արայիկ Պապիկյանն էր: Շնորհակալություն:
- Շնորհակալ եմ Ձեզ: