12:03   01-08-2021
Արյունաբանական կենտրոնի տնօրենը պարզաբանեց չարաշահումների վերաբերյալ Դատախազության հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը պարզաբանեց հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հայտարարությունը:

«Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ կետ առ կետ կան այն բոլոր գումարների հաշվետությունները, որոնց մասին խոսվում է, և իրենք կարող են պատասխան տալ, թե ինչի համար և ինչպես են այդ գումարները ծախսվել:

Դանիելյանի խոսքով՝ այն հիվանդները, ովքեր այս պահին պառկած են կենտրոնում, նույնպես անհանգստացած են  տարածվող լուրերի պատճառով:

«Մեր հիվանդները պետք է իմանան, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի եղել»,- ասաց Դանիելյանը:

Դանիելյանը շեշտեց, որ իրենք ենթարկվում են Առողջապահության նախարարությանը և բոլոր գնումները, որոնք արվել են, անպայման իրականացվել են միայն տնօրենների խորհրդի, ինչպես նաև գերատեսչության ղեկավարության իմացությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Դատախազությունը հայտնել է նաև թվով 45 հիվանդության հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու մասին:

Մի շարք ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում: Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:


Loading...