11:12   03-08-2021
Հունաստանի վարչապետը ռեկորդային տապի պատճառով քաղաքացիներին կոչ է արել տնտեսել հոսանքը
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները պետք է էլեկտրական էներգիան խնայեն, հատկապես պիկ ժամերին 1987 թվականից ի վեր ռեկորդային շոգի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նա նման կոչով հանդես է եկել Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության ղեկավարության, էներգետիկ ընկերությունների ղեկավարների և էներգետիկ ոլորտի կարգավորիչի (RAE) հետ տեղի ունեցած արտակարգ հանդիպումից հետո:

Հունաստանում չափազանց շոգ եղանակ է հաստատվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը ստվերում հասնում է ըստ Ցելսիուսի 44-47 աստիճանի, և այս ժամանակահատվածը, ըստ օդերևութաբանների, կարող է տևել մոտ 12 օր:

Հանդիպման թեման էր երկրի էներգահամակարգի համարժեք շահագործումն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումների ուսումնասիրությունը, ինչպես նաև ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով առաջացած խնդիրների դեպքում արձագանքման ծրագրերի քննարկումը:

Միցոտակիսը հայտնել է, որ տապի ալիքի պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է, և արվել է հնարավոր ամեն բան էլեկտրամատակարարումն ապահովելու համար: Նա միաժամանակ դիմել է սպառողներին՝ խնդրելով «հնարավորինս նվազեցնել պահանջարկը, հատկապես պիկ ժամերին»:

Իսկ Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարը հայտնել է, որ երկրի էլեկտրացանցը գտնվում է մեծ ճնշման տակ մեծ պահանջարկի պատճառով, զբոսաշրջային սեզոնի պատճառով Հունաստանում է գտնվում լրացուցիչ 2-3 միլիոն մարդ, հետևաբար սպառողներին հորդորվում է զուր էներգիա չվատնել, եթե դրա կարիքը չկա:

Սաստիկ շոգի պատճառով Հունաստանում վերջին օրերին տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...