14:48   25-04-2018
Փաշինյանն առաջինը պետք է ուշքի բերի դատական ու ոստիկանական համակարգերը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»
Թողնել մեկնաբանություն

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված հանրահավաքների ժամանակ իրավաբաններն ու փաստաբաններն արձանագրել են ոստիկանության կողմից մասսայական իրավախախտումներ. ոչ ծառայողական ավտոմեքենաներով ու հասարակական տրանսպորտով քաղաքացիներին բերման ենթարկելուց մինչև ոստիկանական համազգեստի վրա տարբերանշանների բացակայություն, քաղաքացիների գույքի փչացումից մինչև բերման ենթարկվածների հասակի չափում ու մատնահետքի գրանցում: Գումարած այս ամենին՝ փաստաբանների աշխատանքի խոչընդոտում:  Ոստիկանության օրինազանցության մեկ այլ օրինակ էլ ԱԺ 3 պատգամավորի բերման ենթարկելու պրոցեսն էր, որը, ըստ օրենքի գիտակների, ավելի շատ առևանգում էր հիշեցնում: Ամենավատը, սակայն, այն  է, որ մեր դատական համակարգում հնարավոր չի լինի վիճարկել այդ փաստագրված օրինազանցություններն ու պատասխանատվության ենթարկել ոստիկանության աշխատակիցներին և նրանց հրաման տվողներին: Հանրահավաքների ժամանակ ոստիկանների կողմից օրենքի խախտումների մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:
- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Իսկ այսօր իմ հյուրը «Ընդդեմ իրավական կամայականության»  ՀԿ   փաստաբան Արա Ղարագյոզյանին: Բարեւ Ձեզ:
- Բարեւ Ձեզ:
- Վերջին օրերին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության  ընթացող հանրահավաքների ժամանակ Դուք, Ձեր գործընկեր փաստաբանները անընդհատ նշում էիք, որ ուժային կառույցները, այս դեպքում՝ ոստիկանությունը, շատ հաճախ իր գործողություններում խախտում է օրենքը: Մենք այսօր կխոսենք այդ կամայականությունների, ոստիկանության ուժի չարաշահման մասին եւ կփորձենք հասկանալ, թե այս անգամ ինչ չարաշահումներ է թույլ տվել ոստիկանությունը: Սմենատարածված խախտումը, որն ամեն անգամ արձանագրում ենք, բերման ենթարկված անձանց առանց մեղադրանք առաջադրելու 3 ժամից ավել ոստիկանությունում պահելն է: Կարո՞ղ ենք ասել, որ դա ամենատարածված կոպիտ խախտումն է:
- Շնորհակալություն հրավերի համար: Այս բոլորը եղավ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, իսկ մինչ այդ տարածքում ոչ  մի ոստիկան չկար, քաղաքացիներին վրաերթի էին ենթարկում, ոստիկաններն անգամ խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը չէին ապահովվում: Դրանից հետո ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, սկսեցին քաղաքացիներին զանգվածային կերպով ապօրինի բռնության եւ բերման ենթարկել: Ականատես ենք եղել դեպքերի, երբ կարմիրբերետավորները վազում էին  ուղղակի մայթին կանգնած համալսարանի ուսանողների  հետեւից: Մեր կազմակերպությունը գրանցեց բազմաթիվ խախտումներ, ուսանողների նկատմամբ բռնություններ: Քանի որ ես այս օրերին անընդհատ ոստիկանական բաժիններում էի, խախտման առաջին դեպքը գրանցվեց Արաբկիրի ոստիկանական բաժնում, որտեղ քաղաքացիները պահվել էին 5 ժամ: Երբ մենք հասանք, վարչական վարույթն արդեն ավարտվել էր, փաստաթղթերը լրացվել էին, բայց քաղաքացիներին ազատ չէին արձակում. հրաման էր ստացվել, որ բոլոր բերման ենթարկվածներին հնարավորինս երկար պահեն: Իմ  գործընկերներն այլ բաժանմունքներում եւս հանդիպել են նման խախտումների՝ նույն պատճառաբանությամբ: Երբ իմ պաշտպանյալներին ազատ արձակեցին, նույնը կատարվեց նաեւ նրանց մոտ: Արաբկիրի բաժնում այսպիսի դեպք գրանցվեց. մենք չէինք կարողանում դուրս գալ ոստիկանական բաժնից, քանի որ պատճառաբանում էին, որ բանալին կորել է: Փաստորեն ե՛ւ մենք, ե՛ւ քաղաքացիները գտնվում էինք պատանդի կարգավիճակում: Առաջին օրերին խոչընդոտվում էր մեր փաստաբանական գործունեությունը: Երբ ճաղերը բացվեցին, ես եւ իմ գործընկեր Հայարփի Սարգսյանն արանքով մի կերպ մտել ենք Արաբկիրի ոստիկանական բաժին, այսինքն՝ ստիպված էինք անհնազանդություն դրսեւորել, քանի որ մեր պաշտպանյալներն ազատությունից ապօրինի զրկված էին: Բռնության բազմաթիվ դեպքերից ներկայացնեմ մի քանիսը. բերման ենթարկող կարմիրբերետավորները մի աղջկա մազերից եւ ոտքերից բռնել եւ մեքենայի մեջ էին գցել, մեքենայի մեջ փորձել էին մի տղայի նկատմամբ էլէկտրաշոկ կիրառել, Աբովյան փողոցում մեքենա էին կոտրում (դիտավորյալ ուրիշի գույքի վնասում), չհաշված այն դեպքը, երբ Կորյուն փողոցում «Բրաբուս»-ից  եւ երկու այլ մեքենաներից իջան «հաստավզերն» ու ոստիկանների ներկայությամբ ծեծի ենթարկեցին ուսանողներին: Ես որպես դիտորդ դեպքի վայրում էի եւ տեսնում էի, որ ոստիկանները որեւէ կերպ չէին միջամտում, միայն հավաքի մասնակիցներին էին բռնում կամ մի կողմ տանում: Նաեւ Էրեբունիում տեսանք, թե քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներն ինչպես էին ոստիկանների աչքի առջեւ փայտերով ծեծում քաղաքացիներին, եւ ոստիկանները կրկին ոչ մի  միջոց չէին ձեռնարկում: Եւ էլի բազմաթիվ նման դեպքեր:
- Այս վերջին օրինակներից ելնելով ո՞րն է շատ ավելի պատժելի արարք՝ ոստիկանների անգործությո՞ւնը, թե՞ բռնի ուժով մեքենա նստեցնելն ու բերման ենթարկելը: Ի՞նչ է նախատեսում օրենքը:
- Ըստ օրենքի՝ երբ ոստիկանները տեսնում են, որ հանցագործություն է կատարվում, պարտավոր են կանխել եւ հանցանք կատարող անձանց բերման ենթարկել, ապա քրեադատավարական կարգով գործին ընթացք տալ: Իսկ մենք ի՞նչ տեսանք՝ ոստիկանների աչքի առջեւ հանցագործություն էր տեղի ունենում եւ ոչ միայն չէր կանխվում, այլեւ հանցագործների հեռանալուց հետո կարմիրբերետավորները պատերի ետեւից դուրս էին գալիս եւ բռնի ուժով բերման ենթարկում խաղաղ հավաքի մասնակիցներին: Եւ օրենքի ամենակոպիտ խախտումն այն էր, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հավաքի մասնակիցներին ուժի գործադրմամբ բերման էին ենթարկում եւ նստեցնում առանց համարանիշի մեքենաները: Ի դեպ, ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանն ընդունեց, որ դրանք ոստիկաններ են, եւ որ դա օրենքի սահմաններում է: Բայց ինձ հետաքրքիր է՝ ո՞ր օրենքի սահմաններում է, որովհետեւ «Ոստիկանության մասին օրենք»-ով ոստիկանը գործողություններ կատարելիս պետք է կրի տարբերանշան. այսինքն՝ եթե համազգեստով չէ, պետք է թեւին կամ այլ տեսանելի վայրում փակցված լինի, որ նա ոստիկան է: Արձանագրեցինք նաեւ փաստեր, որ թեւ ոստիկանները համազգեստով էին էին, սակայն բոլորի տարբերանշաններն ու անուն-ազգանունները հանված էին (մենք նկարել ենք): Այսինքն՝ նրանք պետք է բռնություն գործադրեին եւ գործադրեցին առանց նույնականացման տվյալների, որպեսզի հետագայում չապացուցվեր, թե ով է եւ ինչ է արել:
- Օրենքում կա՞ նման կետ, որ ոստիկանը կարող է բերման ենթարկել ոչ ծառայողական  (մասնավոր կամ հասարակական)      ավտոմեքենայով, ինչը զանգվածային բնույթ էր կրում այս օրերին:
-  Օրենքում նման կետ չկա: Կարող է ոստիկանը տուն գնալու ճանապարհին տեսնի, որ հանցագործություն է կատարվում, գործողություն անի: Բայց երբ մեքենայի համարանիշն է հանված, այստեղ արդեն կա դիտավորություն, որ հետագայում չապացուցվի, չհիմնավորվի, թե ով ինչ գործողություն է կատարել: Իսկ հասարակական տրանսպորտը ոստիկաններն օգտագործում էին իրենց շահերի համար. վարորդներին հանում էին եւ այդ տրանսպորտով քաղաքացիներին բերման ենթարկում: Նման իրավունք չկա, ոստիկանը պետք է գործի օրենքի շրջանակներում: Իսկ նրանց կողմից կատարվածը օրենքի շրջանակներում չէր տեղավորվում. ի՞նչ է նշանակում քաղաքային տրանսպորտով քաղաքացիներին բերման ենթարկել ոստիկանական բաժիններ: Երբ գնում էինք ոստիկանական բաժին՝ հետաքրքրվելու մեր պաշտպանյալով, այնտեղ դիմակավորված եւ վահաններով կանգնած ոստիկանները որեւէ կերպ չէին արձագանքում: Այս օրերին պաշտպանյալներիս հանդիպելու  հարցում  ինձ շատ օգնեց ՄԻՊ աշխատակազմը: Բոլորին հիմնականում տանում էին նկուղային հարկ, մի 20 հոգու նստացնում էին սոված, ծարավ ու այդպես  պահում 5 ժամ: Երբ գնացի Շենգավիթի բաժին, այնտեղ 20 հոգի էին բերման ենթարկված, եւ ոչ իրավունք էր պարզաբանված, ոչ պարտականություն, ոչ դատավարական կարգավիճակ: Երբ ոստիկաններին խնդրում եմ թույլատրել պաշտպանյալիս հետ առանձնազրույց ունենալ, պատասխանում են. «Երբ նրանց հետ վարույթ սկսվի, այդ ժամանակ   կունենաք»: Այնինչ ես ցանկացած պահի իրավունք ունեմ նրանց հետ տեսակցել: Նույնիսկ ՄԻՊ աշխատակազմն էր զայրանում՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ոստիկանական բաժիններում. խոչընդոտվում էր փաստաբան-վստահորդ հարաբերությունները: Նույնը եւ ժամերի առումով. նրանք չէին ֆիքսում բերման ենթարկելու ժամը եւ չէին թողնում մատյանում նշել, թե որ ժամին են բաց թողել: Ես զանգում էի ՄԻՊ գրասենյակ, որտեղ արձանագրում էին, որ անձը 6 ժամ ապօրինի զրկված են եղել ազատությունից: Եւ այս վերջին արատավոր գործողությունները. հավաքի մասնակիցներին բերման էին ենթարկում, 3-4 ժամ պահում, հետո գործերը փոխանցում էին քննչական բաժին: Վերջին օրը բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ քննիչները ձերբակալման որոշումներ կայացրեցին, եւ Նիկոլ Փաշինյանի ազատումից հետո նոր բոլորին ազատ արձակեցին: Իսկ այս դեպքում քննիչները նրանց ազատությունից զրկել են ապօրինի՝ ձերբակալման հիմքերի բացակայության պայմաններում, երբ անձը խաղաղ հավաքի է մասնակցում: Եւ մեզ պատճառաբանում էին, որ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների եւ օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու հիմքով: Ես քննիչներին հարց էի ուղղում. «Հիմնավորեք, թե խոսքը որ օրվա զանգվածային անկարգությունների մասին է»: Պատասխանում էին. «Դե, ամսի 13-ից սկսած»: Ասում էի. «Կոնկրետ տեսանյութ ցույց տվեք, որտեղ ջարդեր, հրկիզումներ կամ այլ բռնի գործողություններ են կատարվում»: Ինձ  այդպես էլ հիմքերը չէին պարզաբանում, բայց քաղաքացիներին այդ հոդվածների հիմքով ձերբակալում էին: Բայց իրականում ո՞վ էր զանգվածային անկարգություններ, ջարդեր իրականացնում՝ ոստիկանության աշխատակիցները, կարմիրբերետավորները. բազմաթիվ մեքենաներ կոտրեցին, ջարդեցին կամ փորձ կատարեցին: Եւ երեւի քննիչներն ի նկատի ունեին հենց ոստիկանների կողմից կատարվող այդ ջարդերն ու բռնություններն այս օրերին: Մեր կազմակերպությունը ցանկացած լրատվամիջոցով, ուղիղ եթերով հետեւում եւ անմիջապես հաղորդումներ էր ներկայացնում: Իսկ գլխավոր դատախազությունում ոստիկանների գործողությունների հետ կապված մեր հաղորդումների վերաբերյալ մինչեւ հիմա որեւէ պատասխան չկա (տեսանյութերը կան): Մենք մեր կայքում 10-ից ավելի հաղորդումներ ենք ներկայացրել, որը տարածվել է լրատվամիջոցներում: Այսինքն՝ սա հիմք էր քրեական գործ հարուցելու եւ հանցանք կատարած ոստիկաններին անհապաղ ձերբակալելու եւ կալանավորելու համար: Բայց հակառակն էր տեղի ունենում՝ խաղաղ հավաքի մասնակիցներն էին ձերբակալվում: Իմ պաշտպանյալներից Տիգրան Մազմանյանը ապօրինաբար ձերբակալվեց, ապա կալանավորվեց, եւ կալանավորեց այն դատավորը՝ Արթուր Մկրտչյանը, ով «Հաց բերողին» էր կալանավորել: Եւ այս  ամենը տարիներ շարունակ կատարվում է այս համակարգի գործողությունների հետեւանքով: Եւ ես հույս ունեմ, որ Երբ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, այս ամենն իսկապես կփոխվի, եւ հիմնականում՝ դատական համակարգը:
- Ով էլ գա իշխանության, պետք է առաջին բարեփոխումը սկսի ուժային կառույցներից եւ դատական համակարգից:
- Եթե մենք անկախ դատական համակարգ չունեցանք, որեւէ արդյունք չենք ունենա:
- Իրականում եւ իմ ընկերները, եւ դուք՝ փաստաբաններդ շատ ահռելի գործ կատարեցիք, ինչի համար, վստահ եմ, ըստ արժանվույն կգնահատվեք: Այն բոլոր ապօրինությունները, որ մենք տեսնում ենք կադրերում, մեր աչքի առաջ՝ արձանագրեցինք, նաեւ նոր բաներ եղան, որ նախկինում չկային: Իսկ ոստիկանական բաժանմունքներում  տեղի ունեցող ի՞նչ «նորամուծություններ» կային, որ նախորդ անգամ  (ՊՊԾ գունդ, Բաղրամյան պողոտա) չէիք հանդիպել:
- Հիմնականում փորձում էին բերման ենթարկված կամ ազատությունից ապօրինի զրկված անձանց հասակը չափել, նրանց մատնահետքը վերցնել եւ լուսանկարվել: Սա նորամուծություն էր, որը չէր բխում  օրենքի եւ վարչական վարույթի համաչափությունից, երբեւիցե նման գործողություններ չէին կատարվել,: Առանց անձին հարցնելու ոստիկանը գալիս կանգնում էր եւ սկսում  նկարել: Այսինքն՝ եթե անձը չէր ցանկանում լուսանկարվել, նրան բաց չէին թողնում: Նման մի դեպք եղավ նաեւ իմ պաշտպանյալի հետ: Նկարում էին, որ նկարներն ունենան եւ հետագայում, իմ կարծիքով, ճնշումներ գործադրեն, նույնիսկ ուսանողների վրա՝ նրանց լուսանկարներն ուղարկելով համալսարան, որպես շարժման ակտիվ մասնակից: Գտնում եմ, որ  նաեւ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից սա ապօրինի ձեռքբերված տեղեկատվություն է: Բայց հիմնականում ոստիկանական բաժիններում նման վերաբերմունք չէր լինում, ինչ որ անում էին՝ անում էին բերման ենթարկելու ընթացքում: Եւ ընդհանրապես ոչ իրավունք էր պարզաբանվում, ոչ պարտականություն, չէր նշվում բերման ենթարկած ոստիկանի կոչումը: Հետաքննիչներն էլ ասում էին՝ մենք ի՞նչ անենք: Բայց հետաքննիչը, եթե վարույթ է իրականացնում, պարտավոր է օրենքի սահմաններում գործել: Ես պահանջեցի այդտեղ հրավիրել իմ պաշտպանյալին բերման ենթարկած ոստիկանին, որպեսզի որոշ հարցեր ուղղեմ նրան (այդ իրավունքը ես ունեմ), բայց մերժեցին: Այս օրերին ոստիկանները ոչ մի գործողություն չիրականացրեցին օրենքի սահմաններում: Սա ոչնչով չէր տարբերվում հուլիսյան դեպքերից, ուժն ավելի քան բիրտ էր: Եւ մի կարեւոր հանգամանք եւս՝ խաղաղ հանրահավաքի մասնակիցների մեջ մտնում էին դիմակավորված ոստիկաններ, որոնց կողմից էլ բռնության ենթարկվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Բուլղադարյանը: Կարելի է ասել, որ ոստիկաններն առաջնորդվում են հետեւյալ բանաձեւով՝ ում ուզենք, ինչպես ուզենք կծեծենք, կջարդենք, տեսախցիկ կոչնչացնենք. միեւնույն է, մենք չգիտենք, թե ովքեր են թաքնված այդ դիմակների ետեւում:
- Ես լսել եմ, որ ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին համոզում էին հրաժարվել փաստաբանից:
- Այո, դա էլ է տեղի ունեցել:
- Իսկ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազա՞տ են արձակվել, հարուցված գործեր չկա՞ն:
- Այո, բոլորն ազատ են արձակվել, սակայն հարուցված գործեր կան՝ զանգվածային անկարգություններ՝ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, Դավիթ Սանասարյանի նկատմամբ կիրառվեց ստորագրությամբ ազատ արձակելը, բայց վերջին րոպեին մեղադրանք առաջադրվեց: Այսինքն՝ քրեական գործեր, մեղադրանքներ  (օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնել, զանգվածային անկարգություններ) կան, բայց հավաքի մասնակիցները՝  կազմակերպիչները, ավելի ակտիվություն դրսեւորած քաղաքացիներն ազատության մեջ են: Պատճառաբանում էին նաեւ, որ փողոցներ են փակել, որը խուլիգանական գործողություն է: ԵԴ բազմաթիվ նախադեպեր ունի, երբ հավաքն օրենքի խախտմամբ է անցկացվում, բայց կրում է խաղաղ բնույթ, ոստիկանությունը պարտավոր է աջակցել:
- Որովհետեւ դա իրավունք է, որ ցանկացած օրենքից վերադաս է: Մենք նախորդ հաղորդմանը Զարուհի Մեժլումյանի հետ պարզեցինք (նաեւ Ձեզ հետ ենք անդրադարձել), որ այս իրավունքը վեր է ամեն ինչից, նույնիսկ իմ ազատ տեղաշարժը ստորադասվում է խաղաղ հավաք անցկացնելու իրավունքին: Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին բերման ենթարկելու պրոցեսն ինչքանո՞վ էր տեղավորվում օրենքի մեջ, չնայած որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բերման չեն ենթարկել, այլ առեւանգել են:
- Իրապես տեսանք, որ Նիկոլ Փաշինյանին խաբեությամբ ինչ-որ մեքենայի մոտ տարան եւ իսկապես, իրավաբանական տերմինալոգիայով, դա բերման ենթարկել չէր, առեւանգում էր: Ոչ ոք տեղյակ չէր, թե նա որ բաժանմունքում է. մեկ ասում էին Էրեբունու բաժնում է, մեկ՝ Սեւանում: Այդպես կարող էին տանել նաեւ Մեղրի կամ մեկ այլ ավելի հեռու վայր, որ քաղաքացիները նրա գտնվելու տեղը չիմանային, անգամ նրա փաստաբաններն ու կինը չգիտեին: Տեսանք, թե Լեւոն Երանոսյանն ինչ հայհոյանքներ էր տալիս ԱԺ պատգամավոր  Սասուն Միքայելյանին (նման գործողություններ պրն. Երանոսյանն իրականացնում էր նաեւ հուլիսյան դեպքերի ժամանակ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ): Էրեբունի թաղամասում օրենքի խախտմամբ հատուկ միջոցներ կիրառեցին. նրանց պետք էր, որ քաղաքացիները վնասվածքներ ստանային, խառնաշփոթ սկսվեր, եւ իրենք կարողանային երեք պատգամավորներին առեւանգել: Այստեղ հատկանշական է, որ նրանք ԱԺ պատգամավոր էին, անձեռնմխելի, առանց ԱԺ թույլտվության չպետք է խուզարկվեին, զննվեին եւ ձերբակալվեին: Սակայն օրենքի խախտմամբ դա տեղի ունեցավ, նրանք առեւանգվեցին եւ պահվեցին պատանդի կարգավիճակում:
- Կա՞ հնարավորություն, ատյաններ, ՄԻԵԴ-ից բացի, ուժային կառույցներին գոնե ամենաակնհայտ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու:
- Մենք պետք է փորձենք: Մեր վստահորդների, շահառուների նկատմամբ այդպես վարվող ոստիկանները չպետք է լինեն համակարգում, պետք է ազատությունից զրկվեն, քանի որ նրանք հասարակության համար վտանգավոր են, կատարում էին հանցագործություններ: Դատախազությունը պետք է ներկայացված հանցագործություններին իրավական գնահատական տա, եւ հանցագործություն կատարած անձինք պետք է անհապաղ կալանավորվեն, ոչ թե խաղաղ հավաքի մասնակիցները: Իսկ եթե մենք այստեղ արդարության չհասնենք, այս գործերը (բազմաթիվ խոշտանգումներ, դաժան վերաբերմունք հավաքի մասնակիցների նկատմամբ, մինչեւ հիմա հիվանդներ են գտնվում Էրեբունի ԲԿ-ում) անպայման կուղարկենք ՄԻԵԴ: Մենք պետք է պարտադիր պայքարենք այդ անձանց իրավունքների համար: Մեծ հույսեր ունեմ, որ այս ամենը դրական լուծում կստանա, իսկապես կփոխվի, եւ մենք արդար ընտրությունների  միջոցով կունենանք այն իշխանությունը, որն իսկապես կփոխի Հայաստանը, կունենանք նոր Հայաստան, որտեղ գերակա կլինի մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:
      - Շնորհակալություն հրավերն ընդունելու, նաեւ այս ծանր օրերին ահռելի աշխատանք կատարելու համար: Այսքանը, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը: Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Loading...