Երկու օր առաջ մենք բոլորս ուղիղ եթերում հետևում էինք, թե ինչպես են Մասիսի քաղաքապետի եղբայրն ու իր ընկերները բռնություն կիրառում խաղաղ հավաք իրականացնող ուսանողների նկատմամբ: Ոստիկանները, որոնց գործառույթը, ըստ օրենքի, խաղաղ հավաք իրականացնողների անվտանգության ապահովումն է, ոչ միայն չկանխեցին ծեծկռտուքը, այլև գործ չհարուցեցին: Զուգահեռ իրականությունում ոստիկանական բաժանմունքներ են տարվում ու օրենքով նախատեսված ժամանակից ավելի երկար պահվում խաղաղ հավաքի մասնակիցներ՝ զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով:
Պետական համակարգն ինքն է օրենք խախտում ու իրավունք ոտնահարում: Օրինակ, քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, երբ մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանում գնացքը կանգառ չի կատարում՝ հավատ չներշնչող պատճառաբանությամբ: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը Երևնում վերջին օրերին իրականացվող խաղաղ հավաքների ու դրանց ընթացքում ոստիկանության գործողությունների մասին է:
-Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Տաղավարում այսօր հյուրընկալել եմ «Հետք» ինտերնետային թերթի լրագրող, իրավաբան, «Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ նախագահ Զարուհի Մեժլումյանին: Բարեւ Ձեզ:
-Բարեւ հարգելի Սաթեն:
-Մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին նախապես ասեմ, որ հաղորդումը մենք ձայնագրում ենք ապրիլի 17-ին: Այսօր խոսելու ենք խաղաղ հավաքների իրավունքի մասին, քանի որ Երեւանը դարձյալ լարված վիճակում է, հավաքներ են տեղի ունենում, եւ եթե որեւէ իրավիճակ փոխվի՝ հաշվի առեք, որ մենք սա նախապես ենք ձայնագրել, իսկ եթերը նախատեսվում է ապրիլի 18-ին: Խաղաղ հավաքների անցկացման իրավունքը մի կետից եմ ուզում սկսել, ինչն այս օրերին տարբեր մարդկանց կողմից շատ շահարկվում է. եթե մի կողմից կա խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունք, ապա մյուս կողմից կա ազատ տեղաշարժվելու իրավունք, եւ մարդիկ նույնիսկ ազատ կարող են բողոքել, որ խախտված է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը: Հստակեցնենք, թե ըստ օրենքի իրավունքի ո՞րն է այստեղ գերակա:
-Մեր պետությունը 2001 թ. միացել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային (ՄԻԵԿ) եւ արդեն շուրջ 17 տարի մենք ունենք պարտավորություններ: ՄԻԵԿ 11-րդ հոդվածը հստակ սահմանում է այն հիմնարար իրավունքը, որը կոչվում է խաղաղ հավաքների ազատության իրավունք: Ճիշտ նշեցիք՝ այստեղ գերակայության խնդիր կա: Իրավաբաններն այստեղ պետք է քննարկեն երկու չափանիշ՝ համաչափության եւ ժողովրդավար հասարակությունում անհրաժեշտության խնդիրը. այս երկու պարամետրերի շուրջ պետք է ընթանա ամբողջ բանավեճը: Եւ ԵԴ բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի նաեւ ընդդեմ ՀՀ-ի, նշեմ Գայանե Աշուղյանի գործը. Գայանե Աշուղյանը 2003թ. մասնակցել էր (դեժավյու է) խաղաղ հավաքների՝ ընտրություններից հետո, եւ խախտվել էին նրա իրավունքները: ԵԴ գտավ, որ մեր պետությունը խախտել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը, եւ հստակ չափորոշիչ սահմանված էր համաչափության խնդիրը, այսինքն՝ հիմնական իրավունքի սահմանափակումը պետք է լինի համաչափ՝ հետապնդվող նպատակին եւ անհրաժեշտ՝ ժողովրդավարական հանրապետությունում: Այս ձեւակերպումը դուրս է եկել մեր Սահմանադրությունից, բայց ինչպես գիտեն բոլոր իրավաբանները՝ ՄԻԵԿ Կոնվենցիան ավելի գերակա է, քան մեր Սահմանադրությունը: Այնպես որ այստեղ խոսել՝ մեկն աշխատանքից ուշացավ, մեկը՝ դպրոցից, կներեք, բայց սրանք ստորադաս իրավունքներ են, կարող են նման անհարմարություններ պատճառվել, բայց գերական այստեղ հանրային բողոքն է: ԵԴ իր բոլոր որոշումներում հստակորեն սահմանել է սա:
-Սա շատ կարեւոր կետ էր, որն ուզեցի հենց սկզբից առանձնացնենք, որպեսզի այս մասով այլեւս հարցեր չառաջանան՝ մարդկանց խաղաղ հավաք իրականացնելու իրավունքը գերակա է, իսկ դժգոհություններն օրենքի սահմաններում չեն եւ կարող են մնալ ուղղակի որպես դժգոհություն: Ինչո՞ւ ենք այսօր ուզում խոսել այս մասին, որովհետեւ վերջին տարիներին, ինչպես Դուք ասեցիք՝ դեժավյուի նման, մեզ մոտ անընդհատ այս հավաքներն են, եւ կարծես թե ոստիկանության գործողություններն են նույնը, թե աշխարհագրորեն նույն տարածքն է: Այս անգամ առաջին 1-2 օրը ոստիկանության կողմից մենք տեսնում ենք բոլորովին այլ գործելակերպ, ինչը չի կարելի համեմատել Բաղրամյանի կամ Խորենացու դեպքերի հետ: Այս անգամ ի՞նչ առանձնահատկություն կա ուժային կառույցների գործողություններում, ինչը նախորդ դեպքերի ժամանակ չէինք տեսնում, եւ դեժավյուն այս անգամ չի գործում:
-Թերեւս սկսեմ 1996-ից (ես այդ ժամանակ 2-րդ կուրսի ուսանող էի). նորից պառլամենտական, նախագահական ընտրություններ էին: Այն ժամանակ հանգիստ թույլ տվեցին մոտենալ ԱԺ շենքին. ոստիկանությունը դրամաշնորհային ծրագրերով փշալարեր եւ այսպիսի հզոր սպառազինություններով չէր ապահովվել (ես կասկածում եմ, թե սահմանին զինվորն ունի նման սպառազինություն): Մոտեցանք ԱԺ շենքին, կրակոցներ հնչեցին դեպի վեր, որեւէ քաղաքացի չէր տուժել. ցուցարարները մտել էին ԱԺ շենք, տուժել էին միայն մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը: Գնալով ոստիկանական գործողությունները կատարելագործվեցին, եւ խաղաղ ցուցարարներն ու հանրահավաքի մասնակիցները պետք է որ հարմարվեին այս իրավիճակին: Այսօր ինչ տեսնում ենք՝ դեռեւս փորձված չէ. այս տարերային, խմբային պայքարը դեժավյու չի հիշեցնում, սա նոր է. փորձել ոստիկանական ուժերին շրջանցել, մանեւրել, մետրո փակել (այսօր հայտարարվեց, որ Բաղրամյան կայարանում կանգառ չի լինելու): Այն, ինչ ոստիկանների կողմից տեղի ունեցավ 2008-ին, հասարակությունը սթրեսի եւ բաց վերքի պես մինչեւ օրս զգում է իր մաշկի վրա, այսօր էլ այդ վախերը, մտահոգությունները կան: Երեկ մենք տեսանք, որ ցուցարարները բաց ձեռքերով գնացին, բայց արդյունքում 46 տուժող ունեցանք, որոնցից 6-ը՝ ոստիկան եւ 40-ը՝ հավաքի մասնակից: Որպես իրավաբանական կրթություն ունեցող մարդ ես սա անհամաչափ ուժ եմ գնահատում եւ չեմ բացառում, որ այս 40 անձինք շուտով կդառնան կասկածյալ, կունենան մեղադրյալի կարգավիճակ, եւ ամիսներ անց մենք կսկսենք լուսաբանել նրանց դատական նիստերը: Վեց ոստիկանը տուժածի կարգավիճակից կստանան տուժողի կարգավիճակ եւ դատարանում ցուցմունքներ կտան: Այս հավաքների, ընդվզման պատճառը հենց անարդարությունն է, որը քաղաքացին զգում է արդեն օդի մեջ կախված եւ տեսնում պետական մարմինների հետ իր ամենօրյա շփումներում: Ի՞նչ է արդարությունը, օրենքը, իրավունքը. դրանք խաղի կանոններ են, որոնք պետք է հավասարապես գործեն համակեցության բոլոր ոլորտներում, եւ քաղաքացին դա պետք է զգա եւ դրա կրողը լինի: Դա իրավունքների եւ պարտականությունների համամասնաբար բաշխումն է. երեկ մենք ուղիղ եթերում տեսանք, թե ինչպես օրը ցերեկով մեր, ոստիկանների աչքի առաջ Մասիսի քաղաքապետի եղբայրն իր շրջապատի հետ բռնություն էր կիրառում ուսանողների նկատմամբ: Ոչ տեղում կանխվեց, ոչ էլ այդպես արագ քրեական գործ հարուցվեց՝ ո՛չ խուլիգանության, ո՛չ ծեծի հատկանիշներով, Տեսնում ենք, որ համարժեք արձագանք չեղավ, բայց փոխարենն արդեն իսկ հարուցված են քրեական գործեր զանգվածային անկարգությունների հոդվածով: Եւ ես չեմ կասկածում, որ ուսանողները կստանան կասկածյալի, հետագայում՝ նաեւ մեղադրյալի (եւ չեմ բացառում՝ նաեւ ամբաստանյալի, հետագայում՝ դատապարտյալի) կարգավիճակ, որն օրենքի առջեւ ոչ բոլորի հավասարության խնդիր է բերում: Սա սահմանադրական սկզբունք է՝ պետք է հստակորեն ընդգծենք, բայց այս սահմանադրական սկզբունքը, որը ցուցիչն է իրավական պետության (ես այլ ցուցիչ գոնե չեմ ճանաչում), չի աշխատում: Հենց սրա դեմ է ընդվզում է քաղաքացին:
-Այսօր՝ ապրիլի 17-ին, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու եւ վարչական խախտումներ կատարելու կասկածանքով 14 ուսանող է բերման ենթարկվել: Ի՞նչ օրինական պահանջ կարող է ներկայացնել ոստիկանը խաղաղ հավաքի մասնակցին:
-ԵԴ դա եւս ֆիքսել է. Գայանե Աշուղյանը (ես նշում եմ, որովհետեւ դա մեր գործն էր՝ կայացված ընդդեմ Հայաստանի). վարչական իրավախախտման է ենթարկվել, եթե չեմ սխալվում՝ այն ժամանակ 1500 դրամ: Սա ուղղակի աբսուրդ է. խաղաղ հավաքի մասնակից է, ունի իր հիմնարար իրավունքն իրացնելու, խաղաղ անհնազանդության իրավունք, որն ամրագրված է միջազգային չափանիշներով, եւ բոլոր օրենքները պետք է բխեն այդ իրավունքներից: Եթե օրենքը չի իրացնում մարդու իրավունքը, ուրեմն այդ օրենքը պետք է չլինի: Այստեղ վկայակոչել մերկապարանոց օրենք՝ ես համարում եմ սխալ. պետք է վկայակոչել անձի իրավունքը եւ այն սահմանափակելու իրավաչափ, համաչափ եւ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ սահմանափակումները:
-Մենք խոսեցինք այսօր մետրոյի՝ կանգառ չանելու մասին: Արդյոք սա մեր ազատ տեղաշարժի իրավունքը չի՞ սահմանափակում, ո՞ւմ որոշումով դա կարող է տեղի ունենալ:
-Օրենքը գործում է ընտրովի. եթե դու իշխանության հետ առնչություն ունես, հովանավորյալ ես՝ կարող ես խախտել օրենք եւ մնալ անպատիժ, անգամ երբ քո խախտումը հաստատող 100 ապացույց լինի: Բայց երբ դու ուսանող ես, շարքային քաղաքացի, կարող են խախտվել քո իրավունքները, եւ պետությունն այդտեղ որեւէ պատասխանատվություն չկրի: Այստեղ գալիս է ուժի իրավունքը, որը մենք հաղթահարել ենք դեռեւս հազարամյակներ առաջ. Հին Հռոմից սկսած մենք փորձում ենք հաղթահարել ուժի իրավունքը եւ ստեղծել ուղղակի մարդու իրավունք:
-Հիմա նորից իմ աշխատանքի գալու եւ տեղաշարժի իրավունքների մասին. իմ ճանապարհին խոչընդոտ է եղել ոչ թե խաղաղ հավաք իրականացնող ուսանողը, քաղաքացին, այլ՝ պատնեշի հետեւում կանգնած ոստիկանները, եւ որեւէ մեկն ինձ չի բացատրում, թե ինչպես կարող եմ աշխատավայր հասնել, եթե փողոցը չորս կողմից փակ է: Արդյոք ոստիկանը չի՞ խախտում իմ ազատ տեղաշարժի իրավունքը: Ես կարողացել եմ անցնել բոլոր այն փողոցները, որոնք հավաքի մասնակիցներն են փակել, բայց չեմ կարողացել անցնել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը, որովհետեւ այնտեղ ոստիկանական շարասյուն էր կանգնած: Ուզում եմ հասկանալ, արդյոք խախտվե՞լ է տեղաշարժի իրավունքը, եւ այդ պահին որը պետք է լինի քաղաքացու գործողությունները:
-Ձեզ կարող են ասել. «Դուք կարող եք անցնել, բայց այնտեղ կա փշալար, անվտանգության խնդիր»: Իրենք վկայակոչում են, որ այնտեղ կա հանրային անվտանգության խնդիր, բայց որեւէ կերպ չեն մատնանշում, քաղաքացուն չեն ուղղորդում, թե ինչպես տեղաշարժվել եւ անվտանգ հասնել Ա կետից Բ կետը: Բայց եթե այս սահմանափակումները պետության կողմից են, կարող են ունենալ նաեւ նշված խախտումները՝ ազատ տեղաշարժի խախտում պետության ներկայացուցչի կողմից, այսինքն՝ այդ սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ եւ համարժեք լինի կիրառված սահմանափակմանը եւ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինի: Դուք հանգիստ կարող եք դիմել ԵԴ եւ փոխհատուցում պահանջել տեղաշարժման իրավունքի հետ կապված, եթե գտնում եք, որ այն խախտվել է: Արդեն պետության խնդիրն է. նա պետք է ԵԴ-ում ապացուցի, որ դա եղել է իրավաչափ, համաչափ եւ անհրաժեշտ ժողովրդավարական պետությունում: Բազմաթիվ դեպքերով (ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նոր ժողովրդավարացող երկրներում) կիրառվել են այս բնույթի իրավունքի խախտումներ, եւ ԵԴ ճանաչել է 11-րդ հոդվածի խախտումը (Մակեդոնիա, Հունգարիա, Թուրքիա), 80-90-ական թվականներին նախադեպեր կան նաեւ Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության մասով: Բայց իրավունքը զարգանում է, եւ հիմա ժողովրդավար, զարգացած առաջադեմ եւրոպական պետությունները, որոնք ունեն լավագույն փորձն, այս տեսանկյունից, կարծում եմ, չեն ունենա 11-րդ հոդվածի խախտումներ (եթե նույնիսկ ունենան, ապա 1-2-ը):
-2015թ. Բաղրամյանի դեպքերի («Էլեկտրիկ Երեւան») ժամանակ ե՛ւ մեր իրավաբաններն ու իրավապաշտպանները, ե՛ւ միջազգային կառույցները որպես մարդու իրավունքների շատ ակնհայտ խախտում անդրադառնում էին նաեւ լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը (տեխնիկան վերցնել, ջարդել). մի բան, որ մինչ այդ նման մասշտաբի չէր հասել: Այս հավաքների ժամանակ ի՞նչը կառանձնացնեք, որի աճի չափերով (խախտումներ կամ այլ) բացասական, գուցե եւ դրական, տենդենց եք նկատում:
-Ոստիկանությունը տառացիորեն մի քանի ժամ առաջ, թերեւս զգուշացման նպատակով, տարածել է հայտարարություն՝ լրագրողներին հորդորելով ողջամիտ տարածության վրա գտնվել հանրահավաքի մասնակիցներից եւ կազմակերպիչներից: «Սասնա Ծռեր»-ի՝ ՊՊԾ գնդի գրավման եւ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ լրագրողները թիրախավորված էին. սա ակնհայտ էր եւ նույնիսկ զեկույցներում տեղ գտավ: Այսօր թիրախավորված չեն, բայց էլի Factor.am կայքի օպերատորն էր տուժել, եւ տեխնիկան. այդ մասով ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ կա նաեւ այս գործողությանը: Սա աննախադեպ՝ բաց ձեռքերով ակցիա է, երբ բոլորը բարձրացրել են ձեռքերի ափերը եւ ցույց են տալիս, որ ոչինչ չունեն, անզեն են, սա պարզապես քաղաքացիական անհնազանդություն է եւ զանգվածային անկարգության հետ աղերս չունի: Թերեւս միայն մեր երկրում այսպիսի փայլուն երիտասարդներ կան, որոք կարող են զանգվածային քայլել եւ որեւէ մեկին վնաս չպատճառել: Որեւէ քրեական հանցագործության մասին խոսելն այստեղ ավելորդ է, եւ վկայակոչել Քրեական օրենսգրքի այսինչ հոդվածը կամ տառը, կարծում եմ անիմաստ է: Այնուամենայնիվ ասում, գրում են, որ երեկ ոստիկանությունը կիրառել է բավականին վտանգավոր լուսաձայնային «Զարյա» նռնակներ, որի արդյունքում ունենք 46 տուժած (նաեւ ոստիկանության շարքերում):
-Ես լսում էի մասնագետների կարծիքը. ասում էին, որ պարզապես սխալ է կրակվում (2008թ. ի վեր), հիմա մի քիչ ավելի լավ, բայց էլի՝ սխալ, դրա օգտագործման տեխնիկային չեն տիրապետում:
-Զարմանալի է, որովհետեւ ոստիկանական ուժերը վերապատրաստելու նպատակով դրամաշնորհային մեծ-մեծ ծրագրեր են իրականացվում, եւ կարծում եմ, որ այս տարիների ընթացքում պետք է որ տիրապետեին, թե ինչպես անեն, որ այդքան քաղաքացիներ չտուժեն (բարեբախտաբար այնտեղ գտնված երեխաներից չեն տուժել) :
-Անդրադառնանք նաեւ ցուցարարների մուտքին Հանրային ռադիո. այստեղ քրեական հանցակազմ գտան, ինչի արդյունքում երկու հոգի (այս պահին անուները նշված չեն) բերման են ենթարկվել: Ինձ համար անհասկանալի է, թե այդքան մարդու միջից ինչպես են հենց երկու հոգու առանձնացրել, ինչպես է ընտրությունը կատարվել, եւ արդյոք ցուցարարների այս գործողություններում կա՞ քրեական տարրեր:
-Ես նորից եմ շեշտում, որ այստեղ կարեւորը իրավունքի իրացումն է: Քաղաքացիական անհնազանդությունը, այո՛, կարող է ունենալ քրեական տարրեր. մարդիկ մտնեն հանրային որեւէ տարածք, ուսումնական հաստատություն (հատուկ նշանակության օբյեկտներ, որոնք պահպանվում են պետության կողմից) բայց եւ այնպես մուտքը խաղաղ էր, դուռն էր վնասվել: Դա հանրային միջոցներով կառուցված շենք է եւ, բնականաբար, հանրային միջոցներ եւս կհատկացվեն վերանորոգման համար, թեպետ կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը պատրաստակամ է փոխհատուցել: Մենք պետք է հստակեցնենք, տարանջատենք մի բան՝ իրավունք եւ օրենք: Այն օրենքը, որը չի բխում իրավունքից, չի իրացնում իրավունքի աշխատունակությունը, գործունակությունը, դա ուղղակի ձեւական փաթեթավորում է: Օրենքի տառ եւ օրենքի ոգի՝ սրանք տարբեր բաներ են: Օրենքը եւ իրավունքը մեռած հասկացություններ չեն, հասարակությունների հետ զարգանում են, շատ սահուն համակերպվում կյանքի փոփոխություններին եւ ստանում նոր նախադեպերի, իրավունքի զարգացման տեսք: Այնպես որ մենք մեռած լեզվի մասին չենք խոսում, այլ՝ հասարակական հարաբերությունների, իրավահարաբերությունների:
-Այսինքն՝ մենք կարող ենք բացառապես խոսել խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի մասին, մնացած ամեն ինչ ձեւական է ու առանց բովանդակության: Ոստիկաններն էլ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար են, այլ գործառույթ չունեն, այո՞:
-Ոստիկանները կարող են վկայակոչել «Ոստիկանության մասին», «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքները, որում նախատեսվում են նաեւ սահմանափակումներ, բայց մենք պետք է խոսենք Սահմանադրությունից եւ էլ ավելի բարձր իրավական ուժ ունեցող Մարդու իրավունքների Եւրոպական կոնվենցիայից, այսինքն՝ ի՞նչ են ասում միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է մեր պետությունը: Նրանք հստակ ասում են. «Այդ իրավունքը պետք է սահմանափակվի միայն ու միայն համաչափորեն կիրառված նպատակին եւ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
-Ձեր մտահոգությունը, թե այդ տուժած 46-ից առնվազն 40-ը տուժողի փոխարեն չեն դառնա մեղադրյալ (մեր իրականության տրամաբանության մեջ ենք ասում), հուսամ, անտեղի է, այդ սցենարը չի լինի: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Մեկ անգամ եւս մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ ձայնագրությունը կատարել ենք ապրիլի 17-ին: Իհարկե, որոշակի փոփոխություններ ու զարգացումներ կլինեն, քանի որ այս պահին էլ Երեւանի փողոցները շատ մարդաշատ են, որոշ տեղերում՝ բավականին լարված, փորձ է արվում հերթով պարալիզացնել ու շրջապատել պետական կառույցները: Այսքանը «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Տաղավարում այսօր հյուրընկալել էի «Հետք» ինտերնետային թերթի լրագրող, իրավաբան, «Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ նախագահ Զարուհի Մեժլումյանին: Շնորհակալություն:
-Ես էլ եմ շնորհակալ եմ:
-Կհանդիպենք: