12:59   08-09-2021
Օպերային թատրոնը 89-րդ թատերաշրջանի մեկնարկը կնվիրի ՀՀ անկախության 30- ամյակին
Թողնել մեկնաբանություն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 89-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Գայանե» բալետային ներկայացմամբ՝ այն նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանը, Րաֆֆի Գալստայնը, Ռազմիկ Մարուքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը,  Գարեգին Բաբելյանը:

Դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է: «Գայանե» բալետային ներկայացման բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն է, նկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը Ռուբինէ Հովհաննիսյանն է, փորձավարներն են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, Էմմա Նահապետյանը, Հրաչյա Հովհաննիսյանը և Արթուր Գրիգորյանը:

«Գայանեն» հայկական ազգային առաջին բալետն է՝ չորս գործողությամբ: Հեղինակն Արամ Խաչատրյանն է, լիբրետոն՝  Կոնստանտին Դերժավինի։

Բալետն ի սկզբանե կոչվել է «Ուրախություն»: Հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանեի»։ Առաջին բեմադրությունը կայացել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:

Loading...