12:52   14-09-2021
ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կա երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդևյանը, Լիանա Հակոբյանն ու Հրաչ Այվազյանը: Թեկնածուներին ներկայացնում է  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Ջհանգիրյանին՝ ներողություն խնդրելով, որ հարցը չի վերաբերելու թեկնածուին:

«Ուզում եմ ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ  լուրերի մասին, որոնք  պտտվում են Ձեր այսօրվա գործունեության մասին, որ դուք դատական իշխանությունը դարձրել եք «գրպանային  իշխանություն» ու  բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները  սկսել վճիռներ կայացնել»,-ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանը հարցին ի պատասխան նշեց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ  ձախ հատվածի, ոչ  էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

«Ես իրավունք չունեմ, ես պետք է ձեռնպահ  մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք  կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում ու ես  պարտավոր եմ դրան պատասխանել:  ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ, մենք, տիկին Թովմասյան , նաև հեռախոսով ենք խոսել, կալանավորներից մեկը, չեմ ուզում անունը ասել, Ձեզ ասել է, որ ես ճնշել եմ  դատավորին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն: Ինքս երկրորդ նախագահի ժամանակ , այնուհետև՝  նաև երրորդ նախագահի ժամանակ հանիրավի անցկացրել եմ բանտում , ես արդարացվել եմ 12 տարի անց,  ու իմ իրավունքների խախտումը  ճանաչել է նաև Եվրոպական դատարանը, ու ես չեմ պատկերացնում , թե ինչպես ես կարող եմ ճնշել  դատավորներին, որ ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի  դատապարտված մարդիկ»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

 

Loading...