15:52   14-09-2021
Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա
Թողնել մեկնաբանություն

Վերահաստատելով հարաբերությունների աճող դինամիկան՝ Հայաստանն ու Սլովակիան ինտենսիվացնում են համատեղ աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը նշեց, որ իր դոկտրինը համագործակցության առկա ներուժը լավագույնս օգտագործելն է:

«Կասկած չկա, որ համագործակցության մեծ ներուժ գոյություն ունի Հայաստանի ու Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ: Առևտրային ցուցանիշներում աճ, իհարկե, գրանցվել է, սակայն մենք պետք է գերազանցենք այդ արդյունքները: Հայերն ու սլովակները ակնկալում են շոշափելի արդյունքներ: Էներգետիկայի ոլորտը շատ խոստումնալից է համագործակցության տեսանկյունից: Սլովակիայի մեկ ընկերություն այժմ բանակցում է իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում: Կան նաև համագործակցության հնարավորություններ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության ոլորտներում: Մենք կխթանենք սլովակներին գալ այս գեղեցիկ երկիր և հայերին՝ այցելել Սլովակիա»,- ասաց Իվան Կորչոկը:  

Սլովակիայի ԱԳ նախարարը նշեց, որ, որպես ԵՄ երկիր, Սլովակիան խրախուսում ու սատարում է Հայաստանին կառուցվածքային բարեփոխումները շարունակելու հարցում:

Ճեպազրույցի ավարտին Իվան Կորչոկը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեց առաջին իսկ հնարավորության դեպքում Սլովակիա այցելելու հրավեր:

Loading...