14:09   16-09-2021
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև լարվածության թուլացմանը: Այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պետական սահմանի դելիմիտացիայի, հաղորդակցության ուղիների բացման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հարցերի շուրջ:

Տոյվո Կլաարը Բաքվում կրկին հիշեցրել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման և բարեկեցության դիրքերից, կողմնակից է և պատրաստ է այդ գործում համապատասխան աջակցություն տրամադրել:

Հիշեցնենք, որ նախքան Բաքու այցելելը Եվրամիության ներկայացուցիչը եղել էր Երևանում և հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:

Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ եվրոպացի բանագնացը մեկնել էր Երասխ, որի մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել:

«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտում եմ լավ այցելությունը Հայաստան: Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը՝ բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան», – գրել է Կլաարը:

Ի դեպ, Տոյվո Կլաարն այս անգամ հանդիպումներ է ունեցել միայն Հայաստանի ղեկավարության հետ: Նախկինում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պաշտոնական հանդիպումներ էր անցկացնում նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, սակայն Արցախի արտգործնախարարի հետ ապրիլին տեղի ունեցած հանդիպումից հետո Բաքուն բողոք էր ներկայացրել Եվրամիության ղեկավարությանը՝ նշելով, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Loading...