10:59   17-09-2021
Image Description
ՀՀ վարչապետն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

 Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության  գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

Loading...