17:22   17-09-2021
Image Description
Ղուկասավան գյուղում բացվեց ՏՏ մասնագիտական կենտրոն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ղուկասավան գյուղում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը, «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հիմնադիր Սամվել Մովսիսյանը, Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ահարոնյանը, Ղուկասավան գյուղի ՏՏ մասնագիտական կենտրոնի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը, և այլոք, ներառյալ՝ հարակից համայնքների միջնակարգ դպրոցների տնօրենները և ՏՏ կենտրոնի ապագա սաները:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի և շրջակա համայնքների` աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում` գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն: Ճապոնիայի կառավարությունն աջակցել է շենքի կառուցման և վերջինս ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ, վերջինս մշակել է ծրագրի գաղափարը և կենտրոնն ապահովելու է նշանակալից կրթական ծրագրով:

Դեսպան Ֆուկուշիմային ուսանողները դիմավորել են ավանդական ընդունելության արարողությամբ` աղ ու հացով:

Դեսպանը հանդես է եկել հայերեն՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով, և այսօրվա ուսանողները հնարավորություն կունենան որակյալ կրթություն ստանալ և դառնալ ՏՏ ոլորտի փայլուն մասնագետներ:

Ելույթ են ունեցել նաև տիկին Ահարոնյանը, տիկին Խաչատրյանը և պարոն Մովսիսյանը՝ նշելով, որ սա երկար սպասված և պատմական օր էր համայնքի համար, քանի որ ծրագիրը մեծ հնարավորություն է երիտասարդների ապագայի համար և նպաստելու է Արարատի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը։

Loading...