17:28   17-09-2021
Երկիր հայրենի. Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանը կնշվի առաջնախաղով
Թողնել մեկնաբանություն

 Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ստեղծագործության հիման վրա բեմադրված առաջնախաղով: Բեմադրության հեղինակը ռեժիսոր Վահե Շահվերդյանն է: Հաջորդող օրերի լինելու է ևս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշեց, որ հոբելյանական միամսյակը գերհագեցած ծրագիր է ունենալու:

«Միամսյակի շրջանակում անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու մեր թատրոնի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի բացումն արվելու է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի ներկայացմամբ՝ մեկնելով հյուրախաղի Ալավերդի»,- ասաց Լուսինե Սահակյանը: Հոկտեմբերից թատրոնը կհյուրընկալվի մայրաքաղաքում և ամսի 12-16-ը Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա հյուրախաղերով: Բեմում կլինեն «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է արծաթե հուշամեդալի թողարկում:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը բոլոր ժամանակներում ունեցել է ստեղծագործական ակտիվ դրսևորումներ: Նա նկատեց, որ թատրոնը կարողացել է լուծել դերասանական սերունդների խնդիրը և այդ առումով այն առավելություն ունի: Այսօր յուրաքանչյուր պիես բեմադրելիս ընդգրկվում են տարբեր սերունդների արտիստներ՝ դերասանական համերաշխությամբ ձևավորելով արժեքներ: 

«Երբ խոսում ենք մարզային թատրոնների մասին, մենք չենք էլ պատկերացնում դրանց առաքելությունն ու նշանակությունը: Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին: Ուրախ եմ, որ թատրոնը պարբերաբար խիզախումներ ունի, և ես հորդորում եմ, որ այդ միտումներն ակտիվ լինեն: Ժամանակին առաջարկել եմ թատրոն հրավիրվեն տարբեր ռեժիսորներ: Թատրոնները պետք է դավանեն մշտապես գործող այն գաղափարը, որ դրանք ազատ հարթակ են, դռները բաց են այլ ռեժիսորների, տաղանդավոր մարդկանց առաջ»,- հավելեց Արա Խզմալյանը:

Loading...