14:39   18-09-2021
Վերակառուցվում է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը. Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին
Թողնել մեկնաբանություն

Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է։


Loading...