17:48   20-09-2021
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսության․ վարչապետի խոսնակը՝ ТАСС-ին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի պաշտոնյաների հետ: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Վարչապետը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում խոսել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումները: Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում չի եղել՝ չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների։ Նման արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և ամենաբարձր մակարդակի հանդիպումների», – ասել է նա:

Գործակալությունը հիշեցնում է, որ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն փոխանցել է Փաշինյանի հանդիպման առաջարկը՝ հավելելով, որ դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:

ТАСС-ը հավելում է, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ իր թիմը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բացել սահմանները և ապաշրջափակել հաղորդակցությունները: Ըստ Փաշինյանի՝ այս քայլը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին:

Loading...