09:57   13-10-2021
Սոցապ նախարարությունը հատկացրել է ավելի քան 10 մլն 800 հազար դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով Երևանում շարունակում է տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով` նախարարությունը 2021 թ․ համար հատկացրել է ավելի քան 10 մլն 800 հազար դրամ։
 
Ծրագրի շրջանակում ապահովվում է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքն ու սպասարկումը․ ծառայությունները տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:
 
Տրամադրվող ծառայությունները ներառում են՝
 
Խորհրդատվական օգնություն շահառուին և նրա ընտանիքին,
 
Հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն,
 
Անհատական հոգեբանական օգնություն, որը կնպաստի շահառուի հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, ինքնատիրապետման ունակության զարգացմանը,
 
Աշխատանքային թերապիա, արտերապիա՝ շահառուի ցանկությամբ,
 
Շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն։
 
Երևանում վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է «Խնամք» հասարակական կազմակերպության միջոցով։

Loading...