16:13   13-10-2021
Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique – Hôpitaux de Paris» (AP-HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրային բաղադրիչները:

Կողմերը քննարկել են առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հարցում ֆրանսիական փորձը կիրառելու հնարավորությունները, իսկ «AP–HP» գլխավոր տնօրեն Մարտեն Իրշը ներկայացրել է Ֆրանսիայի բժշկական ապահովագրության համակարգի առանձնահատկությունները:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ առաջիկա բարեփոխումները պետք է ուղեկցվեն առողջապահական ծառայությունների որակի հավաստագրման համակարգի ներդրմամբ և մասնագետների շարունակական վերապատրաստմամբ:

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրին` կարևորելով հայ մասնագետներին վերապատրաստելու և քաղցկեղի դեմ պայքարում ֆրանսիական հեղինակավոր հիվանդանոցների փորձը կիրառելու հնարավորությունները:

Քննարկված հարցերին ինստիտուցիոնալ ուժ հաղորդելու համար առողջապահության նախարարության և «АP-HP»-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

Loading...