19:49   13-10-2021
Image Description
Պատվաստումը այն կանխարգելիչ միջոցառումն է, որը դուրս կհանի մեզ համավարակից. առողջապահության նախարար
Թողնել մեկնաբանություն

Պատվաստումը և դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանելը այն միջոցներն են, որոնք պետք է, ի վերջո, դուրս հանեն բնակչությանը կորոնավիրուսի համավարակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովից հետո լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   

Հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այն խնդիրը, որ հիվանդանոցներում մահճակալներն արդեն չեն բավականացնում հիվանդներին հոսպիտալացնելու համար, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է, որ տվյալ պահին 2600 մահճակալ արդեն զբաղված է, սակայն խնդիրը ոչ միայն մահճակալային ֆոնդի, այլև բուժանձնակազմի ռեսուրսի սահմանափակ լինելն է:

«Մենք պիտի հասկանանք, որ խոսքը միայն մահճակալների մասին չէ, այլ նաև բուժանձնակազմի: Մենք պիտի հասկանանք, որ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս հիվանդացության ալիքը հնարավորինս մեղմենք: Ի՞նչ պիտի անենք: Պիտի դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանենք: Ոչինչ չարժեցող, փոքր գործողություն է, որը կարող է ձեր կողքը կանգնած մեկի կյանքը փրկել: Սա՝ առաջինը: Երկրորդը, իհարկե, պատվաստումներն են: Պատվաստումը այն միջոցն է, այն կարևոր, կանխարգելիչ միջոցառումն է, որը պիտի, ի վերջո, դուրս հանի մեզ այս համավարակից», - ընդգծել է նախարար Ավանեսյանը:

Նախարարը նշել է, որ տվյալ պահին չի կարող ասել՝ որքանով է ավելացվելու մահճակալային ֆոնդը: Ավանեսյանի խոսքով՝ պետք է, նախ, պարզել, թե ո՞ր հիվանդանոցներում ո՞ր բաժանմունքներն են կարողանում ազատել իրենց մահճակալները ընթացիկ այլ հիվանդությունների սպասարկումից և դրանք հատկացնել COVID-19-ով հիվանդներին:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում իրավիճակը բավական լարված է: Մասնավորապես՝ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Մեկ օրում կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 217 նոր դեպք: Ունենք 521 առողջացած, 28 մահվան դեպք:


Loading...