16:45   14-10-2021
Արցախի ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց, թե պատերազմի ընթացքում ինչ մշակութային արժեքներ են տարհանվել
Թողնել մեկնաբանություն

 Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը պարզաբանեց, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության ինչ նմուշներ են հասցրել տարհանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Հոկտեմբերի 19-ին տարհանումներ եղել են, տարհանել ենք Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ֆոնդը, որովհետև շենքը վթարային է, եթե մոտ տարածքում որևէ հրթիռ ընկներ, ապա այդ շենքն ամբողջության կփլուզվեր: Նախապատվությունն այդ պահին տվել ենք այդ թանգարանին նրա համար, որ շենքը վթարային էր»,- ասաց նախարարը:

Ղարախանյանն այդ օրը հեռախոսով զրուցել է նաև Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի, Շուշիի պատմության թանգարանի տնօրենի հետ, ասել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տարհանում են կազմակերպում: Նախարարի խոսքով՝ Գորգերի թանգարանի տնօրենը սկզբում չի համաձայնել, ասել է, որ Շուշիում ապահով է, սակայն հետո տարհանվել է գորգերի էքսպոզիցիան. հոկտեմբերի 30-ին Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը զանգել է և ցանկություն հայտնել տարհանել թանգարանը: Տարհանվել են նաև Քաշաթաղի շրջանի Գերենի դամբարանադաշտի ցուցանմուշները, Տիգրանակերտի թանգարանը:

Ղարախանյանը շեշտեց՝ ոչ մեկը թող չխոսի արժեքներ նվիրելու մասին՝ ընդունելով, սակայն, որ թերացում, խուճապ եղել է: Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ տնօրենը խնամքով փաթեթավորել և ռմբապաստարաններում թաքցրել էր ամենաարժեքավոր ցուցանմուշները:

«Բայց հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մենք մտածեցինք, որ իրական վտանգ կա, շատ խիստ վտանգավոր էր այնտեղ մարդ ուղարկելը: Այսինքն՝ մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր: Խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել գորգերը: Հետո մենք տարհանել ենք Բերձորի պատմաերկրագիտական թանգարանն ամբողջությամբ, Շահումյանի և Քաշաթաղի շրջանի հիշատակության արժանի խաչքարերը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ պատերազմից սերտ համագործակցում են ՄԻՊ-ի և ԱԳՆ-ի հետ, հղել են ամենակարևոր նամակները միջազգային հայտնի հեղինակավոր կառույցներին: «Կարծում եմ՝ վերջերս ԵԽԽՎ-ի բանաձևում ֆիքսված ալբանացման մասին, Դադիվանքի մասին, Նախիջևանի մասին, խաչքարերի հիշատակությունը հաջողություն է: Իհարկե, բանաձևում որպես վրիպում կա «Ղզնչի» և «Շուշա» բառերը: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ վրիպակները մաքրվեն բանաձևից»,- ասաց Ղարախանյանը:

Արցախի մշակութային ժառանգությունը անձնագրավորված է: Հայկական կողմն այդ ամենն ունի՝ վիդեոների, լուսանկարների տարբերակով: «Մեր բոլոր հուշարձաններն անձնագրավորված ունենք: Եվ մենք պայքարելու ենք»,- վստահեցրեց նախարարը:

Loading...