10:56   15-10-2021
Image Description
Կենսաբանության միջազգային օլիմպիադան 2022-ին կանցկացվի Հայաստանում
Թողնել մեկնաբանություն

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան 2022-ին Հայաստանում անցկացնելու կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:

Ըստ աղբյուրի՝ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել. «Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որ անցկացվելու է Հայաստանում, և բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար: Հույս ունեմ՝ լավ մեկնարկ կլինի հաջորդիվ այլ օլիմպիադաներ ևս Հայաստանում անցկացնելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական, անցկացման, բովանդակային հարցեր: Կազմկոմիտեի անդամները տեղեկացրել են, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և վստահ են՝ օլիմպիադան կկայանա բարձր մակարդակով:

«Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են, որ այս օրերին հասցրել են սիրել Հայաստանը՝ որպես պատմամշակութային օջախ»,- հայտնում են նախարարությունից։


Loading...